Լրահոս
Օրվա լրահոսը

Փաստաբանը՝ Մանվել Գրիգորյանի՝ Արցախ հեռանալու եւ Մարտի 1-ի գործով հարցաքննվելու մասին

Դեկտեմբեր 24,2018 15:22

Մանվել Գրիգորյանի պաշտպան, փաստաբան Լևոն Բաղդասարյանը պնդում է՝ եթե դատախազությունը կներկայացնի մեկ փաստ, որ Մանվել Գրիգորյանը ազատության մեջ գտնվելով կխոչընդոտի նախաքննական մարմնին, իրենք պատրաստ են ներողություն խնդրել:

«Վարույթն իրականացնող մարմինն ասում է, որ ազատության մեջ գտնվելով՝ Մանվել Գրիգորյանը կգնա Արցախ։ Դժվարանում եմ ասել, ինչու են նման բան ասում, ենթադրում եմ, որ ասում են Արցախ, քանի որ Արցախը չունի իրավական կարգավիճակ և այնտեղ գնալով կթաքնվի Գրիգորյանը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Լեւոն Բաղդասարյանը:

Անդրադառնալով Մանվել Գրիգորյանի՝ գրավի դիմաց ազատ արձակվելու դատարանի որոշմանը՝ փաստաբանը նկատեց, որ «Իրավաչափ և հեղինակավոր որոշում է կայացվել։ Դատարանը տեսավ, որ գրավով ազատ արձակումը իրավաչափ է և կայացրեց որոշում, իսկ հիմքերի մասին կխոսեմ հետո»։

Նա հերքեց լուրերը, թե Մանվել Գրիգորյանն ազատ է արձակվել, որ հարցաքննվի Մարտի 1-ի գործով, ասաց՝ իրականության հետ կապ չունի, ապա հավելեց, որ իր պաշտպանյալն այժմ բուժում է ստանում տնային պայմաններում:

Լեւոն Բաղդասարյանը նաեւ դժգոհեց, որ Հայաստանում երբեք իրավապաշտպաններն այսքան բարդ իրավիճակում չեն հայտնվել, ինչպես՝ այսօր. «Այսօր փաստաբանին լռեցնելու համար դիմում են ամենաստոր միջոցների՝ կպնում են նրանց արժանապատվությանը՝ համացանցով վիրավորելով նրանց պատիվն ու արժանապատվությունը, իսկ պետական լիազոր մարմիններն իրենց կրավորական կեցվածքով մատը մատին չեն տալիս՝ հայտնաբերելու այդ մոլախոտերին եւ պատժելու նրանց»:

Նա նաեւ նկատեց, որ դատական իշխանությանը ճնշելու համար մարդիկ ճանապարհ են փակում, իսկ իշխանությունը դրան էլ չի արձագանքում, ըստ նրա՝ եթե այդպես է, ապա պետք է Սահմանադրությունից հանել սոցիալական եզրույթը, եւ Հայաստանը հռչակել անարխիստական երկիր, փակել դատարանները եւ մարդկանց դատել հրապարակում:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31