Լրահոս
Օրվա լրահոսը

Քննարկվել են ՓՄՁ-ներին վերաբերող «զգայուն հարցեր»

Դեկտեմբեր 24,2018 13:30

Ոլորտի մասնագետները եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներն առաջարկներ են ներկայացնում կառավարությանը

Դեկտեմբերի 20-ին տեղի է ունեցել Փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի ենթախորհրդի առաջին նիստը` ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ քննարկման մասնակիցներն անդրադարձել են Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթում ներառված խնդիրներին, ներկայացրել մասնավոր հատվածի, մասնավորապես ՓՄՁ-ների համար զգայուն հարցերը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել ներկայացված հարցերին անդրադառնալ առաջիկա նիստի ժամանակ, իսկ մինչ այդ շրջանառել առաջարկությունների նախագիծը ենթախորհրդի անդամների միջեւ։

Թե ՓՄՁ-ներին վերաբերող հատկապես ի՞նչ «զգայուն հարցերի» են անդրադարձել քննարկման մասնակիցները` «Առավոտը» մանրամասները խնդրեց «Հարկ վճարողների պաշտպանություն» հասարակական կազմակերպության նախագահ Փայլակ Թադեւոսյանից: Նա եւս մասնակցել է քննարկմանը: Քննարկումը տեւել է երեք ժամից ավելի, անդրադարձ է կատարվել մի շարք հարցերի: Դրանցից առավել կարեւորներից է, օրինակ, շահաբաժինների հարկումը ՓՄՁ-ների վրա չտարածելու հարցը: Մեր զրուցակիցը մանրամասնում է. մի կողմից՝ պետությունը սահմանամերձ բնակավայրերում բիզնես անողներին եւ ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտներին ազատել է հարկերից, մյուս կողմից՝ Հարկային օրենսգրքով «հորինվել» է շահաբաժնի հարկ, որը վերաբերում է ե՛ւ սահմանամերձ բնակավայրերում բիզնես իրականացնողներին, ե՛ւ ընտանեկան ձեռնարկատիրությամբ զբաղվողներին: Շահաբաժնի հարկը նախատեսված է գործող Հարկային օրենսգրքով. ըստ այդմ՝ 2018-ի հունվարի 1-ից 2018 թվականի արդյունքներով ձեւավորված շահույթից բոլոր բաժնետերերը, որոնք ֆիզիկական անձինք են, շահաբաժնի հարկ են վճարում: «Առաջարկը եղել է, որ շրջանառության հարկ վճարողների, սահմանամերձ բնակավայրերում բիզնես անողների եւ ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտների համար, երբ պետությունը մեղմ ռեժիմ է սահմանել կամ արտոնություն է տվել, շահաբաժնի հարկ չգործի: Որովհետեւ արդյունքում, օրինակ, սահմանամերձ բնակավայրերում բիզնես անողներին եւ ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտներին պետությունն ասում է` դուք ազատված եք հարկերից, բայց մեկ այլ հարկ ենք մտածում եւ 5 տոկոսով հարկում ենք նրանց»,- մանրամասնեց մեր զրուցակիցը:

Քննարկվել է նաեւ հետեւյալ խնդիրը. գործող Հարկային օրենսգրքով կարգավորումներն այնպիսին են, որ շրջանառության հարկ վճարողն այսօր հնարավոր է, օրինակ, արտադրական յուղ ներմուծի ոչ իրացման համար, այլ իր սարքավորումները յուղելու համար, որն ակցիզային հարկով հարկման դաշտում է, իսկ օրենքն էլ ասում է, որ ակցիզային հարկ վճարողները չեն կարող շրջանառության հարկ վճարել, եւ այդ սուբյեկտը մեխանիկորեն դուրս է գալիս շրջանառության հարկի վճարման դաշտից: Առաջարկներից մեկն էլ եղել է այդ բացառությունն անել, քանի որ այսպես թե այնպես հարկը վճարվում է, հարկի պակաս վճարման խնդիր չկա: Խնդիրն այն է, որ ակցիզային հարկման դաշտում գտնվող ինչ-ինչ ապրանքների ներմուծման դեպքում տվյալ սուբյեկտները շարունակեն մնալ շրջանառության հարկի վճարման դաշտում:

Բազմաթիվ այլ առաջարկներ էլ են ներկայացվել ընդհանուր ոլորտին վերաբերող, որոնք կքննարկվեն առաջիկա նիստերի ժամանակ: Թե որոնք կընդունվեն, որոնք կմերժվեն՝ դժվար է ասել: Մեր զրուցակիցն էլ փաստում է՝ մեկ բան է տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի, որը կառավարության անդամներից մեկն է, կարծիքն իրենց ներկայացրած առաջարկների մասին, այլ բան է, թե կառավարությունն ի՞նչ վերջնական մոտեցում կցուցաբերի այդ հարցերին: Երրորդ հարցն է, թե խորհրդարանն ի՞նչ դիրքորոշում կդրսեւորի: Նաեւ շատ բան կախված է նրանից, թե առաջարկների հեղինակներն ինչպե՞ս կհիմնավորեն իրենց պնդումները, կամ որքանով արդիական կլինեն դրանք: Մեր զրուցակիցն իր փորձից նկատում է, որ լինում են դեպքեր, երբ լավ առաջարկը ոչ բավարար փաստարկվածության արդյունքում չի ընդունվում:

Այն հարցերը, որոնց շուրջ ոչ թե ենահանձնաժողովում, այլ պատկան պետական մարմիններում, համաձայնություն չի լինի: Մեր զրուցակիցը կարծում է, որ առաջարկները պետք է խմբավորվեն` հրատապ լուծում պահանջող հարցերի, որոնք մասշտաբային փոփոխությունների անհրաժեշտություն չեն առաջացնում, եւ երկարաժամկետ լուծումներ պահանջող հարցերի: Այս համատեքստում են ոլորտի մասնագետները տեսնում նոր Հարկային օրենսգիրք ունենալու հարցը: Գործող օրենսգիրքը, օրինակ, մեր զրուցակցի կարծիքով՝ կառուցված է ոչ պարտաճանաչ հարկ վճարողների վարքագիծը զսպելու տրամաբանությամբ, որը հավասարապես տարածվում է նաեւ պարտաճանաչ հարկատուների վրա: Բացի այդ՝ ծավալուն է, պարզություն չունի, եւ հոդվածների 50 տոկոսից ավելին ընդունումից անմիջապես հետո փոփոխությունների է ենթարկվել: «Եթե ուզում ենք նորմալ ներդրումային միջավայր ունենալ, պետք է ունենանք նաեւ դրան չխոչընդոտող Հարկային օրենսգիրք: Այսօրվա օրենսգիրքը, որքան էլ դրա նախկին մշակողները կամ ներկայիս ու նախկին կառավարություններն ասում են՝ ներդրումների նպաստավոր պայմաններ է ստեղծում, իրականում այդպես չէ: Որովհետեւ բիզնեսի փուլը եւ ամորտիզացիոն մասհանումները իրար հետ չեն համընկնում: Մենք առաջարկեցինք երկարաժամկետ հատվածի համար քննարկել ամորտիզացիոն մասհանումների ժամկետների ամբողջապես նոր մոտեցումներ»,- ասաց Փայլակ Թադեւոսյանը:

Ամսի 20-ին կայացած հանդիպման ժամանակ, ի դեպ, հաստատվել է նաեւ ՓՄՁ զարգացման խորհրդի ենթախորհրդի աշխատակարգը, ըստ որի՝ ենթախորհրդի նիստերը պետք է հրավիրվեն ամիսը մեկ անգամ, իսկ խորհրդի նիստերը՝ տարեկան առնվազն չորս անգամ:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

22.12.2018     

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31