Լրահոս
Օրվա լրահոսը

Կստորագրե՞ն ՀՀ-ն եւ Արցախը ռազմաքաղաքական համագործակցության համաձայնագիրը

Դեկտեմբեր 24,2018 16:07

«Անցած տարվա ընթացքում մեծ եւ նոր արտաքին զարգացումներ չեղան, բայց հայաստանյան ներքին զարգացումները հնարավորություն տվեցին Ադրբեջանին բանակցությունների ընդհանուր մոտեցման մեջ որոշ փոփոխություններ մտցնել. ոչ ոք, այդ թվում նաեւ Հայաստանն այսօր չեն խոսում Վիեննայում եւ Սանկտ- Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունների մասին»,- այսօր «Փաստարկ» մամուլի ակումբում ամփոփելով անցնող տարին` կարծիք հայտնեց ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը:

Փաշինյան-Ալիեւ վերելակային պայմանավորվածությունը, որից հետո սահմաններում լարված իրավիճակը թուլացել է, ըստ բանախոսի, նոր իրավիճակ է ստեղծել, մինչդեռ Վիեննայի եւ Սանկտ-Պետերբուրգի պայմանավորվածություններով սահմանային վերահսկողությունն ավելի պետք է ուժեղացվեր, նաեւ դրվեր ԵԱՀԿ գործող նախագահի ուժեղացված հսկողություն: «Այլեւս այդ հարցերը չկան: Եվ եթե վաղը, ինչը պետք չէ բացառել, Ադրբեջանը կարող է զինադադարի խախտումներն ավելի շատացնել, փորձել ապրիլյան կռիվների նման ինչ-որ քայլեր ձեռնարկել, այդ դեպքում, վերահսկողությունը կլինի շատ թույլ` տեսնելու համար, թե ո՞վ էր զինադադարը խախտողը»,- ասաց նա` հավելելով, որ չի ընդունում Երեւանի արտաքին քաղաքական պատասխանատուներից հնչող այն տեսակետը, թե միեւնույն է, Ադրբեջանը պայմանավորվածություններից անմիջապես հետո հերքում եւ մերժում էր Վիեննայի եւ Սանկտ-Պետերբուրգի պայմանավորվածությունները: Կիրո Մանոյանը փաստում է, որ այդ պայմանավորվածությունները ձեռք էին բերվել միջազգային տարբեր սուբյեկտների ներկայությամբ եւ համաձայնությամբ եւ ԵԱՀԿ-ի լիազոր ներկայացուցիչն էլ փորձում էր այդ ուղղությամբ աշխատանքներ տանել: Նա կարծում է, որ մոտ ապագայում, ԱՄՆ-ից Հայաստանի վրա ճնշումներ կսկսվեն Արցախի հարցով զիջումներ կատարելու. «Դա չի նշանակում, որ Հայաստանը զիջելու է, բայց ճնշումներ լինելու են»:

Իսկ լա՞վ է, թե՞ վատ, որ բանակցությունների օրակարգը կրկին սեղանին է`ինքը կարծում է`առանց Վիեննայի եւ Սանկտ-Պետերբուրգի պայմանավորվածությունների իրագործման, անցնել հարցի բովանդակային կարգավորումներին, մեզ համար մի քիչ վտանգավոր է, քանզի տեսել ենք Ադրբեջանի տարբեր կեցվածքները`պայմանավորվածություններից խուսափելու: Այն, որ Ադրբեջանն առ այսօր պահում է «վերելակային պայմանավորվածությունը», Կիրո Մանոյանը երկու պատճառ է տեսնում. «Մեկ` ինչպես մեր վարչապետի պաշտոնակատարն է ասում`իրենք դիրքային տեղաշարժ արեցին այս ընթացքում Նախիջեւանի հատվածում, անկախ մայիսին եւ դրանից հետո արված տեղաշարժի: Եվ երկրորդ`ցույց տալ, որ կարելի է, որ Հայաստանն ու Ադրբեջանն ուղղակի պայմանավորվեն եւ դա իրագործեն`խուսափելով ավելի լայն`շփման գծում սարքերի եւ մարդուժի տեղադրման պայմանավորվածությունից»:

Կիրո Մանոյանի գնահատմամբ, Իրանի նկատմամբ տարածաշրջանային լարվածությունը մեզ համար նույնպես ձեռնտու չէ եւ Իրանի հետ տնտեսական հարաբերությունները ավելի պետք է սերտացնենք`ի հեճուկս ԱՄՆ-ից եկող պատժամիջոցների սաստկացումի:

Ընդհանուր առմամբ, բանախոսի ամփոփմամբ, անցած տարի մեր արտաքին քաղաքականության մեջ մեծ ցնցումներ չեն եղել, իսկ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի շուրջ զարգացումները, մեր ներքին քաղաքական զարգացումների եւ այդ ընթացքում գործած սխալների հետեւանք էին: Բայց իրավիճակն ավելի մտահոգիչ է համարում, քան տարեսկզբին էր: Իսկ 2019-ի համար, իրավիճակը, կարծում է շատ լավատես լինելու հիմք չի տալիս: Լավատեսության առավել հիմքը կարող է լինել Հայաստանի իշխանության լեգիտիմությունը, բայց դա էլ, իր գնահատմամբ, կարող է ունենալ ոչ դրական հետեւանքներ, այն իմաստով, որ արտաքին ճնշումներն ավելի մեծ կլինեն`արտաքին ճակատում ինչ-որ քայլեր ձեռնարկելու համար:

Կիրո Մանոյանը կարծում է, որ Հայաստանը` հայտարարության մակարդակում համարժեք պատասխան չի տվել Նախիջեւանի կողմից ադրբեջանական զորքերի առաջխաղացմանը`չեզոք գոտու հաշվին, ինչը այդ հատվածից ավելի խոցելի է դարձրել հայկական սահմանները: «Մենք շարունակում ենք նախկինի քաղաքականությունը`լինել ավելի զուսպ մեր հայտարարություններում: Իսկ ռազմական տեսակետից մանրամասների չեմ տիրապետում: Բայց չէի ասի, որ ինչ-որ տարածք վերահսկելու հնարավորությունը կորցրել ենք, դա չէ հարցը, նույնիսկ ինչ-որ տարածքներ վերահսկելու հնարավորությունն ավելացրել ենք, բայց ՀՀ-ի տարածքների խոցելիությունն ավելացել է. մտահոգիչը դա է»,- ասաց Կիրո Մանոյանը:

Արցախի հարցի կարգավորման ընդհանուր փաթեթը, որը գալիս է 2007-ից`որոշ ոչ էական փոփոխություններով, ՀՅԴ-ական գործչի համար եւս մտահոգիչ է մնում: Իսկ Արցախը բանակցային կողմ դարձնելու հայկական վերջին մոտեցումներին, Կիրո Մանոյանի համար հարց է մնում`դա ինչպե՞ս է պարտադրվելու Ադրբեջանին: Այստեղ ինքը շատ հնարավորություններ չի տեսնում, բացի Ադրբեջանի վրա իրական ճնշումից, որը կարող է լինել ՀՀ-ի եւ Արցախի միջեւ ռազմաքաղաքական համագործակցության պայմանագրի ստորագրմամբ, ինչը ենթադրում է Արցախի անկախության որոշ չափով ճանաչում ՀՀ-ի կողմից: Սա, ըստ բանախոսի, ենթադրում է նաեւ, որ որոշ միջազգային սուբյեկտների կողմից կբերի Արցախի ճանաչման եւ այս քայլը կնշանակի նախկին իշխանության քաղաքականության փոփոխություն: Նաեւ`ասում է, որ Արցախի մասնակցությունը ոչ մի դեպքում չի փոխարինելու Հայաստանի մասնակցությանը:

Հիշեցնենք, ՀՀ-ի եւ Արցախի միջեւ ռազմաքաղաքական համագործակցության համաձայնագիրը Սերժ Սարգսյանը հանձնարարեց նախապատրաստել 2016-ի ապրիլյան քառօրյա պատերազմից հետո: Որոշ տեղեկություններով, համաձայնագիրը պատրաստ էր վաղուց: Սակայն Սերժ Սարգսյանի իշխանությունն այդպես էլ չգնաց դրա ստորագրման`սպասելով ավելի հարմար պահի: Կիրո Մանոյանը վստահ է`այդ պահը վաղուց անցել է:

Ըստ Կիրո Մանոյանի տեղեկությունների, ԱՄՆ նախագահն արդեն որոշում է կայացրել Թուրքիայի նախագահի հետ հեռախոսազրույցի ժամանակ. Էրդողանը համոզել է, որ Դոնալդ Թրամփը որոշում կայացնի Սիրիայից ամերիկյան զորքի դուրսբերումից հետո, թուրքական զորքի`այդ տարածք ներխուժելու մասին: Ասում է`դա եւս մեզ համար մտահոգիչ է, քանի որ այդ տարածքներում հայկական բնակչություն կա, նաեւ`դրանք Հայաստանի սահմաններից այդքան էլ հեռու չեն`300-350 կմ հեռավորությամբ են:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31