Սկսվել է նախարարությունների օպտիմալացման գործընթացը: Ճիշտ է, հայտարարվում է, թե այն քննարկման փուլում է եւ դեռ հայտնի չէ, թե որ նախարարությունները կվերանան եւ որոնք կմիավորվեն, սակայն արդեն որոշ բաներ գրեթե պարզ են: Մասնավորապես, որ միավորվում են սպորտը, կրթություն-գիտությունը եւ մշակույթը:
Որպես հիմնավորում նշվում է, որ այս ոլորտների գործառույթները հաճախակի խաչվում են: Բայց մեր կարծիքով սպորտի պարագայում դա այդպես չէ: Եթե նկատի ունեն ֆիզիկական կուլտուրա առարկայի դասավանդումը եւ դա նույնացնում են սպորտի հետ, դա ճիշտ մոտեցում չէ: Ֆիզկուլտուրայի դասը պետական ծրագրով հաստատված ընդհանուր մարմնակրթություն է, այլ ոչ սպորտ: Սպորտը սկսվում է դրանից հետո միայն, երբ պատանին կամ երիտասարդը որոշում է զբաղվել սպորտով: Ընդ որում, սպորտային մասնագիտական մարզումները արմատապես տարբերվում են ֆիզկուլտուրայից:
Սպորտը առանձնահատուկ եւ ընդգրկուն ոլորտ է ու ըստ էության առանձնանում է դասական պատկերացմամբ թե, գիտությունից, թե մշակույթից: Ապագա միավորված նախարարությունը նոր մակարդակի ի՞նչ ընդհանրություն է ունենալու ազգային ֆեդերացիաների, հավաքականների, մարզական ընկերությունների, ազգաբնակչության բոլոր խավերն ընդգրկող մասսայական սպորտի հետ: Ասենք, «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթը եւ դրա հիման վրա ստեղծված համանման մյուս ծրագրերը կամ գյուղական սպորտը: Այստեղ մոտեցումներն ու պահանջները միանգամայն այլ են:
Սպորտի բարձրագույն նվաճումների առումով ավելի օպտիմալ ինչ գործառույթ է ծավալվելու միավորված նախարարությունը: Այդ ի՞նչ նոր մակարդակի են բարձրացվելու ՄՕԿ-ի, միջազգային ֆեդերացիաների եւ միջազգային այլ մարզական կառույցների հետ հարաբերությունները եւ շփումները: Գիտությունը, կրթությունը, մշակույթը ուրիշ չլուծված խնդիրներ չունե՞ն, որ մի բան էլ ուզում ենք սպորտի հոգսերը բարդել:
Եթե օպտիմալացումն անխուսափելի է, կարելի է միավորված նախարարությանը տալ սպորտի նախարարության երիտասարդական բլոկը, որտեղ գերազանցապես հենց կրթական, գիտական եւ մշակութային ծրագրեր են իրականացվում, իսկ դրա փոխարեն սպորտին կցել զբոսաշրջությունը, որն իր մեջ ներառում է մարզական տուրիզմի տարբեր ուղղություններ:
Եթե սպորտի նախարարության կարգավիճակը մեկ այլ նախարարության կազմում իջեցվի վարչության մակարդակի, շատ բան կկորցնենք ու դիրքերը շատ կզիջենք: Իսկ կորցրածը հետագայում հետ բերելու համար երկար տարիներ կպահանջվեն:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ