Լրահոս
Օրվա լրահոսը

Կարո Եղնուկյանը դատի է տալիս ԱԱԾ-ին՝ գաղտնալսման, իսկ Վալերի Օսիպյանին՝ «տոնածառ կոտրելու» համար

Դեկտեմբեր 24,2018 14:08

2016թ. ՀՀ ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված եւ մի շարք ծանր հանցագործությունների կատարման համար մեղադրվող «Սասնա ծռեր» խմբի գործով մեղադրյալ Կարո Եղնուկյանը դատի է տալիս ՀՀ ԱԱԾ-ին եւ Ոստիկանությանը՝ իրեն (իր խոսքով) ապօրինի կերպով գաղտնալսելու համար: Ըստ Եղնուկյանի՝ ԱԱԾ-ն եւ ոստիկանությունը խախտել են ՀՀ սահմանադրությամբ եւ միջազգային պայմանագրերով երաշխավորված՝ անձնական եւ ընտանեկան կյանքը հարգելու իրավունքը, անձնական տվյալների պաշտպանության իրավունքը:

Հիշեցնենք, որ Կարո Եղնուկյանն ամիսներ առաջ ազատվել է կալանքից. նա մեղադրվում է զինված խմբին օժանդակելու, մասնավորապես՝ ռադիոկապ տրամադրելու համար, եւ իրեն մեղավոր չի ճանաչում: «Հայացք» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն այսօր Կարո Եղնուկյանը հայտարարեց, որ իրեն գաղտնալսել են մինչեւ ՊՊԾ գնդի գրավումը, մինչդեռ այդ մասին իմացել է 2016թ.-ին՝ «Սասնա ծռերի» քրեական գործի նախաքննության ընթացքում:

«Մինչ այդ կասկածներ ունեի, որ գաղտնալսում են, բայց չէի կարող ապացուցել: Ըստ «Սասնա ծռերի» քրեական գործի նյութերի՝ ես գաղտնալսվել եմ 2014 եւ 2015թթ., թեեւ գաղտնալսելու հիմք չի եղել: Գաղտնալսումները, սակայն, չեն վերացվել եւ դրվել են «ծռերի» գործի շրջանակում ինձ առաջադրված մեղադրանքի հիմքում: Առանց հիմքերի՝ իմ մասին տարիներ շարունակ տեղեկություններ են հավաքվել պետական մարմիններում եւ անօրինական կերպով պահվել են՝ հետագայում իմ դեմ օգտագործելու համար»,-համոզմունք հայտնեց Կարո Եղնուկյանը:

Նա նշեց՝ թեեւ իրեն գաղտնալսել են տարիներ շարունակ, միայն 2016թ.-ին՝ «Սասնա ծռերի» գործի շրջանակում են քննչական մարմինները դիմել դատարան՝ գաղտնալսման թույլտվություն ստանալու համար. «Սասնա ծռերի» նախաքննության եւ դատավարության ժամանակ ես դիմել էի դատարան՝ ստանալու համար այն օպերատիվ տեղեկությունները, որոնց հիմքերով ինձ գաղտնալսել են: Միջնորդությունը, սակայն, մերժվել է՝ պատճառաբանելով, որ դատավարության ավարտին միայն դրանք կարող են տրամադրվել»:

Կարո Եղնուկյանը նշեց, որ «Իմ քայլը» ժողովրդական շարժման հաղթանակից հետո դիմել է ԱԱԾ-ի եւ Ոստիկանության ղեկավարներին՝ պարզաբանումներ ստանալու համար. «Ուզում էի հավաստիանալ, որ այսուհետեւ իմ եւ ընտանիքիս իրավունքները չեն խախտվելու: Ոստիկանությունից պատասխան ստացա, որ իրենք միայն օրենքի շրջանակում են գործում, եւ տվյալները կտրամադրվեն միայն այն ժամանակ, երբ դատավճռով հաստատվի, որ իմ արարքներում հանցակազմ չկա, այսինքն՝ այն դեպքում, եթե ես արդարացվեմ: Հրաժարվեցին պատասխանել՝ իմ բնակարաններում տեղադրվե՞լ են գաղտնալսման սարքեր: ԱԱԾ-ի պատասխանից էլ պարզ էր, որ գաղտնալսումներ կատարվել են: Ընտանիքիս անդամները եւս գաղտնալսվել են: Սա ենթադրում է, որ դրանք եղել են առանց դատարանի որոշման, քանի որ «Սասնա ծռերի» գործում գաղտնալսման մասին թույլտվության որոշումը չկա»:

Հետաքրքրվեցինք՝ ինչո՞վ է Կարող Եղնուկյանը գրավել իրավապահների ուշադրությունը, ինչո՞ւ են նրան գաղտնալսել: Նա պատասխանեց. «Այն ժամանակ՝ 2015թ.-ին, «Հիմնադիր խորհրդարանը» համարվում էր վտանգավոր խումբ: Ինչպես հայտնի է, զանգվածային անկարգությունների նախապատրաստման կասկածանքով բերման էին ենթարկել ինձ, Գարեգին Չուգասզյանին, Ժիրայր Սեֆիլյանին, Վարուժան Ավետիսյանին, Պավլիկ Մանուկյանին»:

Կարո Եղնուկյանը նաեւ տեղեկացրեց, որ քաղաքացիական հայց է ներկայացնում ոստիկանապետ Վալերի Օսիպյանի դեմ՝ 2015թ. Ամանորի գիշերը Ազատության հրապարակում հայտնի «տոնածառի միջադեպի» համար. «Վալերի Օսիպյանն անձամբ իմ տոնածառը կոտրեց: Փոխհատուցում եմ պահանջում՝ 12 000 դրամի չափով՝ տոնածառի եւ ստվարաթղթե գավազանի համար: Ես «Ձմեռ պապն» էի»:

Հիշեցնենք, որ այդ օրը «Հիմնադիր խորհրդարանը» որոշել էր Նոր տարին դիմավորել Ազատության հրապարակում, մինչդեռ ոստիկանությունն արգելել էր տոնածառ բերել: Գեւորգ Սաֆարյանը տոնածառի հետ կապված միջադեպի հետեւանքով դատապարտվել էր ազատազրկման:

Այլ մանրամասները՝ տեսանյութում:

https://www.facebook.com/aravot.am/videos/1013145872219803/

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31