Լրահոս
Օրվա լրահոսը

Միջազգային խորհրդատուին տրանսպորտի զարգացման ցանցը նախագծելու համար ոչ թե 850 հազար եվրո ենք վճարել, այլ՝ 600 հազար. Բաբկեն Պիպոյան

Դեկտեմբեր 24,2018 14:21

Երեւանի տրանսպորտի նոր ցանցը պետք է ներդրվի եւ արդեն մի քանի արտերկրի օպերատորներ ցանկություն էին հայտնել մրցույթին մասնակցելու: Այսօր այս մասին ասաց «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը: Պարոն Պիպոյանը կարծում է, որ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանին սխալ են զեկուցել, հակառակ դեպքում նա չէր հետաձգի ցանցի ներդրումը, որի անհրաժեշտությունը օր առաջ կա:

Հիշեցնենք, որ Երեւանի ավագանու վերջին նիստին Հայկ Մարությանը լրագրողների հետ զրույցում չէր բացառել, որ կարող է հրաժարվեն բրիտանական խորհրդատուի նախագծած տրանսպորտի ցանցի մոդելից: Քաղաքապետը նաեւ նշել էր, որ տրանսպորտային ցանցի ամբողջական փոփոխման համար առնվազն երկու տարի ժամանակ է պետք, քանի որ նոր նախագիծը թերություններով է:

Բաբկեն Պիպոյանը վստահեցնում է՝ «Իրականում մեծ ծավալի աշխատանք է կատարված, ցանցի ներդրման համակարգը ամփոփված է, եւ եթե ոչ ամենադանդաղ, ապա գոնե միջին օպտիմալ արագությամբ աշխատեն, միջինը մեկ տարում կարելի է ներդնել ցանցը: Բոլոր հիմնավորումները կան դրա համար, եւ ամենաբարդը, ցանցի ուսումնասիրությունն էր, որն արդեն արված է»:

Ըստ պարոն Պիպոյանի՝ առաջին հարցը, որ տվել է միջազգային խորհրդատուին, այն է եղել, թե արդյո՞ք ուղեւորահոսքի կիրառելիություն ունի մշակված ցանցը, իսկ իրեն ասել են, որ ունի: Նրա խոսքով, ուղեւորահոսքի հաշվարկն արտացոլում է ճիշտ պատկերը, քանի որ ոչ թե 2014 թվականի տվյալներով է կազմված, այլ՝ 2017-ի, ինչի մասին ինքը եւս միջազգային խորհրդատուից այդ մասին վկայող պատասխան է ստացել:

Բաբկեն Պիպոյանը հավաստիացնում է, որ տրանսպորտային ցանցի նախագիծը կազմած միջազգային խորհրդատուին ոչ թե 850 հազար եվրո ենք վճարել, այլ՝ 600 հազար. 250 հազար դեռ նոր պետք է քաղաքային այս իշխանությունները վճարեն. «Այդ փողը չի կարող կորչել, քաղաքապետին լավ չեն բացատրել համակարգը, եթե աշխատանքային խմբին մի անգամ հրավիրեր, կարող էր հասկանալ, եթե համադրելի չէ, այդ 600 հազարը հետ քաշեք, ինչո՞ւ եք նոր գումար տալիս, որ ասեն՝ համադրելի՞ է, թե համադրելի չէ: Եթե կիրառելի չի, փողերը հետ ուզեք: Այս մարդը, ում մեշոկով փող են տվել, ասել է, որ սա կիրառելի է, ընդամենը պետք է չալարել ու կարդալ: Կետային ուսումնասիրություն արել է, եւ միջազգային խորհրդատուն ասել է, որ այս ցանցը կիրառելի է, ավելին, շեղում էլ լինի, ցանցը 60-65 տոկոս ծանրաբեռնվածություն ունի»:

Պարոն Պիպոյանն անդրադարձավ նաեւ քաղաքապետարանի այն հայտարարությանը, որ ինչ-ինչ հանգամանքներից ելնելով չեն կարող «Սանիթեքի» հետ պայմանագիրը լուծել. «Քաղաքապետարանը կարող է պայմանագիրը լուծել եւ եթե «Սանիթեքը» մտնի դատարան, ապա անձնական երաշխավորությամբ եմ ասում՝ կպարտվի: Հենց հիմա, ես իմ օգնությունն եմ առաջարկում քաղաքապետին, 15 օրում լուծարել «Սանիթեքի» հետ պայմանագիրը» Այդ փողը, որ հիմա տալիս եք «Սանիթեքին», մի տվեք, տվեք համայնքին, թող մրցույթ հայտարարի գա սպասարկի»:

Մանրամասները՝ տեսանյութում

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վախթանգ Սիրադեղյան says:

    Կարծում եմ, որ հիմնական մեխը սակագնի որոշումն է, և եթե դա արված է, ապա հետաձգելը իմաստ չունի:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31