Դիլիջանի բնակիչ, 1989թ. ծնված Դավիթ Հակոբյանը մեղադրվել է այն բանում, որ 2016թ. փետրվարի 9-ին Դիլիջանի Թբիլիսյան խճուղում գտնվող ավտոլվացման կետի մոտ վիճաբանել է Սերգեյ Միքայելյանի հետ, որի ընթացքում Դ. Հակոբյանը ապտակել է Միքայելյանին: Վերջինս փորձել է հանդիպել Դ. Հակոբյանին՝ իրեն ապտակելու համար պարզաբանում ստանալու նպատակով: 2016թ. փետրվարի 11-ին Ս. Միքայելյանը եւ Դ. Հակոբյանը պայմանավորվել են հանդիպել, հանդիպման տեղի եւ ժամի մասին Դ. Հակոբյանը պետք է տեղեկացներ: Նույն օրը ժամը 18.30-ի սահմաններում Ս. Միքայելյանը եւ նրա քրոջ ամուսին Յուրի Սահակյանը Ս. Միքայելյանին պատկանող «Նիսսան Տեանա» մակնիշի ավտոմեքենայով, որը վարել է Յուրի Սահակյանը, շրջել են Դիլիջանում, սպասելով Դ. Հակոբյանի զանգին: Յու. Սահակյանը եւ Ս. Միքայելյանն այդ ընթացքում մի քանի անգամ գնացել են Դ. Հակոբյանի բնակության վայր` Դիլիջանի Շամախյան թաղամաս: Ժամը 22-ի սահմաններում հերթական անգամ Շամախյան թաղամասից վերադառնալիս Դ. Հակոբյանը շատերի համար վտանգավոր եղանակով Ս. Միքայելյանին սպանելու դիտավորությամբ, իր կողմից ապօրինի ձեռք բերված եւ պահվող հրազենով կրակոցներ է արձակել վերջինիս «Նիսսան Տեանա» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ, մեկ անգամ հետեւի աջ դռան եւ երկու անգամ`պաշտպանիչ վահանակի ուղղությամբ: Յու. Սահակյանը կտրուկ ավելացրել է մեքենայի արագությունը եւ հեռացել դեպքի վայրից: Ս. Միքայելյանը կրակոցներից հետո ավտոմեքենայի նստատեղից հանել է այնտեղ պահված ինքնաձիգը եւ ավտոմեքենայի պատուհանից 3-4 անգամ օդ կրակել, որպեսզի այլեւս իրենց ուղղությամբ չկրակեն: Նա կրակելուց հետո ինքնաձիգն աղբամանն է նետել: Կրակոցների հետեւանքով Ս. Միքայելյանին պատճառել է աջ ոտքի շրջանում մարմնական վնասվածք: Դ. Հակոբյանը Դիլիջանի զինկոմ Հովհաննես Հակոբյանի որդին է:
2016թ. փետրվարի 24-ին որոշում է կայացվել Դ. Հակոբյանին ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 1-ին մասով, 235 հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին եւ նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում: 2016թ. փետրվարի 24-ին Տավուշի մարզի դատարանի կողմից որոշում է կայացվել նրա նկատմամբ խափանման միջոց ընտրել կալանավորումը`2 ամիս ժամկետով: 2016թ. մարտի 9-ին Դ. Հակոբյանը կամովին ներկայացել է ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժին: 2016թ. նոյեմբերի 22-ին Դ. Հակոբյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել, լրացվել է, նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով եւ 235 հոդվածի 1-ին մասով:
Դատարանում Դ. Հակոբյանն իրեն առաջադրված մեղադրանքներում մեղավոր չի ճանաչել, ասելով,որ մեղադրանքի հետ առնչություն չունի: Նա չի ցանկացել ցուցմունք տալ, սակայն պատասխանելով հարցերին`ասել է, որ ինքը երբեւէ զենք չի ունեցել, նույնիսկ չգիտի, թե «ԱԿ» տեսակի ինքնաձիգն իրենից ինչ է ներկայացնում, Ս. Միքայելյանին ճանաչում է քրեական գործի շրջանակներում, նրան առաջին անգամ տեսել է ազատազրկման վայրում, բաղնիք գնալիս, տեսնելով, որ կաղում է,հետո նրան մոտիկից տեսել է կալանավորներ տեղափոխող ավտոմեքենայում, դատարան գնալիս, նրան ասել է, որ հանկարծ չմտածի, որ ինքն է նրա վրա կրակել, չլսի պրովոկացիաներին:
Ս. Միքայելյանը դատաքննչության ընթացքում ցուցմունք է տվել, որ Դ. Հակոբյանին նախկինում չի ճանաչել, նրա հետ ծանոթացել է ազատազրկման վայրում, նրա հետ որեւէ թշնամություն չի ունեցել: Մեղադրողը պահանջել է Դ. Հակոբյանին մեղավոր ճանաչել նրան առաջադրված մեղադրանքներում եւ դատապարտել 13 տարի ժամկետով ազատազրկման: Դատարանն արձանագրել է, որ նշված քրեական գործով հավաքված ապացույցները թույլ չեն տալիս պարզել մեղադրանքի հիմքը կազմող հանգամանքներ, (մասնավորապես, այնպիսիք, որոնք վերաբերում են կատարված հանցագործություններին մասնակցությանը) անհրաժեշտ խորությամբ եւ լրիվությամբ նշված հանգամանքների ապացուցվածությունը կասկած է հարուցում, միաժամանակ սպառված են նոր ապացույցներ ձեռք բերելու բոլոր հնարավորությունները:
2017թ. նոյեմբերի 28-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանը վճռել է ճանաչել եւ հռչակել Դավիթ Հակոբյանի անմեղությունը ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով եւ ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասով նրան մեղսագրված հանցագործությունների կատարման մեջ`կատարված հանցագործություններին նրա մասնակցությունն ապացուցված չլինելու պատճառաբանությամբ, Դ. Հակոբյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը` կալանավորումը վերացնել , նրան անհապաղ ազատ արձակել դատական նիստերի դահլիճում: Քրեական գործով մեղադրող Ներսես Չիլինգարյանը բողոքարկել է դատավճիռը, խնդրել Դ. Հակոբյանին մեղավոր ճանաչել ՀՀ քր. օր.-ի 34-104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով եւ 235 հոդվածի 1-ին մասով՝ կայացնելով մեղադրական դատավճիռ:
2018թ. օգոստոսի 28-ին վերաքննիչ դատարանը(նախագահող դատավոր՝ Կ. Մարդանյան) որոշել է վերաքննիչ բողոքը բավարարել մասնակիորեն, Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2017թ. նոյեմբերի 28-ի դատավճիռը բեկանել եւ փոփոխել, Դավիթ Հակոբյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 1-ին մասով եւ 235 հոդվածի 1-ին մասով,34-104 հոդվածի 1-ին մասով նրա նկատմամբ նշանակել պատիժ 8 տարի, 6 ամիս ժամկետով, 235 հոդվածի 1-ին մասով՝ 1 տարի, 6 ամիս ժամկետով, նշանակված պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով նրա նկատմամբ վերջնական պատիժ նշանակել ազատազրկում 9 տարի ժամկետով, նշանակված պատժին հաշվեկցել Դ. Հակոբյանին նախնական կալանքի տակ պահելու 1 տարի 8 ամիս 19 օր ժամկետը եւ վերջնականապես թողնել կրելու ազատազրկում՝ 7 տարի, 3 ամիս, 11 օր: Դ. Հակոբյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Դ. Հակոբյանի պաշտպան Գուրգեն Հարությունյանն այդ դատավճռի դեմ վճռաբեկ բողոք է ներկայացրել: Քրեական գործն ընդունվել է վճռաբեկ դատարանի վարույթ:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ