Լրահոս
Օրվա լրահոսը

Ընթանում է նախկին համակարգի քանդման գործընթաց, սակայն քաոսային կերպով. Արթուր Ղազինյան

Դեկտեմբեր 24,2018 22:00

«Քաղաքական ընդդիմությունը ինքնանպատակ չպետք է լինի, այլ պետք է հիմնված լինի հակադրվող տեսլականների, գաղափարախոսությունների, ծրագրերի եւ ռազմավարությունների վրա: Իսկ մեր քաղաքական համակարգը 30 տարի սովոր է եղել անձին ընդդիմություն լինել եւ անընդհատ ու հետեւողական քննադատելու արդյունքում հավաքել քաղաքական կապիտալ եւ վարկանիշ: Այսպիսի ընդդիմության վառ օրինակ է հենց ինքը` Փաշինյանը, քանի որ իր ամբողջ լեգիտիմությունը հիմնված է հասարակական լայն շերտերի եւ ժողովրդական լայն զանգվածների մոտ ծայրաստիճան վարկաբեկված եւ ցածր վարկանիշ ունեցող ուժերին եւ անձանց բավականին հմուտ քննադատելու, ապա նաեւ նրանց իշխանությունից հեռացնելու հաջողության վրա: Սակայն սա բավական էժան հեղինակություն է, եթե այն ամրացված չէ պոզիտիվ եւ կառուցողական ձեռքբերումների վրա», «Առավոտ»-ին տված հարցազրույցում նշեց Արթուր Ղազինյանն՝ անդրադառնալով քննարկվող թեմային, թե խորհրդարանում գաղափարական պայքար չի կարող ծավալվել, քանի որ իշխանությանը հակադրվող ուժեղ ընդդիմություն չի լինելու խորհրդարանում:

«Եթե ավելի պարզեցնեմ միտքս, ապա բերեմ մեկ օրինակ. ակնհայտ է, որ ներկայումս ընթանում է նախկին համակարգի քանդման ակտիվ գործընթաց, ինչին, պետք է խոստովանեմ, համաձայն եմ: Սակայն այն քանդվում է քաոսային կերպով: Դա նույնն է, թե քանդես հնացած եւ անպիտան մի շինություն` առանց նորի ճարտարապետա-շինարարական նախագիծ ունենալու, ինչի հետեւանքով կարող ես վնասել եւ քանդել նաեւ այնպիսի հիմքեր, որոնք կառուցվել են հազարամյակների ընթացքում եւ որի վերականգնման համար կպահանջվեն հարյուրավոր տարիներ` եթե իհարկե ենթակա լինի վերականգնման: Սա շատ վտանգավոր իրավիճակ է, երբ կոռուպցիայի դեմ պայքարի քողի տակ եւ սեփական բացարձակ իշխանությունը հաստատելու նպատակով հետեւողականորեն հեղինակազրկվում եւ թուլացվում են ազգային ինքնության այնպիսի հիմքեր, ինչպիսիք են Հայ Առաքելական Եկեղեցին, հայկական ավանդույթներն ու պատմական ժառանգությունը, Հայկական մեծ երազանքը: Էլ չեմ խոսում ազգային ինստիտուտների, Հայաստան – Արցախ հարաբերությունների եւ Արցախյան հակամարտության կարգավորման վերաբերյալ ցուցաբերվող վերաբերմունքը», հավելեց մեր զրուցակիցը:

Արթուր Ղազինյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք դեկտեմբերի 25-ի տպագիր «Առավոտ»-ում:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    քաոսը ակնյայտ է, սակայն այդ չէ ինքնին խնդիրը

    քանզի քաոսը իրադարձութիւնների տրամաբանութեան մէջ է՝ քանդել վատը, նրա տեղը լաւը կառուցելու համար

    խնդիրը այն է որ այդ տրամաբանութեան առաջին մասն է միայն իրականացւում… մինչ արդէն անցաւ ինը ամիս, եւ դեռ ոչ մէկ լուրջ հեռանկար ալ չկայ որ քանդողները բարեհաճին անցնիլ վերակառուցման փուլին, այլ նոյնիսկ ընդհակառակն

    այս հանգրուանին, «Նոր Հայաստանը» վերադարձ մըն է քառորդ դար ետք, սակայն շատ աւելի յոգնած, սպառած, անտրամադիր բնակչութեամբ մը

    այս ընթացքով, ոչ միայն վատը պիտի փոխարինուի նոյնանման վատով, այլ աւելի վատով

    իսկ եթէ վերջաւորութեան ձախողութեան արդարացումը այն պիտի ըլլայ որ՝ մինա՛կ թողեցիք, չհամախմբուեցա՛ք նոր ղեկավարին շուրջ, պարզ ու յստակ է որ անոր ուղղակի յանցաւորն ալ ինքն է

  2. Գ․ Հարությունյան says:

    ԱՅՈ, «քաղաքական ընդդիմությունը պետք է հիմնված լինի հակադրվող տեսլականների, գաղափարախոսությունների, ծրագրերի և ռազմավարությունների վրա»: ԲԱՅՑ, ցավոք սրտի, ՀՀ-ում նման ընդդիմությունը քաղաքական ապագա կունենա միայն այն դեպքում, երբ ընտրողների համար կրթական ցենզ սահմանվի կամ բնակչության սոցիալ-տնտեսական մակարդակը էականորեն բարձրանա։ Այլապես միշտ ավելի մեծ վարկանիշ են ունենալու ժողովրդահաճո ճարտասանները և նրանք, որ ամենից բարձր են գոռալու՝ «լափեցին, թալանեցին, Ղարաբախը ծախեցին․․․»։
    Երկրորդ մասով ամբողջովին համամիտ եմ հարգարժան Ղազինյանի հետ։ Հետաքրքիր է, որ ես նույնպես «Հեղափոխության» գործընթացը ուսանողների հետ քննարկելիս բերում եմ հետևյալ օրինակը։ Պատկերացրեք, դուք որոշել ենք ամբողջովին փոխել վերանորոգել հին տունը։ Առաջին հերթին դուք նախագծում եք ձեր երազած տունը, հետո «փայլա բազառից» մարդիկ եք վարձում հին պատերը քանդելու համար։ Հետո հրավիրում եք տարբեր մասնագետներ՝ դիզայներ, պատշար, սալիկապատող, ներկարար և այլն։ Արդեն անցել է յոթ ամիս, բայց չկա հստակ նախագիծ և «փայլա բազառի մասնագետները» դեռ մնացել են և ոչ միայն քանդում են քաոսային կերպով, այլ նաև՝ «կառուցում»։

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31