Լրահոս
Օրվա լրահոսը

21-րդ դարում Հայաստանի համայնքային գրադարաններում անգամ մեկ համակարգիչ  չկա․ Մադլեն Հովսեփյան

Դեկտեմբեր 24,2018 11:39

Խնկո Ապոր անվան ազգային մանկական  գրադարանի գիտքարտուղար

Մադլեն Հովսեփյանի  խոսքը

«Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության» կազմակերպած «Համայնքային  գրադարանների ներկան եւ ապագան. զարգացման հեռանկարները»  թեմայով հանդիպում-քննարկման ժամանակ

21-րդ դարը տեխնոլոգիական դար է , ավտոմատացման ծրագրերից են խոսում, իսկ Հայաստանի համայնքային գրադարաններում  անգամ մեկ համակարգիչ  չկա:  Գյուղական գրադարաններ կան, որ տարվա մեջ անգամ մեկ գրքով չեն համալրվում: Ելքային գրականությունը ավելի շատ է, քան՝ մուտքայինը: Մաշված գրականությունը  դուրս է գալիս շրջանառությունից, նոր գրքեր չեն ստացվում: Նախկինում շատ լավ ֆոնդեր են ունեցել գրադարանները եւ այսօր մենք միայն դրա հաշվին ենք կարողանում շարունակել աշխատել: Բայց այդ գրքերը արդեն շատ հնամաշ են, ուզում ես դարակից հանել՝ մասնատվում է: Այս խնդիրների լուծման համար ֆինանսական ներդրումներ ու լուրջ մոտեցում է պահանջվում: 21-րդ դարում ենք ապրում, բայց գրադարանավարները  ընթերցողական թերթիկները  թելը ու ասեղով են կարում: Իսկ գրադարանները կենդանի օրգանիզմ են…

Տարիների ընթացքում կրճատվել է եւ գրադարանների թիվը, եւ գրադարանավարների հաստիքները: Էական է նաեւ կադրերի հարցը, մասնագիտական կրթություն չունեցող մարդը ինչպե՞ս կարող է այդ գործով զբաղվել: Ես շատ եմ շփվում տարբեր գրադարանների աշխատողների հետ եւ տեսնում եմ մի խնդիր եւս,  շատ գյուղապետեր, քաղաքապետեր իրենց ծանոթներին են ընդունում աշխատանքի, կիսում են հաստիքը: Մարդիկ 26 հազար դրամ են ստանում ընդամենը, ի՞նչ պահանջես այդ մարդուց: Համայնքներ կան,  որ կես դրույքով աշխատող են պահում: Գրադարանավարը մինչեւ օրվա կեսն է աշխատում, այդ մոտեցմամբ ինչպե՞ս կարելի է գրադարան պահել, ընթերցող ունենալ:

Կարեւոր է, նաեւ, որ գրադարանի աշխատանքները լուսաբանվեն: Չունենք  որեւէ լուսաբանող օղակ: Վերջերս մենք Միջազգային գրադարանների ասոցիացիայից  մի ձեւաչափ էինք ստացել, որտեղ հարց կար՝ արդյոք դուք ունե՞ք գրադարանին վերաբերող հարցերը լուսաբանող  որեւէ թերթ: Միակ օղակը, որ կարող էինք բռնվել  «Բանբեր Հայաստանին» էր, որը տարին մի քանի անգամ է առցանց լույս ընծայվում…

Գրադարանների եւ հատկապես համայնքային գրադարաններին վերաբերող հարցերը շատ են, խնդիրները՝ բազմազան: Համակարգային լուծումների անհրաժեշտություն կա: Առաջնահերթ լուծումը Հայաստանի մշակութային քաղաքականության ձեւավորումն է: Ընդգծում եմ՝ ձեւավորումը, ոչ   թե ամրապնդումը:  Կամ գրադարանները պետք է մշակույթի նախարարության ենթակայության տակ լինեն, կամ ՏԻՄ-երը, որոնց ենթակայության տակ են այսօր համայնքային գրադարանները,  պետք է ուժեղ լինեն ու ճիշտ քաղաքականություն վարեն:

Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնություն

«Երեւակ» լրատվական- վերլուծական խումբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31