Սույն թվի դեկտեմբերի 22-ին, Լոնդոնում, իր մահկանացուն կնքեց՝ Հայ նորագույն ազգային ազատագրական պայքարի անխոնջ աջակից, բանաստեղծ, թարգմանիչ, ռեժիսոր և թատերագետ, պրոֆեսոր Հովհաննես Փիլիկյանը:
Հովհաննես Փիլիկյանը թեև ապրեց գիտությամբ ու արվեստով, բայց նաև իր ներդրումը ունեցավ ազգային կյանքում՝ մանավանդ աջակցելով Սփյուռքում ծավալվող և այնուհետ Արցախում շարունակվող Հայ նորագույն ազատագրական պայքարին:
Պրոֆեսոր Փիլիկյանը հատկապես մեծ դերակատարություն ունեցավ օտար հանրային կարծիքի մոտ հայ ժողովրդի մղած պայքարի էությունն ու արդարությունը լուսաբանելու գործում։
Նա խիզախ էր իր գրչով ու համարձակ մտքով և երբեք չվարանեց անվերապահորեն զորակցելու հայության նկատմամբ արդարությունը վերականգնելու պայքարին։
Հայկական Ժողովրդային Շարժումը այս տխուր կորստի առիթով իր խորազգաց ցավակցությունն է հայտնում հանգուցյալի այրիին և անմիջական հարազատներին ու բարեկամներին և նրա պայքարի զինակիցներին:
Կենսագրական գծեր
Հովհաննես Փիլիկյանը ծնվել է 1942թ. ապրիլի 15-ին, Իրաքի Մոսուլ քաղաքում, Հայոց Ցեղասպանությունից փրկված մի ընտանիքում:
1963թ. ավարտել էր Բեյրութի ամերիկյան համալսարանը, ապա հետևել Մյունխենի համալսարանի, Լոնդոնի դրամատիկական արվեստի թագավորական ակադեմիայի դասընթացներին: Մասնագիտությամբ բանաստեղծ էր, թարգմանիչ, ռեժիսոր և թատերագետ:
Հայկական Ժողովրդային Շարժում
Կենտրոնական Խորհուրդ
Աթենք, 23 դեկտեմբերի, 2018 թ․