Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Դավթյանը կասկած ունի, որ Մանվել Գրիգորյանը, ազատ լինելով, պատշաճ վարքագիծ չի ունենա. Դատախազի զրույցը՝ ցուցարարների հետ

Դեկտեմբեր 24,2018 17:46

Այսօր արդարադատության նախարարության, դատախազության մոտ Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշման դեմ բողոքի ցույցի մասնակիցները պահանջում էին, որ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հանդիպի իրենց հետ: Դատախազությունից սկզբում ասացին, որ գլխավոր դատախազը զբաղված է ու չի կարող ցույցի նախաձեռնողների հետ հանդիպել: Ավելի ուշ դատախազության հատկապես կարեւոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչության պետ Վահագն Մուրադյանը տեղեկացրեց. «Դատարանի որոշումը ստացել ենք, որոշման հետ համաձայն չենք, բողոքը գրում ենք, այսօր մուտք ենք անելու: Քանի որ այսպիսի իրավիճակ է, մենք դրա համար այսքան շուտ բողոք ենք ներկայացնում»:

Ցուցարարներին հետաքրքրում էր՝ տոներից հետո՞ է դատական նիստի օրը նշանակվելու՝ Մուրադյանը պատասխանեց. «Չեմ կարծում այդպիսի բան կլինի, կարծում եմ, մինչեւ Նոր տարի այս հարցը կլուծվի»:

Ցուցարարները բղավում էին՝ «Դուք չեք դատի՝ մենք կդատենք»:

Ջիվան Աբրահամյան եւ Հայկազ Մակարյան

Հետո ցույցի մասնակիցները որոշեցին, որ ոչ մի քայլ չեն անի, մինչեւ Արթուր Դավթյանն անձամբ չիջնի ու իրենց պահանջը չլսի: Ավելին՝ նախաձեռնողներից մեկը՝ Ջիվան Աբրահամյանն ասաց՝ 20 րոպե ժամանակ ենք տալիս Արթուր Դավթյանին, Էջմիածնում խմբեր կան, որոնք պատրաստ են Էջմիածնի բոլոր մայրուղիները, փողոցները փակելու. «20 րոպե հետո ստիպված եք լինելու հասնել Էջմիածին»: Իրավաբան Հայկազ Մակարյանն էլ ասաց. «Եթե վարչապետը իջնում է, մեզ լսում է, դատախազը պետք է որ իջնի, վարչապետից բարձր չլինի»:

Րոպեներ անց Արթուր Դավթյանն իջավ ու դատախազության մուտքի մոտ հանդիպեց ցուցարարներին: Նա ասաց. «Մենք դիրքորոշումների տարբերություն չունենք, հարգելիներս: Մենք պատրաստում ենք բողոքը ու ամեն ինչ անելու ենք, որ այսօր բողոքը մուտք արվի Վերաքննիչ դատարան»: Թե երբ կնշանակվի նիստը ու բողոքը կքննարկվի՝ գլխավոր դատախազն ասաց, որ դա օրենքն է կարգավորում ու Վերաքննիչը առաջին ատյանի դատական ակտի ստուգումն իրականացնում է նյութերը ստանալու օրվանից 3 օրվա ընթացքում. «Մեր բողոքը ներկայացնող դատախազները կմասնակցեն նիստին, մեր հիմնավորումները կներկայացվի, մնացածը կտեսնեք»:

Լրագրողները հետաքրքրվեցին, թե ի՞նչ հիմքով է առաջին ատյանի դատավորը գրավի դիմաց ազատ արձակել Մանվել Գրիգորյանին՝ Արթուր Դավթյանը պատասխանեց, որ հիմնավորել է հիվանդությամբ. «Տեսել է կալանքի հիմքեր, բայց գտել է, որ գրավը կարող է տվյալ իրավիճակում փոխարինել կալանքին, որի հետ մենք համաձայն չենք: Գտնում ենք, որ նրա հիվանդություններն այնպիսին չէին, որ անհամատեղելի լինեն կալանքի հետ»: Հարցին՝ այսինքն, քաղցկեղը, շաքարային դիաբետը համարում եք համատեղելի՞ կալանքի հետ՝ Արթուր Դավթյանը պատասխանեց. «Այն հիվանդությունները, որոնցով տառապում է մեղադրյալը, որպեսզի համատեղելիությունը պարզվի, նշանակված է փորձաքննություն, այդ փորձաքննության եզրակացությունը դեռեւս չկա»:

Ցուցարարները հարցրեցին՝ հնարավո՞ր է վերաքննիչը, հաշվի առնելով հանրային պահանջը, ավելի արագ գործը քննի, քանի որ մարդիկ չեն ուզում հանդուրժել Նոր տարուն Մանվել Գրիգորյանի՝ ազատության մեջ գտնվելը՝ Դավթյանը պատասխանեց, որ դատարանը անկախ է ու դատարանի նկատմամբ ցանկացած ազդեցություն ընդունելի չէ: Նա նշեց, որ հնչեղ գործերի դեպքում դատարանը կարող է արագացնել գործընթացը, բայց դրանք իրավական գործընթացներ են. «Մենք դրա հիմքերն ու անհրաժեշտությունը տեսնում ենք, որ այդ ակտի օրինականությունը ստուգվի որքան հնարավոր է արագ: Մենք տեսնում ենք, որ ազատության մեջ լինելով՝ օրենքով պահանջվող պատշաճ վարքագիծ կարող է չապահովի, մենք դա կանխատեսում ենք, դրա համար էլ գնում ենք»:

Ցուցարարները հետաքրքրվեցին՝ առաջին ատյանի այդ դատավորը, որը Մանվել Գրիգորյանին ազատ արձակելու որոշումն էր կայացրել, հնարավո՞ր է կաշառված լիներ ու նախկին ռեժիմի հրահանգները կատարեր՝ Արթուր Դավթյանը պատասխանեց՝ «Դատարանի վարքագծին գնահատական տալու առումով ես պարզաբանեցի, իր վարքագիծը դրսեւորվել է իր ակտում, այդ ակտը մենք բողոքարկում ենք»:

Ցուցարարները շարժվեցին դեպի Վերաքննիչ դատարան:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31