Լրահոս
Օրվա լրահոսը

«Դե, հիմա, իմ ամուսինն է, ոչինչ». ՄԻԱՎ-ով ապրող ու բռնության ենթարկված կանանց վերաբերմունքը բռնությանը

Դեկտեմբեր 24,2018 14:37

ՄԻԱՎ-ով ապրող կանայք ավելի խոցելի են բռնության նկատմամբ: Այսօր այս մասին «Մեդիա» կենտրոնում ասացին «Կանանց Ներուժի Զարգացման Կենտրոն» հ/կ-ի ներկայացուցիչները, որոնք ներկայացրեցին «Բռնությունը ՄԻԱՎ-ով ապրող կանանց նկատմամբ» հետազոտության արդյունքները:

Հետազոտությունն իրականացրել է ՁԻԱՀ-ի հիմնախնդիրներով զբաղվող եվրասիական կանանց ցանցն՝ «Ընդդեմ գենդերային բռնության 16 օրյա արշավ»-ի շրջանակներում: Այս հետազոտությունն իրականացվել է ԱՊՀ 12 երկրներում՝ Հայաստան, Բելառուս, Վրաստան, Ղազախստան, Ղրղզստան, Մոլդովա, Ռուսաստան, Տաջիկստան, Ուզբեկստան, Ուկրաինա, Էստոնիա, Լատվիա:

Հ/կ-ի նախագահ Ժենյա Մայիլյանն ասաց, որ այդ հետազոտությունը կատարվել է 408 կանանց շրջանում՝ խորքային հարցազրույցների միջոցով, եւ ըստ այդմ՝ ՄԻԱՎ-ով ապրող հարցված կանանց միջին տարիքը 37 է: Հարցված կանանց 71.6 տոկոսը հիմնականում ֆիզիկական բռնության է ենթարկվել. «Սրանք սարսափելի թվեր են: Շատ հաճախ այս կանայք չգիտեն, թե բռնության ինչ տեսակներ կան: Չգիտեն հոգեբանական եւ տնտեսական բռնության մասին: Հարցվածների 65 տոկոսը չեն իմացել բռնության դեպքում ուր կարող են դիմել: Ընդ որում, նրանց մեծ մասը վստահություն չունի կրիզիսային կենտրոնների, ապաստարանների նկատմամբ»:

Մայիլյանն ասաց, որ Հայաստանում ուսումնասիրությունն իրականացվել է 31 կնոջ շրջանում, նրանցից մոտ 60 տոկոսը գործազուրկ է, այրի կամ ամուսնալուծված:

«Հայաստանում խնդիրներ կան մշակութային առանձնահատկություններով պայմանավորված: ՄԻԱՎ-ով ապրող հարցված կանայք բռնության մասին ասում են՝ «դե, հիմա, իմ ամուսինն է, ոչինչ: Բա որ գնանք՝ հարեւանն ի՞նչ կասի: Բա որ գնանք ապաստարան՝ չընդունեն, հետ գանք՝ չընդունեն»,-ասաց Մայիլյանը:

Ըստ բանախոսի, եղել են դեպքեր, երբ բռնության ենթարկված կինը ցանկացել է հեռանալ բռնարարից, բայց նրան սպառնացել է բոլորին պատմել նրա կարգավիճակի մասին:

Մայիլյանը նկատեց՝ ՀՀ-ում պարտավորվածություն կա ապաստարաններ բացելու, բայց պետք է հաշվի առնել ՄԻԱՎ-ով ապրող կանանց պահանջմունքները, որովհետեւ ախտորոշումից հետո նրանք հակառետրովիրուսային դեղեր են խմում, իսկ ապաստարան ընդունվելիս պետք է ասի՝ ինչ դեղ է, ինչը նշանակում է՝ կարող է չընդունեն նրան:

Հ/կ նախագահը նաեւ ասաց, որ Հայաստանում հարցվածների՝ ՄԻԱՎ-ով ապրող կանանց 91 տոկոսը ընտանիքում են ապրում, իսկ ՌԴ-ում, Ուկրաինայում կամ Ղազախստանում նրանց մեծ մասը թմրամիջոց օգտագործող են:

Ասուլիսին ներկա հ/կ-ի համահիմնադիր, ծրագրերի համակարգող Աննա Աբգարյանն էլ նկատեց՝ «Կանանց խնամքի տակ են գտնվում երեխաներ, ինչն ավելի է բարդացնում, խորացնում սոցիալական վիճակը: Այս կանայք նաեւ կարող են իրենց ծնողական ընտանիքներում էլ խտրականության եւ բռնության ենթարկվեն, սահմանափակեն նրանց վերադարձը»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա» կենտրոնի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31