Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր կուսակցություն է ստեղծվում. ովքե՞ր են հիմնադիրները

Դեկտեմբեր 24,2018 13:20

Արտախորհրդարանական հարթակում ընդդիմության դաշտում նոր կուսակցություն է ստեղծվում՝ «Ազգային օրակարգ» անվամբ: Այս կուսակցությունը չի հասցրել գրանցվել եւ մասնակցել դեկտեմբերի իննին կայացած ԱԺ արտահերթ ընտրություններին, սակայն ինչպես հիմնադիրներն են հայտարարում, քաղաքական դաշտի առողջացման հայտ են ներկայացնում՝ ստեղծելով նոր քաղաքական մշակույթ: Կուսակցության հիմնադիր-հանձնախմբի անդամ Արա Հակոբյանն այսօր «Հայացք» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը նշեց. «Մեր քաղաքական ուժն իր գաղափարախոսությամբ ազգային-առաջադիմական է: Գիտակցելով պահի կարեւորությունը եւ առկա փոփոխություններով պայմանավորված հնարավորությունները՝ առիթ կա քաղաքական դաշտ ձեւավորել, որը նախկինում խիստ սահմանափակ էր»:

Արա Հակոբյանը տեղեկացրեց, որ մասնակցելու են հաջորդ ԱԺ ընտրություններին եւ հույս ունեն, որ առաջիկայում նոր կառավարությունը կզբաղվի Ընտրական օրենսգրքի փոփոխություններով. «Դա կարեւոր է, որպեսզի մյուս կուսակցությունները եւս կարողանան լավ դիրքավորվել»:

Ինչ վերաբերում է դեկտեմբերի իննին կայացած ընտրությունների արդյունքներին՝ Արա Հակոբյանը նկատեց. «Ժողովուրդն արեց իր ընտրությունը: Կուզենայինք, որ քաղաքական ուժերի ավելի մեծ բազմազանություն լիներ, մինչդեռ ԱԺ-ն միաբեւեռ է: Այնուամենայնիվ, ընդունում ենք ժողովրդի ընտրությունը: Իսկ թե ինչպիսի ընդդիմություն կլինի խորհրդարանում, ապագայում կտեսնենք»:

Հավելենք, որ Արա Հակոբյանը նախկինում եղել է ՀՀ դեսպանը Հնդկաստանում, Շրի Լանկայում, Նեպալում, Ինդոնեզիայում, աշխատել է ՀՀ վարչապետի խորհրդական, եղել ՀՀ պետական գույքի կառավարման նախարարի տեղակալ: «Ազգային օրակարգի» հիմնադիր-հանձնախմբի մեկ այլ անդամ՝ Ավետիք Չալաբյանը, «Արար» եւ «Վերադարձ Հայաստան» հիմնադրամների համահիմնադիրներից է, նախկինում աշխատել է ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարությունում: «Արար» հիմնադրամի նպատակն է՝ նպաստել անվտանգության ինստիտուտների կայացմանը՝ գործակցելով ՊՆ-ի հետ, բարձրացնել զինծառայողների անվտանգությունը, կայացնել ռազմարդյունաբերությունը, ամրապնդել բանակ-հասարակություն կապը: Հիմնադրամի միջոցների մի մասն ուղղվել է անվտանգության խնդիրներին, եւ մենք շարունակելու ենք աջակցությունը»,-տեղեկացրեց Ավետիք Չալաբյանը: Կուսակցություն ստեղծելու առնչությամբ էլ նշեց. «Մեր քաղաքական հայտը հիմնված է մեր արած գործի եւ հաջողությունների վրա»:

«Ազգային օրակարգի» հիմնադիր-հանձնախմբի անդամներից Արա Գասպարյանն էլ համանուն հիմնադրամի տնօրենն է, 2009թ.-ից աշխատել է Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի ներքին անվտանգության վարչությունում՝ վերջին տարիներին ղեկավարելով ռազմական անվտանգության բաժինը: Վարդան Մարաշլյանն էլ, որը Երեւանի ավագանու ընտրություններում «Լույս» դաշինքի թեկնածու էր, «Վերադարձ Հայաստան» հիմնադրամի համահիմնադիրն է եւ ներկայիս գործադիր տնօրենը:

Մանրամասն՝ տեսանյութում

https://www.facebook.com/aravot.am/videos/402480936959637/

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31