Լրահոս
Օրվա լրահոսը

Արդարացնել մարդկանց սպասումները շատ կարճ ժամանակում՝ հսկայական մարտահրավեր է. Արմեն Սարգսյան

Դեկտեմբեր 24,2018 12:14

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել հնդկական WION հեռուստաալիքին՝ խոսելով Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից, դրան հաջորդած զարգացումներից, ինչպես նաև հայ-հնդկական հարաբերություններից:

«Ես հավատում եմ, որ Հայաստանը ճիշտ ուղու վրա է: Փոփոխությունները սկսվեցին անցյալ տարի և զարմանալիորեն իմ երդմնակալությունից հետո: Դուք պետք է հասկանաք, որ այն, ինչ այսօր կատարվում է մեր երկրում միայն մեկ հեղափոխություն չէ, որն ունի թավշյա հեղափոխություն անունը, և որը մեծ ձեռքբերում է մեր ժողովրդի համար: Եվ ես կշեշտեմ՝ հենց ժողովրդի համար ոչ միայն անհատների, չնայած որ անհատները ինչպես, օրինակ, հեղափոխության առաջնորդ պարոն Փաշինյանը ունեցել իր սեփական ներդրումը, որ այս հեղափոխությունը իրականանա խաղաղ ճանապարհով: Բայց ես նաև կավելացնեմ, որ նախկին նախագահը և վարչապետը՝ պարոն Սերժ Սարգսյանը, նույնպես իր ներդրումն է ունեցել՝ ընտրելով հրաժարականի, քան դիմակայության գնալու տարբերակը, ինչը միանգամայն անիմաստ էր այդ իրավիճակում…Եվ ես ուրախ եմ, որ մենք անցանք այդ հայկական ոճի հեղափոխությունը, և աշխարհում այսօր արդեն խոսում են, որ եթե դու ուզում ես հեղափոխական փոփոխություններ, դրան կարելի է հասնել առանց արյունահեղության»,- ասել է Սարգսյանը:

Արմեն Սարգսյանը նշել է, որ դա Հայաստանի միակ հեղափոխությունը չէ, քանի որ Հայաստանն այժմ անցում է կատարում նախագահականից դեպի խորհրդարանական կառավարում, մինչդեռ խորհրդային կարգերի տապալումից հետո մշտապես ունեցել է նախագահական կարգ: «Եվ հիմա մենք փոխում ենք մեր համակարգը դեպի խորհրդարանական հանրապետություն: Եվ բնական է, այդ փոփոխությունը հեշտ չէ»,- ասել է նա:

Բացի այդ, նախագահը նշել է, որ հեղափոխությունն արտահայտվում է նաև սերնդափոխության մեջ: «Երիտասարդ ասելով ես նկատի չունեմ տարիքը, այլ ոգին, այլ նոր մտածելակերպը, իրադարձություններին նայելու նոր ձևը, ինչպես նաև կառավարման նոր ձևը: Դու կարող ես լինել 60 կամ 70 տարեկան, բայց դեռ շատ երիտասարդ: Ինձ համար երիտասարդ լինելը քո անցած տարիները չեն, այլ այն՝ ինչպիսին է քո մոտեցումը կյանքի նկատմամբ, ինչքանով ես դու հոգով երիտասարդ, ինչքանով ես առաջ նայում»,- ասել է Սարգսյանը:

Լրագրողի հարցին՝ արդյոք անարյուն իշխանափոխության մեջ Մահաթմա Գանդիի գաղափարախոսությունն ազդեցություն ունեցել է՝ Արմեն Սարգսյանն ասել է, թե չգիտի՝ արդյոք երիտասարդ սերնդի վրա ազդել է, բայց իր վրա, անկասկած, այն ազդեցություն ունեցել է:

«Երբ ես համաձայնվեցի դառնալ նախագահ, դա ինձ համար նշանակում էր ամբողջությամբ փոխել կյանքս, որովհետև ես ազատ մարդ էի: Չնայած ես ներկայացնում էի Հայաստանը որպես Միացյալ Թագավորության դեսպան, բայց որպես դեսպան՝ ես աշխատավարձ չէի ստանում. իրականում ես մեկն էի, ով փորձում էր օգտագործել իր դիվանագիտական հմտությունները ի շահ երկրի՝ մնալով ազատ մարդ»,- ասել է Սարգսյանը:

Նրա խոսքով՝ համաձայնվելով նախագահի պաշտոնին՝ ինքը ստիպված էր կորցնել իր ազատության մի զգալի մասը՝ սկսած ընտանիքի հետ կապերից, քանի որ իր ընտանիքի անդամներն ապրում են այլ երկրներում, մինչև Միլանում դասական երաժշտություն լսելը և ճանապարհորդելը: «Ուստի սա նշանակում է լիարժեք կերպով փոխել կյանքդ: Բայց մյուս կողմից արժեր դա անել, քանի որ դու ծառայում ես քո երկրին»,- ասել է նա:

Սարգսյանը պատմել է՝ ինչպես է ցույցերի ամենաթեժ օրերին մտել ցուցարարների բազմության մեջ և հանդիպել Նիկոլ Փաշինյանին: «Իմ առաջին հանդիպումը ընդդիմության առաջնորդ, ապագա վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ տեղի է ունեցել՝ շրջապատված 50-100 հազարավոր մարդկանցով: Եվ շատ զարմանալի էր, որ նախագահը քայլում է նրանց միջով: Չնայած շարժումն իշխանության դեմ էր, բայց ինձ դիմավորեցին կատարյալ գեղեցիկ, դրական, և մարդիկ աջակցում էին ինձ»,- պատմել է Սարգսյանը՝ հավելելով, որ «դու պետք է լինես նրանցից մեկը, անգամ եթե դու նախագահ ես»:

Խոսելով հեղափոխությունից հետո մարդկանց սպասումների և ակնկալիքների մասին՝ Սարգսյանը նշել է, որ անգամ Երևանի փողոցներում քայլելով, կարելի է տեսնել, որ սպասումները շատ բարձր են, և պետք է ամեն ինչ անել՝ դրանք չդավաճանելու համար:

«21-րդ դարում ամեն ինչ շատ արագ է ընթանում: Մարդիկ սպասում են, որ փոփոխություններ կլինեն, ընդ որում, նրանք ակնկալում են ոչ թե մեկ, այլ բազմաթիվ փոփոխություններ՝ որ հասարակությունը լինի շատ ավելի ազատ, որ հասարակության մեջ արդարություն լինի, հետո չպետք է լինի կոռուպցիա, այսինքն` կոռուպցիայի դեմ պայքար է պետք, հետո ժողովրդավարությունը պետք է զարգանա և ամենակարևորը՝ տնտեսությունը պետք է սկսի շատ ավելի արագ զարգանալ, այսինքն` մարդկանց կենսապայմանները պետք է բարելավվեն: Հասնել այդ բոլոր հարցերի լուծմանը շատ կարճ ժամանակում՝ հսկայական մեծ մարտահրավեր է»,- ասել է նախագահը:

Ընդ որում, նրա կարծիքով՝ այդ խնդիրները հաղթահարելու գործում մեծ ներդրում կարող են ունենալ հենց մարդիկ: «Մարդիկ պետք է հավատան, որ իրենք լուծման մի մասն են, կամ հենց իրենք են լուծումը»,- ասել է նա:

Արմեն Սարգսյանը նաև խոսել է հայ-հնդկական հարաբերությունների բարձր մակարդակի և դրանք ավելի խորացնելու հեռանկարների մասին:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31