Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Թորոսյան. «Ինչո՞ւ են այդքան փորփրում: Դա Հայաստանին պատիվ չի բերում»

Դեկտեմբեր 22,2018 23:28

Լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի բռնցքամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանը մամուլի ներկայացուցիչներին կոչ արեց թե սիրողական, թե պրոֆեսիոնալ բռնցքամարտի մասին նյութեր հրապարակելիս ավելի խորամուխ լինել խնդիրների մեջ: Նա եւս մեկ անգամ անդրադարձավ ֆեդերացիայի շուրջ ծավալվող իրադարձություններին:

Խոսելով վերջին նորությունների մասին, ըստ որոնց՝ ԱԻԲԱ-ն ՀԲՖ նախագահի ընտրություններում խախտումներ է նկատել եւ առաջարկում է նոր ընտրություն կազմակերպել, պարոն Թորոսյանը հայտարարեց, թե իր իմանալով՝ ֆեդերացիան գոնե մինչեւ երեկ այդպիսի նամակ չի ստացել: «Արթուր Գեւորգյանը մեկ ամսով հրաժարական տվեց եւ առաջարկեց նախագահի նոր ընտրություն անցկացնել՝ հրավիրելով բոլոր ցանկացողներին, որոնք ցանկանում են ղեկավարել ֆեդերացիան: Այն ժամանակ բողոքողներն ո՞ւր էին, ինչո՞ւ չեկան ու հիմա բողոքում են ու երկրորդ ֆեդերացիա են ստեղծում: Ես բան չունեմ ասելու, բայց այդ ֆեդերացիան ստեղծողները մնացել են 1965 թվականի սովետական բռնցքամարտի մակարդակին, ոչ մի քայլ առաջ չեն գնացել: Արթուր Գեւորգյանն ընտրվել է եւ լավ է անում իր գործը: Էլ ինչո՞ւ ընտրվածին նորից ընտրել», – ասաց նա:

Դավիթ Թորոսյանի խոսքով, այս մթնոլորտը խանգարում է աշխատել, իրավիճակից բռնցքամարտիկներն են տուժում: «Առջեւում օլիմպիական խաղերի վարկանիշ նվաճելու խնդիրներն են: Բայց հիմա ինչո՞վ զբաղվենք. ֆեդերացիային պաշտպանելո՞վ, թե բռնցքամարտիկներով», – հայտարարեց հավաքականի մարզիչը:

Պատասխանելով հարցին, թե ԱԻԲԱ-ն նոր ընտրություն է պահանջում, հակառակ դեպքում մեր ֆեդերացիան կարող է հեռացվել ԱԻԲԱ-ից, Դավիթ Թորոսյանն ասաց. «Դա ավելի շատ երեւակայության արդյունք է: Տեսնում են մի քանի թուղթ է եկել Հայաստանից, իրենք էլ մի քանի թուղթ են ուղարկում՝ ասում նոր ընտրություն արեք: Ինչ են անընդհատ փորփրում: Դա Հայաստանին պատիվ չի բերում»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31