Լրահոս
Օրվա լրահոսը

Դեմիրճյանի տուն-թանգարանն ազատագրվեց «շրջափակումից»

Դեկտեմբեր 24,2018 12:00

Տասնամյակներ շարունակ երեւանցիները եւ Երեւան այցելող զբոսաշրջիկները զրկված էին պատմամշակութային հուշարձանի կարգավիճակ ունեցող բացառիկ մի շինության գեղեցկությունը տեսնելու եւ վայելելու հնարավորությունից: Խոսքը Աբովյան փողոցի թիվ 29 շենքի մասին է, որը կառուցվել է 1928 թվականին եւ որտեղ 1929-ից մինչեւ մահը՝ 1956 թվականը, բնակվել է հայ դասական Դերենիկ Դեմիրճյանը: Այս շենքում 1977 թվականից գործում է գրողի տուն-թանգարանը, որի մուտքն արդեն երկու տասնամյակից ավելի անտեսանելի էր այցելուների համար՝ առջեւի ծառուղին սննդի մատակարարման կետի վերածած գործարարի՝ օր օրի աճող «ախորժակի» պատճառով: Տուն-թանգարանի վարիչ Կարինե Ռաֆայելյանը բազմաթիվ անգամներ նամակներ է գրել քաղաքի ղեկավարներին՝ խնդրելով ազատել իրենց գրողի տուն-թանգարանի գործունեությանը խոչընդոտող եւ Աբովյան փողոցի նկարագրին անհարիր այդ օբյեկտից, սակայն «սայլը տեղից չի շարժվել»:

Արդեն հուսալքված վարիչը մեկ անգամ եւս որոշեց բարձրաձայնել խնդրի մասին՝ նամակներ հղելով Երեւանի նորընտիր քաղաքապետին:

«Որքան էլ անհավատալի է, տասնամյակների պայքարը տվեց արդյունք. այսօր ապամոնտաժվեց մի փնթի շինություն, որի տերը, հավանաբար, այն մտովի գրանցել էր հայոց պատմության հավերժական արժեքների շարքում: Ես պարզապես խոսքեր չեմ գտնում՝ արտահայտելու իմ գոհունակությունը այն օպերատիվության ու գրագետ մոտեցման համար, որ ցուցաբերեցին Երեւանի քաղաքապետարանի եւ Կենտրոն վարչական շրջանի ղեկավարներն ու աշխատակիցները: Մի՞թե երկու տասնամյակից ավելի ձգձգվող այս թնջուկը կարելի էր լուծել մի քանի օրում, մի՞թե արդարացում ունեն նախկին պաշտոնյաները, որոնց դարակներում պարզապես անպատասխան կիտվում էին իմ բազմաթիվ դիմում-խնդրագրերը: Ընդամենը երկու օր առաջ տուն-թանգարան այցելեց Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը, իր աչքով տեսավ խնդրո առարկա շինությունը, լսեց մեր՝ մեկ-երկու նախադասությամբ ձեւակերպված խնդրանքը, եւ ահա այդ այլանդակ երեւույթը անցավ պատմության գիրկը: Այո, երկրում իրավիճակ է փոխվել: Ես չափազանց գոհ եմ՝ իբրեւ Հայաստանի քաղաքացի, իբրեւ երեւանցի, իբրեւ Դերենիկ Դեմիրճյանի՝ «ազատագրված» տուն-թանգարանի վարիչ: Անպայման պիտի իմ խորին շնորհակալությունը հայտնեմ նաեւ նախկին փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանին, որովհետեւ հենց նրա գործուն մասնակցությամբ տարիներ առաջ սկսվեց մեր պուրակը կրպակներից եւ զանազան աղտեղություններից ազատելու գործընթացը, որը այսքան արագ ավարտին հասցրին մեր քաղաքի այսօրվա ղեկավարները»,- «Առավոտին» հայտնեց Կարինե Ռաֆայելյանը:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարներում՝ կրպակի ապամոնտաժման ընթացքը

«Առավոտ» օրաթերթ

22.12.2018     

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31