Լրահոս
Օրվա լրահոսը

Դասագրքերում կին գրողները տղամարդ գրողների ստվերում են

Դեկտեմբեր 24,2018 17:58

Ի՞նչ է առաջինը ձեր մտքին գալիս բանաստեղծ, գրող բառերը լսելիս: Չարե՞նց, Տերյա՞ն, Պարույր Սևա՞կ, Համո Սահյա՞ն, Ավետիք Իսահակյա՞ն: Ամեն դեպքում, «Հայ գրականություն» դասագրքերից ձեզ ծանոթ անունների մեծամասնությունը կհիշեք: Բայց… Ո՞ւր են կանայք: Լավ, իսկ եթե հարցը փոխենք: Քանի՞ հայ կին գրողի գիտեք, ծանո՞թ եք նրանց ստեղծագործություններին և աշխատանքներին: Առնվազն երկուսին պետք է որ իմանաք՝ Սիլվա Կապուտիկյան և Մարո Մարգարյան: Ինչո՞ւ հենց այս երկուսին. միայն նրանք և նրանց աշխատանքներն են ներառված «Հայ գրականություն» դասագրքերում:

Պայմանավորվա՞ծ է այս արդյոք հայ կնոջ պասիվությամբ, գենդերային կարծրատիպերով, թե՞ իսկապես հայ կինը դարեր շարունակ անտաղանդ է եղել, այդ պատճառով էլ մտավորականների, հրապարակախոսների և վերջապես գրողների մեծամասնությունը տղամարդիկ են: Մենք չենք կարող հերքել, որ գրող տղամարդիկ իրենց քանակով գերազանցում են կանանց, բայց դա գենդերային կարծրատիպերի hետևանքն է: Սակայն մենք ունենք նաև կին գրողներ, ովքեր չեն զիջում իրենց արվեստով՝ Զապել Եսայան, Սրբուհի Տյուսաբ, և ներառված չեն դասագրքերում: Սրբուհի Տյուսաբի անունը ներառված չէ ոչ միայն դպրոցական ուսումնական ծրագրում, այլև բուհերի մասնագիտական ֆակուլտետներում: Բայց ամեն դեպքում, հենց այնպես չեն անվանել նրան «հայոց Ժորժ Սանդ»:

Սրբուհի Տյուսաբը կոչ էր անում հայ կանանց ջարդել բոլոր կարծրատիպերն ու վախերը, գործի անցնել և ապրել արժանապատիվ, անկախ և ողջ կարողությունները լիուլի գործի դնելով: Միաժամանակ նա գիտակցում էր, որ «գրականության ասպարեզը կնոջ համար ավելի շատ տատասկներ ունի, քան վարդեր»: Սրբուհի Տյուսաբը տալիս է այն հարցի պատասխանը, թե ինչու են կին գրողները առավել քիչ և դասագրքերում նրանց քիչ ընդգրկվելու պատճառներից մեկը: Բայց չէ՞ որ դասագրքերը բացի գիտելիքի աղբյուր լինելուց, նաև հասարակական, սոցիալական նորմեր և արժեքներ են վերահաստատում: Հետևաբար դասագրքերը պետք է լինեն գենդերային զգայուն:

Նշենք, որ հայաստանյան իրականությունում դպրոցական կրթությունը դասագրքակենտրոն է: Ըստ դասագրքի կարևորության մասին հարցման արդյունքների՝ աշակերտների 58,9 % -ը նշել է, որ իրենց համար միակ գիտելիքի աղբյուրը դասագիրքն է, միայն 3,1% -ն է պատասխանել, որ իրենք գիտելիք են ստանում նաև այլ աղբյուրներից: Այս փաստը ապացուցում է այն, որ դասագրքերը մեծ նշանակություն և դեր ունեն հասարակությունում: Ստացվում է, որ դրանց ուսերին ավելի մեծ պատասխանատվություն է դրված, քան միայն գիտելիքի աղբյուր լինելը: Ուսումնասիրենք «Հայ գրականություն» դասագրքերի կառուցվածքը; Դրանք բաղկացած են առանձին գլուխներից՝ նվիրված որևէ հեղինակի, և այնպիսի գլուխներից, որոնք բնութագրում են տվյալ ժամանակաշրջանի գրական ուղղությունները, միտումները և կրթական հաստատությունները: Բայց այս պատկերը չի գործում կին գրողների դեպքում: Նրանց առանձին գլուխներ նվիրված չեն:

Դասագրքերում կին գրողների ներգրավվածության մասին խոսեցինք հայոց լեզվի և հայ գրականության ուսուցչուհի Ալիսա Ղալթախսազյանի հետ: Նա պարզաբանեց երևույթն այլ տեսանկյունից, նշելով, որ՝ ասել թե գենդերային խտրականություն կա դասագրքերում, սխալ է: Ըստ նրա՝ կին գրողները շատ քիչ են հայկական գրականությունում, որի պատճառը տվյալ ժամանակաշրջանում ընդունված նորմերն ու կարծրատիպերն են: Ուստի շատ քիչ են այնպիսի կին գրողները, որոնց աշխատանքները կարող ենք համարել դասականության մակարդակի: Իսկ դասագրքում ներգրավվում են ստեղծագործությունները և հեղինակները, ոչ թե այն սկզբունքով, որ գրողը կին է կամ տղամարդ, այլ հաշվի են առնվում դրանց դասականությունը և մնայունությունը:

«Ուսումնական ծրագրի շրջանակներում անցնում ենք Սիլվա Կապուտիկյան, Մարո Մարգարյան: Գրողներ Ռազմիկ Դավոյանի, Վահագն Դավթյանի հետ միասին անցնում ենք նաև սփյուռքահայ գրող Ալիսա Կիրակոսյանի ստեղծագործությունները, որոնք ես շատ եմ սիրում»,- իր խոսքն ամփոփեց տիկին Ղալթախսազյանը:

Ինչպես նշեց ուսուցչուհին, դասագրքերում տեղ են գտնում այն աշխատանքները, որոնք տեղավորվում են դասականություն եզրույթի մեջ: Այսինքն` համարվում են որպես գեղագիտական արժեք ունեցող ստեղծագործություններ և արտացոլում են տվյալ ժամանակաշրջանում տիրող մթնոլորտը, արժեհամակարգը, մշակութային, քաղաքական ընկալումներն ու մոտեցումները: Բայց ովքե՞ր են սահմանում այդ համակարգերը և չափորոշիչները:

Կանանց ստեղծագործությունները արժևորվում են տղամարդկանց կողմից, նրանց ստեղծած սկզբունքների և չափորոշիչների միջոցով: Գենդերային կողմնապահության կանխման գործում բարելավումներ արձանագրվել են, հատկապես ամերիկյան եւ արևմտաեվրոպական դասագրքերում սկսած 1980-ականներից, սակայն հիմնարար մոտեցումը կանանց` որպես հեղինակների և նրանց ստեղծագործությունների նկատմամբ չի փոխվել : Բայց ի՞նչ քայլեր են առաջարկվում կին գրողներին դասագրքերում ընդգրկելու համար: Այս հարցի շուրջ իր լուծումներն ու քայլերն է առաջարկել Հասմիկ Խալափյանը իր «Ավագ դպրոցի գրականության դասագրքերում կին գրողների ընդգրկումը» զեկույցում: Ըստ նրա՝ պետք է համագործակցել ԿԳ նախարարության հետ՝ աչքի առաջ ունենալով միջազգային փորձը, կազմակերպել հանդիպումներ ուսուցիչների հետ՝ նրանց ևս ծանոթացնելով այս խնդրին, ինչպես նաև ուսուցիչներին ներառել բարեփոխումների ծրագրում: Որպես հոդվածի ամփոփում արժե հիշել Զապել Եսայանին, որը հավատում էր, թե գրականությունը միայն զարդարանք չէ, այլև միջոց է սոցիալական հավասարության հասնելու:

 Սառա ՀԱՐՈւԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31