Լրահոս
Օրվա լրահոսը

Շուրջ 10 տարի  օգտագործել ենք ավելի շատ պաշար, քան թույլատրված է. Ինեսսա Գաբայան

Դեկտեմբեր 22,2018 23:34

2018 –ին գյուղատնտեսական տարին սկսվեց և ավարտվեց ոռոգման ջրի պակասով: Արարատյան դաշտավայրում, շատ համայնքներում գյուղացիները սեզոնի երկրորդ հատվածում կանգնեցին փաստի առաջ, ոռոգման ջրի սակավությունը հանգեցրեց բերքի արտադրության ծավալների կրճատմանը, իսկ որոշ դեպքերում շատ հողատարածքներ մնացին անմշակ:

Այս պատճառով ճանապարհներ փակվեցին, հանդիպումներ տեղի ունեցան, խոստումներ հնչեցին, Սևանից հավելյալ ջրառ կատարվեց, մի քանի խորքային հոր վերագործարկվեց, բայց տեսանելի արդյունք չգրանցվեց: Այս փաստը մտահոգեց նաև ջրային պետական կոմիտեի նոր նախագահ Ինեսսա Գաբայանին:

Նա անձամբ այցելում էր համայնքներ և տեղում իրավիճակին ծանոթանալով փորձում էր ելքեր առաջարկել: Կոմիտեի նախագահը չի հերքում՝ խնդիրն առկա է և Արարատյան դաշտում ստորերկրյա ջրերի մակարդակը նվազել է: Պատճառներից մեկը  ձկնաբուծարանների կողմից ջրային ռեսուրսների անխնա օգտագործումն է:

«Հայաստանում իհարկե ստորգետնյա ջրերի մակարդակը չի բարձրացել։ Մենք հիմա շատ լուրջ խնդիր ունենք, մեր արտեզյան ջրային ռեսուրսների պաշարի հյուծման հետ կապված, այն գտնվում է Արարատյան հարթության վրա։ Եվ  քանի որ վերջին շուրջ 10 տարիների ընթացքում ձկնարդյունաբերության զարգացման հետ մեկտեղ մենք օգտագործել ենք ավելի շատ պաշարներ, քան թույլատրված է, ավելի քան 2 անգամ շատ, մենք ունեցել ենք բավականին լուրջ խնդիրներ Արարատյան հարթավայրում», – ասում է Գաբայանը։

Նրա խոսքով, չորացել է Սև ջուր գետը, որը այդ տարածաշրջանում բավականին լուրջ ջրաղբյուր էր հանդիսանում ոռոգման համար։ Իջել են խորքային հորերի ջրերի մակարդակները: Ամբողջ Հայաստանով գրանցվել է ստորգետնյա ջրերի մակարդակի իջեցում։

Գաբայանի խոսքով, այս տարի կոմիտեն չի հասցրել լուծել նախատեսվող խորքային հորերի վերականգնման խնդիրը:

«Ցավոք դեռևս չեն լուծվել, մենք ունենք 32 հորերի համար նախագծեր՝ 14 նոր, 18 վերականգնվող։ Եվ անգամ հայտարարվել էր մրցույթ՝ ընտրվել էին կազմակերպությունները, բայց պետք է նորից դիմենք նախագծային կազմակերպություններին, որպեսզի վերագնահատեն հաշվարկները, ապա կրկին անցկացնենք մրցույթ, քանի որ դա արդեն ժամկետանց է և մենք չենք կարող հին արդյունքները օգտագործել։ Շատ հույս ունեմ, որ եկող տարի կառավարությունը կաջակցի այդ աշխատանքները կատարելուն»։

Կոմիտեի նախագահի խոսքով առաջացած խնդիրը մեկ տարում լուծելն անհնար է, և ակնկալել, որ 2019-ի գյուղատնտեսական սեզոնի ընթացքում ոռոգման ջրի դեֆիցիտ չենք ունենա, դժվար է ասել:

Գաբայանն ասում է, որ այն խնդիրները, որոնք ունի ջրային կոմիտեն կամ մեր ոռոգման համակարգը, դրանք բավականին լուրջ խնդիրներ են և դրանք լուծելու համար տարիներ շարունակ ներդրումներ են անհրաժեշտ, որովհետև այդ խնդիրները կապված են և կորուստների, և պոմպակայանների շատ հին լինելու հետ։

Որպես ռազմավարություն Հայաստանում առկա է փոքր ջրամբարների կառուցման խնդիրը, որը հնարավորություն կտար վարարաջրերի ժամանակ ամբարելու այդ ջրերը, իսկ արդեն սակավաջրի ժամանակ օգտագործել այն։

«Իհարկե նաև հնարավորություն ունենք որոշ ջրամբարներ կառուցելով Սևանից թողքերը կրճատելու։ Սրանք ապագա մեր ծրագրերն են, որոնք որ պետք է բերեն ոռոգմանը պատրաստ լինելուն։ Բավականին շատ հարցեր կան, բայց մենք պատրաստակամ ենք, չեմ ասում, որ մեծ արդյունքներ կկարողանանք գրանցել եկող տարվա ոռոգման ավարտին, բայց կարծում եմ, որ որոշակի արդյունքներ պետք է ունենանք», – ասում է Ինեսսա Գաբայանը:

Ինեսսա Գաբայնն անդրադարձավ նաև վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ եկող տարի պետք է կարգավորված լինեն ոռոգման համակարգում առկա խնդիրները:

«Մենք սերտորեն աշխատում ենք և միանշանակ շուտով կստեղծվի միջգերատեսչական հանձնախումբ, ինչպես հանձնարարել է պարոն վարչապետը, և բազմակողմանի այս բոլոր հարցերը քննարկելով մենք պետք է կարողանանք դրական արդյունքներ ունենալ։ Պետք է պարտադիր նշեմ, որ ոռոգման արդյունավետությունը և հաջողությունը ուղղակի կապված է գյուղատնտեսության ճիշտ վարման հետ։ Մենք շատ լուրջ համագործակցության եզրեր ունենք գյուղատնտեսության նախարարության հետ», – ասում է նա։

Ինչ վերաբերում է ջրօգտագործող ընկերությունների աշխատանքին, Գաբայանն ասաց, որ վերջին երկու տարիների ընթացքում ջրօգտագործողների ընկերությունները արհեստականորեն մեծացվել էին, ինչի համար որևէ հիմնավորում մշակված չկար։ Տարածքային կառավարման նախարարության հետ համագործակցելով արդեն իրականացվում են ջրօգտագործողների ընկերությունների վերակազմակերպման գործընթացը։

Գաբայանը հույս հայտնեց, որ 2019 թ-ին  ոռոգման սեզոնի սկզբին  արդեն կլինեն նորաստեղծ ու ջրամատակարարումը արդյունավետ կառավարող  ընկերություններ։

Մանե Մինասյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31