Լրահոս
Օրվա լրահոսը

Շուտով Վանաձորում կարտադրվեն հայ-իրանական ավտոմեքենաներ (ֆոտոշարք, տեսանյութ)

Դեկտեմբեր 22,2018 22:02

Այսօր Վանաձորում պաշտոնապես բացվեց կոմպոզիտային բալոնների արտադրության առաջին հոսքագիծը: Արտադրությունը հիմնել է «Ռադ Սանե Վաշմիր գրուպ» ՍՊԸ-ն:

Արտադրամասն աշխարհում 4-րդն է, մյուս 3-ը գործում են՝ ԱՄՆ-ում, Գերմանիայում եւ Իրանում. «Օրական մեկ հերթափոխ աշխատելով կարող ենք արտադրել 100 բալոն: Հոսքագծերն ավելացնելու դեպքում մենք նախատեսում ենք օրական հասցնել մոտ 800 հատ: Վաճառելու ենք Հայաստանում, բայց դա հազիվ կազմի մեր ամբողջ արտադրանքի 5 տոկոսը,- ասում է ընկերության բաժնետեր Արայիկ Ասրյանն ու հավելում, որ մի օր ամբողջ Հայաստանն օգտագործելու է հենց իրենց արտադրած գազաբալոնները, քանի որ բալոններն՝ առաջին հերթին անվտանգ են, թեթեւ նաեւ մատչելի:

Վանաձորում բալոնների արտադրության բացմանը ներկա էր նաեւ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Նա հետեւեց արտադրության ընթացքին, ապա տեղեկացրեց, որ եթե ընկերության հետ քննարկած ծրագրերն իսկապես կյանքի կոչվեն, Վանաձորը կրկին կդառնա արդյունաբերական քաղաք. «Այն սենյակում, ինչ խոսեցինք մեր գործընկերների հետ, եթե այդ ամեն ինչն իրականություն դառնա, շատ շուտով Վանաձորը նորից կլինի արդյունաբերական խոշոր կենտրոն… Իրենք իրենց ծրագրերը կներկայացնեն, իսկ մեր հավաստիացումն այն է, որ կառավարությունն իր լիազորությունների եւ հնարավորությունների սահմաններում ամեն ինչով կաջակցի»:

Կոմպոզիտային բալոնները կարելի է կիրառել ոչ միայն ավտոմեքենաներում, այլ նաեւ այլ ոլորտներում. «Օգտագործվում է մեքենաների, գնացքների, նավերի, ինքնաթիռների, ջրասուզակների համար: Բժշկության մեջ օգտագործվում է որպես թթվածնային բալոն: Բալոններն ամբողջությամբ պլաստիկ են, միայն գլխի մասը դյուրալյումին է եւ ինքը միանգամից մտնում է ներս, դա մեր տեխնոլոգիան է»,- ասում է ընկերության բաժնետերը:

Ներկայումս արտադրամասում գործող մեկ հոսքագծի վրա աշխատում են 15 մարդ: Առաջիկայում պատրաստվում են գործարկել մի քանի հոսքագիծ եւս: Իսկ աշխատակիցները կստանան միջինը 150.000 դրամ աշխատավարձ: Աշխատանքը՝ գործարքային է: Սակայն այս պահին ընկերությունը մասնագետների խնդիր ունի. «Մասնագիտությունը պետք է լինի ինժեներ -էլեկտրոնիկ, որ ինքը հասկանա սարքավորումներից եւ ծրագրերից: Որովհետեւ ամեն մի սարքը հարյուրավոր ծրագրերով է աշխատում: Մենք ինչ հրաման տանք, ինքը՝ ըստ բալոնի կառուցվածքի, ըստ մեր ուզած փաթույթի կարողանա փաթեթավորի: Հիմա մենք խնդիր ունենք մասնագետի, դրա համար էլ ուղարկում ենք Պարսկաստան վերապատրաստման,- տեղեկացրեց Արայիկ Ասրյանը:

Բացի այդ, նախատեսվում է առաջիկայում Վանաձորում արտադրել նաեւ հայ-իրանական Sayna Armenina մեքենա. «Ոչ մեկն այդ մասին չգիտեր, դա անակնկալ է: Մենք ունենք պայմանավորվածություն, Հայաստանում մեքենայի արտադրությունը կազմակերպելու համար: Եթե հասցնենք, մարտ ամսից մեր հայկական մեքենաները կմտնեն գոնե հայկական շուկա: Մեքենան միանգամից լինելու է նաեւ գազաբալոնով, որպեսզի աշխատի գազ, բենզին համակցությամբ: Գինը հիմա դեռ չեմ կարող ասել, որովհետեւ պայմանավորվեցինք էկոնոմիկայի նախարարի հետ հանդիպենք քննարկենք, թե ո՞նց պետք է անենք, որպեսզի դառնա մատչելի, որպեսզի Հայաստան հին մեքենաների ներկրումը դադարեցվի եւ ունենանք նմանատիպ մեքենաներ»:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Սա շատ լավ նախաձեռնություն է հուսով ենք որ տրակտորաշինության և ավտոբուսների արտադրության աշխատանքն էլ շուտով սկսեն, դա շատ անհրաժեշտ է Հայաստանի համար: Իրանահայ գործարարների և արհեստավորների ներգրավվածությունը ևս անհրաժեշտ է այդ աշխատանքներին խթանելու նպատակով:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31