Օրերս «Բուկինիստում» տեղի ունեցավ «Հայաստանը՝ ծանոթ և անծանոթ» պատկերազարդ հանրագիտարանի և «Շառլ Ազնավուր. դարի երգիչ» ժողովածուի շնորհանդեսը: Գրքերը հրատարակել է «Արեգ» հրատարակչությունը: Շնորհանդեսին բացման խոսքով հանդես եկավ Ազնավուրի մասին գրքի թարգմանիչներից Սամվել Գասպարյանը: Նա փաստեց, որ Ազնավուրի մասին գիրքը հրաշալի է ընդունվել:
«Հայաստանը՝ ծանոթ և անծանոթ» գրքին դեռևս շատերը ծանոթ չեն, քանի որ ընդամենը 10-15 օրինակ է վաճառվել: Պետք է նշեմ , որ երկուսի ձեւավորումներն էլ շատ հաջողված են, որոնց հեղինակը Արթուր Հարությունյանն է»,- ասաց Սամվել Գասպարյանը:
«Շառլ Ազնավուր. դարի երգիչ »-ը Ազնավուրի երգերի ու բանաստեղծությունների չորրորդ ժողովածուն է, որտեղ ամփոփված են նրա երեք թարգմանիչների` Աբրահամ Ալիքյանի, Սամվել Գասպարյանի և Պերճ Թյուրաբյանի ավելի քան 60 երգերի թարգմանությունները, որոնք ուղեկցվում են ֆրանսերեն տեքստերով: Գիրքը սկսվում է թարգմանիչ և գրող Կարպիս Սուրենյանի` դեռևս անցյալ դարի 60-ական թվականներին գրված էսսեով: Գրքում տեղ են գտել նաև Ազնավուրի` տարբեր տարիների գրած ինքնակենսագրական վեպերից քաղված փոքրիկ պատառիկներ, որոնց օգնությամբ փորձ է արվել ընթերցողին ներկայացնել մեր հայրենակցի մարդկային բնութագրի որոշ կողմերը: Գրքի խմբագիրն է Անահիտ Դաշտենցը:
«Հայաստանը` ծանոթ և անծանոթ» գրքում ընդգրկված են ավելի քան 300 լուսանկարներ, որոնց շարքում են կանադահայ լուսանկարիչ Հրայր Բազեի գործերը: Գրքի 160 էջերում բովանդակալից և սեղմ ձևով ներկայացված է ոչ միայն հայ ժողովրդի դարավոր պատմությունը, ինչպես նաև ՀՀ տարածքի գրեթե բոլոր կարևոր, և քիչ հայտնի հնավայրերը (Մեծամոր, Շենգավիթ, Կարմիր բլուր, Էրեբունի, Օձաբերդ, Տիրինկատար, Գառնի), վիշապաքարերն ու կիկլոպյան ամրոցները: Այս գրքի մասին իրենց կարծիքը հայտնեցին ներկաները :
Երկու գրքերն էլ լույս են տեսել Մշակույթի նախարարության պատվերով :
Արևիկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ