Օրերս «Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ Լիա Պետրոսյանի և Մարինա Վարդանյանի «Թղթե սավառնակներ» պոեզիայի և երաժշտության երեկոն:
Միջոցառման սկզբում Լիա Պետրոսյանը շնորհակալություն հայտնեց Նարեկացի արվեստի միությանը իրենց ջերմորեն ընդունելու համար և նվիրեց իր գրքի առաջին նմուշը: Նա ներկայացրեց իր առաջին գրքի՝ «Թղթե սավառնակներ»-ի բանաստեղծությունները՝ Մարինա Վարդանյանի երաժշտության ներքո:
Երեկոյի «մեղավորները պատմեցին, որ իրենց ծանոթությունը տեղի է ունեցել հենց Նարեկացի արվեստի միությունում: Ինչպես նշեց Լիա Պետրոսյանը ընկերացան,իսկ ընկերությունից միշտ լավ բաներ են ծնվում:Եվ ահա ծնվեց նման երեկո անելու միտքը:Մարինեն էլ հավելեց,որ սովորաբար դժվար է համաձայնում համագործակցության առաջարկներին,սակայն այս անգամ անհնար էր չհամաձայնվել, իր բառերով երբ կողքիդ ունես Լիայի նման լուսավոր անձնավորություն:
Մեզ հետ զրույցում Լիան պատմեց, որ գրում է 11 տարեկանից: «Ինձ ցանկացած հույզ մղում է ստեղծագործություն գրել»,-ասաց մեր զրուցակիցը: Նաեւ հավելեց, որ պատահական չէր գրքի վերնագրի ընտրությունը:
«Միշտ պոեզիաս նմանացրել եմ ճախրող սավառնակների: Ցանկանում եմ,որ մարդիկ ընթերցեն, գտնեն տողերիս մեջ իրենց հույզերի արտացոլումը կամ ժխտեն, հասկանալով, որ ցանկացած ապրում այլ երանգ ունի: Իսկ ավարտելուց հետո էջերից պատրաստեն թղթե սավառնակներ և ազատություն պարգևեն նրանց, ինչպես ես եմ բաց թողել, որ հասնի նրանց»:
Ներկաները նշեցին, որ Լիան կարողացավ այնպես անել, որ հանդիսատեսի հոգին սավառնի և ամեն տողի հետ մի թղթե սավառնակին ազատություն տա:
Մայա ՀԱԽՎԵՐԴՅԱՆ