Լրահոս
Օրվա լրահոսը

Կաշառքի պատմություն կապված «Հոկտեմբերի 27-ի գործով» ցմահ ազատազրկվածի անվան հետ

Դեկտեմբեր 24,2018 12:30

Ըստ գործի նյութերի. «եթե Էդուարդ Գրիգորյանին պետությունը չխաբեր, ապա Է.Գրիգորյանի մայր Թերեզա Օհանյանն այսօր կլիներ առողջապահության նախարար»

Երեկ ՀՀ քրեական վերաքննիչ դատարանում նշանակվել էր Թերեզա Սարգսյանի բողոքի քննությունը: Բողոքաբեր կողմը պահանջում է ամբողջությամբ բեկանել եւ փոփոխել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը, որով 5 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման է դատապարտվել Թ.Սարգսյանը, եւ գործի վարույթը կարճել:

Այժմ ամբաստանյալի նկատմամբ ընտրված է ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը, եւ այն անփոփոխ է՝ մինչեւ դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:

Դատարանի վճռով, տուժող եւ քաղաքացիական հայցվոր Թերեզա Օհանյանի քաղաքացիական հայցը բավարարվել է մասնակի` ամբաստանյալ եւ քաղաքացիական պատասխանող Թերեզա Սարգսյանից հօգուտ տուժողի բռնագանձվելու է 4.903.740 ՀՀ դրամ` որպես հանցագործության հետեւանքով պատճառված վնասի հատուցում:

Ամբաստանյալ Թերեզա Սարգսյանի անվամբ գրանցված գույքի վրա նախաքննության մարմնի 2016 թվականի հունիսի 28-ի որոշմամբ դրված կալանքը թողնվել է անփոփոխ`մինչեւ դատավճռի կատարումը:

Հիշեցնեմ, որ Թերեզա Սարգսյանը մեղադրվել էր այն բանի համար, որ հոկտեմբերի 27-ի գործով ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում ցմահ ազատազրկման դատապարտված Էդուարդ Գրիգորյանի նկատմամբ համաներում կիրառելու եւ ներում շնորհելու խոստմամբ, դատապարտյալի մորը` Թերեզա Օհանյանին դրդել է իր միջոցով առանձնապես խոշոր չափերով` 4.903.740 ՀՀ դրամին համարժեք 12.000 ԱՄՆ դոլար գումար կաշառք տալ պաշտոնատար անձանց, ապա «ստանալով նշված գումարը` հափշտակել է Թերեզա Օհանյանի առանձնապես խոշոր չափերով գույքը»:

Ըստ առաջին ատյանի դատարանում հաստատված մեղադրանքի, Թերեզա Սարգսյանը գործով տուժող Թերեզա Օհանյանին առաջին անգամ հանդիպել է 2011թ. գարնանը մերսման ծառայություններ մատուցող Վարսիկ Մկրտչյանի տանը:

Մի քանի ամիս հետո, ըստ յոթ հատորանոց քրեական գործի նյութերի, Թերեզա Սարգսյանը 2011 թվականի օգոստոսին այցելել է Վարսիկ Մկրտչյանին եւ ասել, որ սեպտեմբերին «մեծ համաներում» է սպասվում, ապա խաբել է, թե իբր հնարավորություն ունի օգնել Էդուարդ Գրիգորյանին պատժից ազատելու հարցում, մասնավորապես «կապեր ունի ՀՀ նախագահի աշխատակազմում եւ իբր այնտեղ իր ծանոթ պաշտոնատար անձանց միջոցով կարող է կարգավորել Էդուարդ Գրիգորյանին ՀՀ անկախության տարեդարձի կապակցությամբ սպասվելիք համաներման ցուցակում ընդգրկվելու, ապա` ՀՀ նախագահի կողմից ներում շնորհելու հարցը»: Թերեզա Օհանյանը հանդիպել է Թերեզա Սարգսյանի հետ, որի ընթացքում վերջինս հայտնել է, որ «մոտ հարաբերությունների մեջ է գտնվում բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ եւ նրանց կաշառք տալու միջոցով կարող է լուծել որդու` Էդուարդ Գրիգորյանի պատժից ազատելու հարցը»: Ըստ տուժողի, «Թերեզա Օհանյանը, հաշվի առնելով Թերեզա Սարգսյանի հեղինակավոր լրատվական միջոցում աշխատելու եւ հայտնի լրագրող լինելու հանգամանքները, ինչպես նաեւ իրավասու պաշտոնատար անձանց շրջանում լայն կապեր ունենալու վերջինիս վստահեցումները, հավատացել եւ վստահություն է ձեռք բերել Թ.Սարգսյանի նկատմամբ, համոզվել կաշառք տալու միջոցով իր որդուն ազատելու հնարավորությանը, 2011 թվականի օգոստոսի 29-ից նոյեմբերի 28-ն ընկած ժամանակահատվածում, «Արմենիկում» հիվանդանոցի մոտ եւ Վարսիկ Մկրտչյանի բնակարանում մաս-մաս Թերեզա Սարգսյանին է փոխանցել իր բնակարանի գրավադրումից ստացված 4.903.740 ՀՀ դրամին համարժեք 12.000 ԱՄՆ դոլար գումարը, ով վերցնելով այդ գումարը որեւէ գործողություն չի կատարել», հափշտակել է Թերեզա Օհանյանի 4.903.740 ՀՀ դրամին համարժեք 12.000 ԱՄՆ դոլար գումարը»:

Ի դեպ, 2016 թվականի հուլիսի 11-ի որոշմամբ քրեական գործն ուղարկվել է դատարան եւ հուլիսի 25-ի որոշմամբ նշանակվել դատական քննության:

Թերեզա Սարգսյանը, ինչպես նախաքննության, այնպես էլ դատաքննության ընթացքում իրեն մեղավոր չէր ճանաչել, դատաքննության ընթացքում հրաժարվել է ցուցմունք տալ:

Նախաքննության ընթացքում ամբաստանյալը հայտնել էր, թե մերսման սրահի իր ծանոթը դիմել է ընկերուհու որդու համար, ինքը փորձել է հրաժարվել դիմում գրելուց, նրան բացատրել է, որ համաներումը չի կարող կիրառվել ցմահ դատապարտյալների պատժի վրա, սակայն Վ.Մկրտչյանն իրեն ասել է, որ դա իր գործը չի, կկիրառվի, թե` ոչ, իր գործը գրելն է, գրի, իսկ նրանք մարդ ունեն, ով այդ հարցով կզբաղվի։ Գրել է դիմումը, թե դատապարտյալի անունից, թե դատապարտվածը զղջացել է իր կատարած արարքի համար, հիվանդ է, իր մոտ եղած զենքից կրակ չի արձակվել։ Հարազատները պետք է դիմումը հասցնեին 2011 թվականի սեպտեմբերի 21-ին՝ անկախության քսանամյակին։ Ըստ նախաքննության ցուցմունքի, Վ.Մկրտչյանի հետ զրույցի ընթացքում ասել է, որ Էդուարդ Գրիգորյանը պետք է «սատկի», նրա տեսակը պետք է ոչնչանա, իսկ դրա մոր արգանդը պետք է չորանար, որ չծներ ու պետություն չգլխատեր, քանի որ այդ «կենդանին» ձեռք է բարձրացրել խաղաղ մարդկանց վրա. «Վ.Մկրտչյանն իրեն այդ պահին պատասխանել է, որ հենց այդ պետությունն է խաբել Էդուարդ Գրիգորյանին եւ ուղարկել սպանդի եւ եթե Էդուարդ Գրիգորյանին պետությունը չխաբեր, ապա Է.Գրիգորյանի մայր Թերեզա Օհանյանն այսօր կլիներ առողջապահության նախարար, իսկ ինքը՝ բուժվարչության պետ»:

Նախաքննության ժամանակ, ամբաստանյալն ասել էր, որ 2016 թվականի փետրվարի վերջին, մարտի սկզբին, իրեն է զանգահարել Վարսիկ Մկրտչյանը եւ հայտնել, որ մարտի 18-ին ցմահ դատապարտյալ Էդուարդ Գրիգորյանի բնակարանը բանկը տանելու է, ինքը լավություն անի, գնա 18.000 դոլար մուծի եւ նրա բնակարանը գրավադրումից հանի, իսկ մնացածը՝ «քվիտ» կլինեն, կարեւորն այն է, որ այդ մարդիկ չկորցնեն իրենց բնակարանը, մանավանդ, որ նրանք արդեն կորցրել են իրենց հացի փուռը. «Ինքը Վարսիկ Մկրտչյանին հարցրել է, թե ինչու պետք է հատկապես ինքը հանի Էդուարդ Գրիգորյանենց տունը գրավադրումից, Վ.Մկրտչյանն էլ պատասխանել է, թե նրա համար, որ իր դիմում գրելու համար անձամբ գումարը հաշվել եւ տվել է իրեն, հարցրել է, թե ինչ գումարի մասին է խոսում, երբ այդ դիմումն իր խնդրանքով է գրել եւ տվել իրեն։ Վ.Մկրտչյանն անընդհատ կրկնել է, որ ինքն է անձամբ գումարը հաշվել եւ իբրեւ թե տվել իրեն, նրան ասել է, որ հանդիպեն եւ հասկանան, թե ինչի մասին է խոսում, իսկ Վ.Մկրտչյանը պատասխանել է, որ խառն է եւ չի կարող հանդիպել, բայց միաժամանակ ասել է, որ կարող են հանդիպել Էդուարդ Գրիգորյանի մոր տանը։ Վ.Մկրտչյանից խնդրել է Է.Գրիգորյանի մոր հեռախոսահամարը, որից հետո զանգահարել է Թերեզա Օհանյանին, որպեսզի Վարսիկ Մկրտչյանի արած հայտարարության համար պարզաբանումներ ստանա եւ իր հիշելով Թ.Օհանյանն իրեն ուշ ժամի հրավիրել է իր տուն։ Ինքը Վարսիկ Մկրտչյանին ասել է, թե ինչու նրանք չեն գալիս իր տուն կամ իր՝ Վարսիկ Մկրտչյանի բնակարանում չեն հանդիպում, իսկ Վարսիկ Մկրտչյանը պատասխանել է, որ իր բնակարանը վերանորոգում են, խառն է եւ չի կարող հրավիրել իր բնակարան, իր բնակարան նույնպես չեն կարող գալ։ Վարսիկ Մկրտչյանը հորդորել է, որ իրենք գնան Թերեզա Օհանյանի բնակարանը գրավադրումից հանեն, այլապես իրենք ԱԱԾ-ի հետ կապեր ունեն, ազդեցիկ մարդիկ կան այնտեղ եւ եթե ինքը բնակարանը գրավադրումից չհանի, 18.000 դոլար չվճարի բանկին, ապա մեծ տհաճություններ կունենա ԱԱԾ-ում»:

Մեղադրյալ Թ.Սարգսյանը նշել է, որ Վ. Մկրտչյանից վերցրած հեռախոսահամարով զանգահարել է Թ.Օհանյանին, որպեսզի պարզաբանում ստանա, թե ինչու եւ ինչի մասին է խոսքը: Ի դեպ, Էդիկի մանկաբույժ մայրը հայտնել էր, ընտանիքի անդամները տեղյակ չեն եղել, որ այդքան գումար է տվել Թերեզա Սարգսյանին, քանի որ դա Թ.Սարգսյանի պարտադիր պայմաններից մեկն է եղել:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

22.12.2018     

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31