Լրահոս
Օրվա լրահոսը

«Երեւանի ավագանու վաղվա նիստը թեժ է լինելու». Արման Աբովյան

Դեկտեմբեր 24,2018 15:07

Երեւանի ավագանու վաղվա նիստը թեժ է լինելու: Այս մասին այսօր «Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում հայտարարեց Երեւանի ավագանու ԲՀԿ խմբակցության ղեկավար Արման Աբովյանը (լուսանկարում): Նա նկատի ունի այն, որ ավագանու վաղվա նիստում քննարկվելու է Երեւան քաղաքի 2019 թվականի բյուջեն: Բյուջեի նախագիծն արդեն մեծ աղմուկ է բարձրացրել, քանի որ նախատեսվում են վերելակային տնտեսության վերանորոգման համար ծախսերի կրճատումներ, նաեւ մեծ գումարների տրամադրում`Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմին օտար լեզվի ուսուցման համար եւ այլն: Վերելակային տնտեսության հիմնանորոգումների համար հատկացվող գումարի չափի նվազեցման մասով Երեւանի քաղաքային իշխանությունները պարզաբանել էին` ավելի քիչ գումարով իրենք նախկին ծավալի աշխատանք են կատարելու:

ԲՀԿ խմբակցության ավագանու անդամ Միքայել Մանրիկյանը նկատում է`եթե նախկինում փոշիացված գումարների մասին իրավապահ մարմիններին ներկայիս իշխանությունները ծանուցումներ չուղարկեն, ապա ինքը Երեւանի ներկայիս ղեկավարության նման հայտարարությունները պոպուլիստական կորակի։ Նա նաեւ կարծիք հայտնեց` բյուջետային ծրագրերը վիճարկելի են, տուրքերը տարեցտարի ավելանում են, եթե ինքն, օրինակ, արտասահմանցի գործարար լիներ, Հայաստանում բիզնես չէր սկսի:

Լրագրողներից մեկի հարցին`ԲՀԿ խմբակցությունը վաղն ինչպե՞ս է քվեարկելու բյուջեի նախագծին, խմբակցության ղեկավար Արման Աբովյանը պատասխանեց, որ իրենց քվեարկությունը կախված կլինի վաղվա քննարկումից։

Ամփոփելով խմբակցության կատարած մի քանի ամիսների աշխատանքը, Արման Աբովյանն ասաց, որ իրենք ուշադրություն են սեւեռել Երեւանի մանկապարտեզներում եւ դպրոցներում տիրող բարոյահոգեբանական մթնոլորտի վրա: Առաջիկայում էլ դա են կարեւորելու, քանի որ բոլոր հարցերի լուծումներն իրենք տեսնում են սերնդի դաստիարակության մեջ. «Երեխաների դաստիարակությունը, եկեղեցին, մեր ավանդույթները պետք է արմատավորվեն երեխաների մոտ՝ մանկուց»։ Թեեւ այդ հաստատությունների ուսումնական ծրագրերը ԿԳՆ-ի կողմից են հաստատվում, բայց ավագանին միջամտությունների որոշակի լիազորություն ունի: Իրենք դա օգտագործելու են, երեխաների «հայկական ոգով» դաստիարակությունն ապահովելու համար:

Արման Աբովյանն ասաց նաեւ, որ գրեթե ամեն օր հանդիպել են երեւանցիների հետ, լսել նրանց խնդիրները: Թե ասֆալտապատման, թե կանաչապատման, թե աղբահանության հետ կապված բոլոր հարցերը, ասաց, իրենց ուշադրության կենտրոնում են ու համագործակցաբար փորձում են դրանց լուծումներ գտնել. «Ավագանիում, իհարկե, կան տարաձայնություններ, բայց կարեւորն այն է, որ բոլոր կողմերն էլ պատրաստ են ինչպես կարծիք հայտնելու, այնպես էլ լսելու»։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31