Այս հետաքրքիր տորթ-թխվածքի մեջ ինձ ամենաշատը գրավում է նրա պատրաստման յուրօրինակ տեխնոլոգիան, ինչպես նաեւ այն, որ բավականին երկար է թարմ մնում, ավելին՝ մեկ-երկու օր հետո ավելի համեղ է դառնում: Անունը գերմաներենից թարգմանած՝ նշանակում է՝ ծառ-տորթ, քանի որ կողքից, ինչպես նաեւ՝ կտրած վիճակում ծառի շերտեր է հիշեցնում: Նախկինում այս տորթը պատրաստել են բաց կրակի վրա տեղադրված պտտվող գլանակի վրա խմորի շերտերը քսելով (ինչպես չեխական հայտնի «տրդելկան»), այժմ թխում են ջեռոցում:
Ամեն դեպքում՝ շատ գեղեցիկ տեսքով, շատ համեղ եւ հագեցուցիչ թխվածք է, որը կարելի է պատրաստել ոչ միայն սուրբծննդյան տոներին:
Անհրաժեշտ մթերքները
Կարագ- 375 գրամ
Շաքարավազ-375 գրամ
Վանիլ
Ռոմ- 3 ճաշի գդալ
Ձու-9 հատ
Ալյուր-225 գրամ
Օսլա-125 գրամ
Աղ-մի պտղունց
Սոդա-1 թեյի գդալ
Նարնջի կամ ծիրանի ջեմ-4-5 ճաշի գդալ
Շոկոլադե ջնարակ-1 բաժակ
Պատրաստման եղանակը
Ինչպես տեսնում եք՝ բաղադրատոմսում բաղադրիչները չափից դուրս մանրակրկիտ են գրված, սակայն ես փորձել եմ ինչպես ճշգրտորեն չափաքանակը պահպանելով, այնպես էլ՝ աչքաչափով պատրաստած տարբերակները, պիտի ասեմ՝ տարբերությունը մեծ չէ: Այնպես որ՝ մի վախեցեք, եթե խոհանոցային կշեռք չունեք, մի քանի գրամ այս կողմ-այն կողմը եղանակ չի փոխի: Նաեւ նկատեմ, որ այս չափաբաժնով բավականին մեծ տորթ է ստացվում՝ իմ թավան 27 սմ տրամագծով է: Եթե ձեր թավայի տրամագիծը փոքր է, կարող եք մեկ երրորդով կրճատել բոլոր բաղադրիչների քանակը:
Միացրեք ջեռոցի միայն վերեւի տաքացուցիչը: Գրեթե բոլոր ջեռոցները ունեն այդ տարբերակը՝ տաքացնում են վերեւից, ներքեւից եւ միաժամանակ վերեւ-ներքեւից: Սովորաբար բոլորիս մոտ ջեռոցները միացրած են լինում միաժամանակ վերեւ-ներքեւից, սակայն ուշադիր եղեք եւ միացրեք միայն վերեւի տաքացուցիչը կամ «գրիլ» ֆունկցիան: Դրեք 200-220 աստիճանի վրա եւ նոր անցեք խմորի պատրաստմանը:
Սենյակային ջերմաստիճանի կարագին ավելացրեք շաքարավազը եւ լավ հարեք, որ դառնա կրեմի նման, ավելացրեք վանիլը՝ եթե փոշի է՝ մի պտղունց, եթե մզվածքն է՝ մի ճաշի գդալ, եթե վանիլային շաքար է՝ մի տուփ: Ավելացրեք նաեւ ռոմը, որը կարող եք փոխարինել նաեւ կոնյակով կամ որեւէ լիկյորով: Ապա ավելացրեք 3 ամբողջական ձու եւ 6 դեղնուց, լավ հարեք: Ավելացրեք ալյուրը, սոդան ու օսլան: Կարող եք վերցնել ինչպես կարտոֆիլի, այնպես էլ՝ եգիպտացորենի օսլա: Կդառնա բավականին պինդ խմոր: Մնացած վեց սպիտակուցն առանձին հարեք մի պտղունց աղի հետ: Ստացված բեզեն գդալ-գդալ ավելացրեք խմորին եւ արդեն ոչ թե էլեկտրական հարիչով, այլ՝ սիլիկոնե թիակով կամ փայտե գդալով խառնեք խմորին:
Թավայի հատակին յուղաթերթ փռեք՝ շրջանաձեւ կտրած: Խմորից երկու գդալ լցրեք թավայի մեջ եւ լավ տարածեք: Դրեք ջեռոցի ամենավերին հարկում: Կեփվի մոտավորապես 5 րոպեից, ուշադիր եղեք, նայեք, հենց գույնը փոխի, դառնա բաց շագանակագույն, հանեք, վրան քսեք եւս երկու գդալ խմոր, նորից դրեք ջեռոց՝ վերեւի հարկում: Եվ այդպես՝ մինչեւ ողջ խմորը եփեք: Քանի որ ջերմությունը միայն վերեւից է, ներքեւի հատվածը չի վառվի՝ մինչեւ բոլոր շերտերը եփվեն: Ինձ մոտ ստացվեց 18 շերտ:
Պատրաստի խմորը հանեք, քանի դեռ տաք է, սուր փայտիկով ամբողջ մակերերսի վրա մի քանի տեղից ծակծկեք եւ վրան լցրեք ջեմը: Թողեք մի կողմ, որ խմորը սառչի եւ պատրաստեք շոկոլադե ջնարակը՝ գլազուրը:
Կարող եք պատրաստել ձեր ցանկացած ձեւով: Ես այս անգամ պատրաստեցի այսպես՝ սուրճի ջազվեի մեջ լցրեցի 3 ճաշի գդալ կակաոյի փոշի, որը լավ խառնեցի ¾ բաժակ շաքարավազի հետ, ավելացրեցի ¼ բաժակ կաթ, նորից լավ խառնեցի եւ դրեցի մարմանդ կրակին՝ անընդհատ խառնելով: Հենց սկսեց եռալը, ավելացրեցի կես տուփ դառը շոկոլադ՝ կտրատած վիճակում, խառնեցի եւ անջատեցի: Ավելացրեցի 30 գրամի չափ կարագ:
Պատրաստի ջնարակը՝ գոլ, բայց ոչ տաք վիճակում լցրեք արդեն սառած խմորի վրա: Տորթը պատրաստ է: Այն ցանկալի է մատուցել առնվազն մեկ օր անց: Սակայն նույնիսկ 3-4 օր հետո շատ թարմ եւ համեղ է:
Բարի ախորժակ:
Պատրաստեց Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆԸ