Լրահոս
Օրվա լրահոսը

Իսրայելի Կնեսեթում քննարկվել է Հայաստանից կեղծ բժշկական դիպլոմներ ստանալու հարցը

Դեկտեմբեր 24,2018 14:49

Դեկտեմբերի 17-ին Իսրայելի Կնեսեթի աշխատանքի, սոցապահովության և առողջապահության հարցերով խորհրդարանական հանձնաժողովը հատուկ նիստ է հրավիրել՝ նվիրված Հայաստանից կեղծ բժշկական դիպլոմներ ստանալու հետ կապված սկանդալին:

Դեկտեմբերի  2-ին Իսրայելում ձերբակալվել էին 40 բժիշկ և դեղագետ, որոնք կասկածվում են Հայաստանի երեք բուհերից գումարով դիպլոմներ ձեռք բերելու մեջ: Ընդ որում, կասկածյալների մի մասին հաջողվել էր ինչ-որ կերպ իսրայելական առողջապահական համակարգում աշխատանքի արտոնագիր ստանալ՝ հանձնելով համապատասխան բարդ քննությունը:

«Հազարավոր իսրայելցիներ, որոնք ուսումնասիրում են բժշկությունը արտասահմանյան կասկածելի բուհերում, իրական վտանգ են ներկայացնում ոչ միայն իսրայելական առողջապահության համակարգին, այլև քաղաքացիների առողջությանը»,- ելույթ ունենալով Կնեսեթում՝ ասել է առողջապահության նախարարության կադրերի կառավարման ղեկավար, պրոֆեսոր Շաուլ Յուցիֆը:

Նա հավելել է, որ գերատեսչությունը վաղուց էր ահազանգել արտասահմանյան որոշակի բուհերում կրթություն ստացած մասնագետների պատրաստվածության որակի համար:

«Ես ծանոթ եմ իրավիճակին, և ամենևին ոչ տեսականորեն: Ծառայության բերումով ես տեսչական ստուգումներով մեկնում եմ արտասահման: Օրինակ, Մոլդովայի բուհերից մեկի բժշկական, ատամնաբուժական և դեղագիտական ֆակուլտետներում սովորում է 1300 իսրայելցի: Այնտեղ սովորում են ևս մի քանի հազար ուսանող Մոլդովայից և այլ երկրներից: Ընդ որում, միակ կլինիկական հիվանդանոցը, որտեղ պետք է պրակտիկա անցնեն ապագա բժիշկները, ընդամենը 600 մահճակալ ունի: Դա պարզապես անթույլատրելի իրավիճակ է: Ուսանողները պարզապես հիվանդ չեն տեսնում ուսուցման ընթացքում»,- պարզաբանել է պրոֆեսորը:

Իսրայելի առողջապահության նախարարության ներկայացուցչի խոսքով՝ անգամ այն դեպքում, եթե դիպլոմները այդպիսի բուհերում ստացվում են օրինական հիմքերով, չկա որևէ վստահություն նման ուսումնական համակարգում ստացված գիտելիքների նկատմամբ:

«Կարելի է հստակ ասել, որ այնտեղ և՛ սովորում, և՛ պրակտիկա են անցնում ոչ բավարար չափով: Եվ եթե անգամ դիպլոմների հետ կապված այս  սկանդալը չլիներ, ապա խնդիրը վաղ թե ուշ ամբողջությամբ երևան կգար: Կարծում եմ՝ առաջիկա տասնամյակում»,- ասել է պրոֆեսոր Յացիվը:

Նա առաջարկել է անմիջապես ձևավորել հատուկ հանձնաժողով՝ հանձնարարելով նրան զբաղվել ոչ միայն «արտասահմանում դիպլոմների գնման» ստուգմամբ, այլև «արտասահմանում կասկածելի բուհերում» մասնագետների պատրաստման ամբողջ համակարգով:

«Հայաստանում կասկածելի բուհերի» խնդրին անդրադառնալով՝ պրոֆեսոր Յացիվը ասել է. «Այնտեղ իսրայելցի ուսանողների ուսուցման բոլոր տարիների ընթացքում չի եղել որևէ դեպք, երբ ինչ-որ մեկը տապալի գոնե մեկ առարկայի քննության հանձնումը: Չի եղել վատ առաջադիմության դեպքում հեռացման ոչ մի դեպք: Ո՛չ մի: Այդպես էլ չկա որևէ ուսանող, որն այնտեղ ընդունվել է առաջին կուրս և ավարտել ուսումը վեցերորդ կուրսում: Բոլորն այստեղ են փոխադրվում այլ ուսումնական հաստատություններից, որտեղից կամ հեռացվել են, կամ ուսման վարձը շատ բարձր են համարել:»:

Իր հերթին բժիշկների արհմիության ներկայացուցիչ, պրոֆեսոր Գիդեոն Պարատը հաստատել է, որ խնդիրը խիստ լուրջ է, սակայն առաջարկել է կասկածի տակ չդնել արտասահմանում մասնագիտություն ստացած բոլոր մասնագետների գիտելիքները:

Իսրայելում Բարձրագույն կրթության գծով խորհրդի ներկայացուցիչ Հավա Կլայնը հիշեցրել է, որ իսրայելցիները հաճախ են մեկնում արտասահման կրթություն ստանալու՝ իրենց երկրում շատ բարձր ուսման վճարների, ինչպես նաև բժշկական բուհերի պակասի պատճառով: Նրա խոսքով՝ Իսրայելում տարեկան պատրաստում են միայն 750 բժիշկ, այն դեպքում, երբ երկրի առողջապահության համակարգի պահանջարկը շատ ավելի բարձր է:

Հանձնաժողովի նիստ հրավիրվել էր մի խումբ պատգամավորների առաջարկով: Քննարկմանը մասնակից արաբ պատգամավորներն իրենց վրդովմունքն են արտահայտել՝ կապված այն փաստի հետ, որ ձերբակալված բոլոր բժիշկներն ու դեղագետներն առանց բացառության արաբական սեկտորի ներկայացուցիչներ են: Նրանք բողոքել են նաև հայկական բուհերում դիպլոմների ստացման մեջ կասկածվողների բացահայտման և ձերբակալման գործով ոստիկանական օպերացիայի անվանումից («Արտոնագիր սպանության համար»):

Պատգամավոր Այման Ուդայի խոսքով՝ այս իրավիճակում մեղավոր է նաև առողջապահության նախարարությունը, որը աշխատանքի արտոնագրեր է տվել այդ բուհերի շրջանավարտներին, որոնք հետագայում ձերբակալվել են:

«Մարդիկ արդար իրականացրել են պետության առջև իրենց պարտականությունները, հանձնել են քննություններ, աշխատել են և հանկարծ հայտարարվել են հանցագործներ»,- ասել է պատգամավորը: Նա ավելացրել է, որ պետությունը ոչ միայն ոտնատակ է արել այդ մարդկանց մասնագիտական հեղինակությունը, այլև նրանց ընտանիքների վրա կախել է «անարգանքի խարանը»:

Մասնագիտությամբ բժիշկ, Կնեսեթի պատգամավոր Ահմադ Թիբին հիշեցրել է, որ ոստիկանությունը հետաքննությունն այնպես է անցկացրել, կարծես խոսքը մարդասպանների և թմրավաճառների մասին էր: Որոշ բժիշկների ձերբակալել են հիվանդանոցներում: «Անգամ եթե բժիշկը կեղծել է, որևէ տեղեկանք կամ քննությունը չի հանձնել, չի կարելի նրան ընդունել որպես մարդասպան, առավել ևս մեղադրել հասարակության մի ամբողջ հատված: Մեղավորը պետք է պատժվի, սակայն օրենքով: Ես նույնպես չեմ ուզում, որ թերուս բժիշկը բուժի իմ երեխաներին: Սակայն, այնուամենայնիվ, չի կարելի սկանդալ սարքել այնտեղ, որտեղ այն չկա»,- ասել է բժիշկ Թիբին:

Պատգամավոր Թիբին կարծում է, որ արաբ բժիշկներն ու դեղագետները «Իսրայելում լավագույն մասնագետներն են, նրանք հպարտության աղբյուր են»: Համաձայնելով, որ Իսրայելում հիանալի մասնագետներ են պատրաստում, Թիբին նշել է, որ անձամբ գիտի բժիշկների, ովքեր «սովորել են Հայաստանում և Մոլդովայում ու դարձել են հիանալի մասնագետներ»:

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31