Լրահոս
Օրվա լրահոսը

«Ձեր հիմնարկում քանի՞ հոգի է աշխատում: Մոտ կեսը»

Դեկտեմբեր 24,2018 13:00

Կառավարման փորձագետ Սերոբ Անտինյանն ասում է՝ առանց ուսումնասիրության նախարարությունների կրճատումից կտուժի պետական կառավարման համակարգը

Դեռ նախորդ կառավարության օրոք փորձագետները հայտարարում էին՝ պետական ապարատն ուռճացված է, մի քանի տասնյակ հազարի հասնող ավելի հաստիքներ ու պետական աշխատողներ կան: Ընդ որում, նաեւ նշում էին՝ պետական ապարատն ուռճացվել է գործազրկության թիվը նվազեցնելու համար: Հանրության շրջանում էլ դժգոհություններ կային, թե՝ ինչո՞ւ հարկատուների հաշվին պետք է պահել այդ ուռճացված հաստիքները, պաշտոնյաների ծանոթ-բարեկամների վարձատրությունն ապահովել:

Սրա ապացույցն էր նաեւ նոր կառավարության անդամներից մեկի՝ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանի, որը երկար տարիներ աշխատել է նաեւ նախկին կառավարությունում, բերած օրինակը՝ «Ղեկավար կազմի թիվը մի քիչ չափազանցված է պետական մարմիններում: Մեզ մոտ, օրինակ, 4-ից 1-ը ղեկավար է կամ, այսպես ասած, ղեկավարին սպասարկող անձնակազմ: Դա ամենավատը չէ, որովհետեւ որոշ տեղերում կա նաեւ 2-ից 1-ը: Եթե 10-ից 1-ը ղեկավար լինի, դա ավելի տրամաբանական կլինի»:

Հիմա նոր կառավարությունը մտադիր է ուռճացված ապարատը օպտիմալացնել, խելամիտ հաստիքակազմ ստեղծել: Նոր իշխանությունը նախաձեռնում է նախարարությունների ու ՊՈԱԿ-ների թվի կրճատում. 17 նախարարությունից հավանաբար կմնա 11-12-ը:

Այս որոշումը բողոքի ալիք առաջացրեց: Կրճատման համար թիրախավորված կառույցներից են մշակույթի եւ սփյուռքի նախարարությունները. աշխատակիցները երեկ բողոքի ցույց էին անում ընդդեմ այդ որոշման:

Ի՞նչ անել. շարունակե՞լ վճարել ուռճացված ապարատի համար ու որոշ դեպքերում այն աշխատակիցների, որոնք լավագույն դեպքում կրկնվող գործառույթ են կատարում, թե՞ պետությունը պետք է անողոք լինի ռացիոնալ պետական համակարգ ստեղծելու համար: Մի կողմում մարդիկ են, որոնց սպառնում է գործազրկությունը, մյուս կողմում՝ համակարգի անհրաժեշտ ու արդեն օրհասական օպտիմալացումը:

«Այս խնդիրն ինձ սովետական անեկդոտ հիշեցրեց. հարցնում են՝ ձեր հիմնարկում քանի՞ հոգի է աշխատում: Պատասխանում են՝ դե, մոտ կեսը: Սովետական այս հումորը ճշմարտությունն է արտացոլում: Անշուշտ, մեր պետական համակարգը պետք է լինի արդյունավետ, եւ պետք է աշխատեն բացառապես գործառույթների ծավալին եւ բովանդակությանը համապատասխանող աշխատակիցներ»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց կառավարման փորձագետ Սերոբ Անտինյանը: Բայց, ըստ Անտինյանի, պետք է հասկանալ՝ որտեղի՞ց է խնդիրը, ու ինչո՞ւ է համակարգն այսքան մեծ. «Այս ամենը ժառանգել ենք սովետական պլանային վարչարարական համակարգից՝ ամեն ինչ անում էր պետությունը»:

Կրճատե՞լ նախարարությունների, ՊՈԱԿ-ների թիվը. Անտինյանը հիշեցրեց դեռ 1999-ից մեկնարկած պետական կառավարման համակարգի բարեփոխումների գործընթացը, ստեղծվել էր հանձնաժողով, մշակվել հայեցակարգ, եւ ինչպես փորձագետը նշեց, դրա տրամաբանությունը պետական կառավարչական գործառույթից մասնագիտական ծառայության առանձնացումն էր:
Փորձագետը նկատեց՝ երբ 2001-ին ընդունված օրենքներով ՊՈԱԿ-ներ դարձան պետական դպրոցները, պոլիկլինիկաները, հիվանդանոցները եւ այլ հիմնարկներ, նպատակն ու իմաստն այն էր, որ դրանք ինքնուրույն գումարներ հայթայթեին ու իրենց խնդիրները լուծեին, դրանով էլ բացառվեր պետությունից գումար ստանալը. «Եթե այս գործընթացը ճիշտ գնար, ապա պետությունն աստիճանաբար իր վրայից կթոթափեր ֆինանսական հսկայական բեռը, ինչը, սակայն, տեղի չունեցավ: Պետական կառավարչական ապարատում աշխատում է 18,5 հազար մարդ, պետական համակարգում՝ 144 հազար մարդ: Այսինքն՝ մենք պետք է հասկանանք՝ մենք ուզում ենք տնտեսե՞լ պետական միջոցները, ապա պարզենք՝ ո՞ր կառույցներն են վատնում պետական միջոցները: Դրանք այն հսկայական ՊՈԱԿ-նե՞րն են, որոնք պետությունից ստանում են հսկայական միջոցներ ու չկարողացան ֆինանսավորման այլընտրանքային աղբյուրներ գտնել: Ո՞րն է այդ ՊՈԱԿ-ների մյուս խնդիրը՝ երբ դու մասնագիտական ծառայությունը առանձնացնում ես կառավարչական գործառույթից եւ պետությանը թողնում ես միայն կառավարման, խաղի կանոնների սահմանման գործառույթը, ապա շուկայում մասնագիտական ծառայությունները սկսում են այլընտրանքներ ձեւավորել՝ մասնավոր դպրոցներ, մասնավոր հիվանդանոցներ: Հետո սրանց մասնագետները պետականից կհոսեին մասնավոր, ու նույնպես պետությունից բեռը կթոթափվեր»:

Որոշ ՊՈԱԿ-ների գործառույթներում կոռուպցիոն կամ անարդյունավետ ծախսերի երեւույթներ են բացահայտվում, սա չի՞ վկայում այն, որ դրանք իսկապես պետք է կրճատվեն, լուծարվեն՝ մեր այս հարցին ի պատասխան Անտինյանն ասաց. «Ուրեմն հասկանանք՝ մենք ունենք ինստիտուցիոնա՞լ խնդիր, թե՞ ֆունկցիոնալ: Այսինքն՝ կառուցվա՞ծքն է սխալ, թե՞ գործառնության սխալ կա: Ասենք՝ ՊՈԱԿ-ին փող էին տալիս, տնօրենին, պայմանական եմ ասում, կանչում, ասում էին՝ կեսը կբերես կտաս ինձ: Եթե կառուցվածքային խնդիր է, այդ խնդիրը լուծենք, եթե գործառնության խնդիր է, ապա դա շտկենք: ՊՈԱԿ-ների ստեղծման տրամաբանությունը ճիշտ է եղել, այլ հարց է, որ դա սխալ է ընթացել»:

Անտինյանն առաջարկ արեց կառավարությանը՝ մինչ պետական համակարգի բարեփոխումների կացնային տարբերակն ընտրելը, պետք է կատարվեն մասնագիտական շատ խորը քննարկումներ եւ ուսումնասիրություններ. «Այդ արմատական փոփոխությունները պետք է կատարենք պետական կառավարման համակարգի փիլիսոփայությամբ եւ տրամաբանությամբ: Եթե հեղափոխությունն անցնցում իրականացավ, շատ կարեւոր էր, որ այդ ընթացքում պետական կառավարման համակարգն անխափան աշխատեց: Եթե որոշում ենք կացնային եղանակով միավորել նախարարությունները, պետք է հստակ պատկերացնենք՝ ի՞նչ ենք շահելու կամ կորցնելու: Պետական համակարգի օպտիմալացման վերաբերյալ իմ դիրքորոշումն է՝ պետք է հստակ ձեւակերպենք մեր խնդիրները: Այն, որ որոշ կառույցներ սխալ են աշխատել, դա դեռ չի նշանակում, որ մենք ունենք սխալ հենց կառուցվածքի մեջ, միգուցե սխալ են եղել աշխատեցնողները: Ուրեմն պետք է ճիշտ աշխատեցնել: Եթե կան կրկնվող գործառույթներ, պետք է բացահայտել եւ բացառել դրանք: Պետք է վարչություններն ու բաժինները ձեւավորել ըստ գործառույթների ծավալի: Եթե օբյեկտիվ ուսումնասիրություն արվի, գուցե պարզվի որ ուռճացված է համակարգը: Ամեն դեպքում, փորձագետների խումբ պետք է ստեղծվի, ուսումնասիրի»:

Անտինյանը նշեց՝ եթե կար խնդիր, որ այդ կառույցների, գերատեսչությունների պաշտոնյաները միայն իրենց սեփական գրպանի համար էին աշխատում կամ ատկատ անում, ի վերջո իշխանություն է փոխվել, գուցե ժամանակակից մտածողությամբ ղեկավարներ նշանակվեն, որոնք կբացառեն այդ երեւույթներն ու արդյունավետ կաշխատեն:

«Կարեն Կարապետյանի ժամանակ ցուցահանդեսային կենտրոն ՊՈԱԿ-ը կրճատվեց, 7 աշխատակիցներից 6-ն արտագաղթեց, այլ աշխատանք չգտավ: Պետք է զգուշությամբ մոտենալ այդ օպտիմալացմանը: Իսկ հիմա ՊՈԱԿ-ներին դեռ ոտքի չկանգնեցրած՝ կրճատում են, մինչդեռ պետք է դրանց դրդել ինքնուրույն գումար հայթայթելուն»,- ասաց Անտինյանը:

Կառավարման փորձագետը նաեւ մի կարեւոր հանգամանք հիշեցրեց՝ նախարարություններում փաստաթղթաշրջանառությունը Մալբրի առցանց համակարգով է իրականացվում. «Սրանով ղեկավար պաշտոնյաները ահռելի ծավալի գրություններ են ստանում: Պատկերացնենք՝ եթե 2 կամ երեք նախարարություն միավորվեն, գրությունը, որը պատրաստվել է ու նախարարի անունից պետք է գնա ինչ-որ կառավարման ոլորտը կարգավորելուն, դա հաճախ 2-3 օր մնում է նախարարի մոտ՝ գերծանրաբեռնվածության պատճառով: Հիմա եթե միավորվեն, այդ գրությունը 1 շաբաթ, 10 օր կմնա: Դա պետք է մի նախարար սպասարկի, նախարարը քաղաքական պաշտոնյա է, նախարարը պետք է որոշում կայացնի, ու միավորված 2-3 նախարարությունների փոխնախարարները պետք է սպասեն ընդունելության, որպեսզի իրենց ճյուղային ոլորտի հարցերն առաջադրեն: Պետական համակարգի խաթարումը կարող է բերել վատ հետեւանքների: Քաղաքական գործընթացները տարբեր ձեւով են ընթանամ, եթե ունենանք անխափան արդյունավետ պետական համակարգ, պետականությունն ամուր կլինի՝ անկախ քաղաքական գործընթացներից: Քաղաքական որոշումներից անկախ քաղաքացիական համակարգն է կարեւոր, որովհետեւ եթե փոխվի նախարար, դրանից գործը չի կանգնի, մասնագետները կշարունակեն մեխանիզմի պես աշխատել: Հիմա դեռ պետությունն է համակարգում հասարակական հարաբերությունները, սրանք պետք է թոթափել, նոր անցնել կացնային կրճատումների: Նախարարությունների թվի կացնային կրճատումից տուժելու է պետական կառավարման համակարգը»:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

22.12.2018     

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Նարեկ says:

    Այս Սերոբըւ չէր, որ 2004 թվականին աշխատանքի անցավ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում եւ արդեն երկրորդ ամսում կաշառք վերցնելու պահին բռնվեց: Այս Սերոբն էր: ՈՒ հիմա խոսում է կառավարման համակարգի արդյունավետությունից??? Սերոբ ջան սիրուն չի:

  2. Արամայիս says:

    Նարեկ, ձեզ կառաջարկեի այդ գործի մասին բավականին իրազեկվեիք՝ ինչ հանգամանքներում է տեղի ունեցել դեպքը և՝ ինչ է դրան հաջորդել… Մարդկանց վրա ցեխ շպրտելը, կամ վարկաբեկելը բարոյական զբաղմունք չէ: Թվեր ու փաստեր խառնելը՝ նույնպես:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31