Լրահոս
Օրվա լրահոսը

«Փաստերն աղավաղում են․ Մանվել Գրիգորյանն ընդամենը իմ հոր զինակիցն ընկերն է եղել, ոչ ավելի»․ Էջմիածնի փոխքաղաքապետ

Դեկտեմբեր 24,2018 17:37

Էջմիածնում Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու պահանջով բողոքի ցույց կազմակերպածներից մեկն իր ելույթում անդրադարձել էր Էջմիածնի փոխքաղաքապետ, «Իմ քայլը» դաշինքի վարկանիշային ընտրակարգով պատգամավոր ընտրված Արգիշտի Մեխակյանին՝ հայտարարելով, որ նա իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի փոփոխության դեմ ոտքի կանգնած մարդիկ թավշյա հեղափոխության հետ կապ չունեն:

Բանախոսը նորընտիր պատգամավորին հորդորել էր․ «Դուք իրավունք չունեք խառնվել այս քաղաքացիական անհնազանդությանը, կապ չունի` դուք որ ուժն եք ներկայացնում: Ընտրվել եք`գլուխներդ կախ ծառայեք ժողովրդին: Այս քաղաքացիները ենթարկվել են միայն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Դուք էլ, ես չգիտեմ, ժողովուրդն է խոսում՝ Մանվելի հետ քավոր-սանիկ եք, ինչ եք»։

Այս թեմայի շուրջ Aravot.am-ին պարզաբանումներ ներկայացրեց Արգիշտի Մեխակյանը՝ նշելով, որ ինքը ֆեյսբուքյան էջում ոչ մի գրառում չի կատարել, ընդամենը հարցազրույց է տվել 24 news.am-ին, որտեղ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե Մանվել Գրիգորյանի դեմ փողոցում գտնվողները նույն հեղափոխության մասնակիցնե՞րն են, ասել է․ «Կան և հեղափոխության ակունքներում կանգնած մարդիկ, և մարդիկ, որոնք, այսպես ասած, շատ ակտիվ չեն եղել հեղափոխության օրերին։ Նրանք իրենց ուղերձն են հղում՝ մերժում են դատարանի որոշումը»։

Արգիշտի Մեխակյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իր խոսքերն աղավաղել են, ավելին` իրականության հետ բացարձակապես կապ չունեցող հայտարարություն են արել, թե ինքը Մանվել Գրիգորյանի հետ քավոր- սանիկական հարաբերությունների մեջ է։

«Մանվել Գրիգորյանն ընդամենը իմ հոր զինակից ընկերն է եղել մարտի դաշտում, ոչ ավելի։ Ես ցավում եմ, որ խաղաղ ցույցերը, որոնք ի սկզբանե ինչ պահանջ, որ ունեին, դրանց կոնտեքստը փոխվում է ու իրականության հետ բացարձակ կապ չունեցող շահարկումներ են անում։ Նման խոսակցություններ փորձեցին շրջանառել նաև նախընտրական շրջանում, այդ լուրերը համապատասխան հերքումներ են ստացել։ Նման շահարկումներով պետք չէ ժողովրդին մոլորության մեջ գցել, ժողովուրդն ավելի իմաստուն է, իմ տարիների գործունեությունը եղել է բաց և թափանցիկ, ինձ ճանաչողները շատ լավ գիտեն սա»,-ասաց Էջմիածնի փոխքաղաքապետը։

Aravot.am-ի այն հարցին, թե իրո՞ք վտանգ կա, որ Մանվել Գրիգորյանն, ազատության մեջ գտնվելով, կոնֆլիկտներ կհրահրի Էջմիածին քաղաքում․ բողոքավորները պնդում են, որ գրավի դիմաց ազատ արձակվելու օրը նրա շրջապատի մարդիկ արդեն իսկ իրենց լավ չեն պահել, Արգիշտի Մեխակյանը պատասխանեց․ «Հավաստի տվյալներ չունեմ, սակայն, ըստ շրջանառվող լուրերի, Մանվել Գրիգորյանին ազատելու օրը իրենց պատկանող մի քանի մեքենաներ արագ են վարել, այսպես ասած՝ ճռռացնելով, շամպայն բացելով, բայց դա քաղաքացիների կողմից շատ արագ արձագանքի է արժանացել, և նրանք, կոպիտ ասած, վտարվել են այդ տարածքից»։

Մեր հաջորդ հարցին՝ իր կարծիքով ո՞րը կլինի այս հարցի օպտիմալ լուծումը, Արգիշտի Մեխակյանը պատասխանեց․ «Հարցի լուծումը բացառապես իրավական համակարգում է, գլխավոր դատախազը հայտարարել է, որ առաջին ատյանի դատարանի որոշումը կբողոքարկի Վերաքննիչ դատարան։ Առաջին ատյանի դատարանի որոշումն իրապես ցնցեց ամբողջ Հայաստանին, մասնավորապես Էջմիածնին, դա իրոք շատ անսպասելի էր մեզ համար, մանավանդ նախատոնական այս օրերին»։

Այսինքն՝ քաղաքացիները դադարեցնե՞ն իրենց բողոքի ցույցերը՝ սպասելով դատախազի բողոքարկմանը, Էջմիածնի փոխքաղաքապետն ասաց․ «Խաղաղ բողոքի ցույցեր անցկացնելը կամ բողոքները դադարեցնելը քաղաքացիների իրավունքն է, մենք այդ հարցը նույնիսկ չենք քննարկում կամ կոչերով հանդես գանք, թե արժի մարդկանց ասել դադարեցնել, թե ոչ, համապատասխան մարմինները կարձագանքեն։ Դա երևի թե ոստիկանությունն է, որն ամբողջ ընթացքում ուղեկցում է ցուցարարներին, իրենց գործառույթների մեջ են և օրենքին համապատասխան՝ ապահովում են խաղաղ ցույցի մասնակիցների անվտանգությունը»։

Հարցին՝ մարդիկ մտավախությո՞ւն ունեն, որ Մանվել Գրիգորյանի ազատ արձակմամբ թավշյա հեղափոխության արդյունքում Էջմիածնում ձեռք բերվածը կկորցնեն, մեր զրուցակիցը պատասխանեց․ «Միգուցե, բայց կոնկրետ ես նման մտահոգություն չունեմ, հիմա օրենքի իշխանություն է , օրենքն է գերակայում և անկախ անձից՝ ով կլինի, ցանկացած հակաօրինական արարք համապատասխան արձագանք կստանա։ Բայց, իհարկե, ժողովրդի մոտ կարող են լինել մտահոգություններ, որովհետև տարիներ շարունակ Էջմիածնում մարդիկ շատ ճնշված են ապրել, շատ վատ մթնոլորտում»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Լուսանկարը՝ Արգիշտի Մեխակյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31