Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Բալասանյանի խիստ պահանջը Ռուսաստանի Դաշնությունից

Դեկտեմբեր 22,2018 21:02

Այսօր տարեվերջյան հաշվետու ասուլիսի ժամանակ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը մանրամասնորեն թվարկեց, թե ինչ ծրագրերով ու ինչ միջոցներով է լայնածավալ փողոցաշինություն սկսել Գյումրիում։

Aravot.am-ը նրանից հետաքրքրվեց, թե Ռուսաստանի Դաշնությունը մասնակցելո՞ւ է այն 10 կիլոմետր հատվածի ասֆալտապատմանը, որը փչացել է Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի ծանր տեխնիկայի պատճառով, այս թեմայի շուրջ քաղաքապետը որևէ պատասխան ստացե՞լ է Ռուսաստանի Դաշնությունից։

Հիշեցնենք, որ դեռևս 2015 թվականի մարտ ամսին Սամվել Բալասանյանը նամակ-ուղերձ էր հղել ՌԴ պաշտպանության նախարար, գեներալ Սերգեյ Շոյգուին՝ առաջարկելով Ռուսաստանի Դաշնության միջոցներով ասֆալտապատել Գյումրու այն փողոցները, որոնք անընդմեջ վնաս են կրում ռուսական 102-րդ ռազմաբազայի ծանր տեխնիկայից։ Խոսքը 102-րդ ռազմաբազայի շուրջբոլորն ընկած տարածքի, Շիրակացու փողոցը շրջանցող ճանապարհի և «Կազաչի պոստի» հատվածի մասին է։

Նշենք նաև, որ Գյումրու քաղաքապետն այս թեման մեկ անգամ ևս բարձրաձայնել էր ՀՀ-ում ՌԴ նորանշանակ դեսպան Սերգեյ Կոպիրկինի Գյումրի կատարած առաջին պաշտոնական այցի ժամանակ։

Սամվել Բալասանյանը դեսպանին ասել էր․ «Այն ծանր տեխնիկան, ասենք տանկերը, որոնք անցնում են այդ ճանապարհներով, փչացնում են մեր ճանապարհները, անհրաժեշտ է վերանորոգել»։

Գյումրու քաղաքապետն ասաց․ «Մենք հստակ պայմանավորվածություն ձեռք բերեցինք Ուստինովի՝ ռուսական 102-րդ ռազմաբազայի ղեկավարի հետ, ունենք ստորագրած համապատասխան փաստաթուղթ, իրենց հանձնաժողովով եկան, նայեցին։

Ռուսաստանի դեսպանին ևս ասել եմ այս մասին, մի քանի օր առաջ նորից հանդիպում էր, ասացի՝ կառուցեք ճանապարհներն, այլևս անհնարին է, Շիրակացի փողոցն ինչքան ուզում ես ասֆալտապատի, մանավանդ այնտեղ ջրահեռացման համակարգ էլ չկա, քանդվում է։ Նոր արած ասֆալտը, ասենք մի 4-5 տարի առաջ արած ասֆալտը գնացեք, տեսեք ինչ վիճակի մեջ է, այսինքն` պիտի անեք, հիմա ի՞նչ ասեմ։

Իմ պահանջն է, նորից եմ պահանջելու, որ անպայման իրենց խոստման տերը կանգնեն, ոնց որ Արթուր Ալեքսանյանի սպորտդպրոցը հինգ տարի էլ խոստանում են՝ պիտի սարքեն, օլիմպիական չեմպիոն եղավ, Եվրոպայի չեմպիոն եղավ, քառակի, չգիտես, աշխարհի չեմպիոն եղավ, հլը չեն սարքել, խոսք են տալիս, պիտի սարքեն։
Բուլվարային փողոցից երեկ մի հատ մեծ բողոք է գնացել վարչապետին, ինձ նամակ էր եկել, Բուլվարային փողոցն, իհարկե, մտցնում ենք էս նոր ծրագրի մեջ, բայց հիմնականում իրենց մեքենաներն են գնում, էդ ծանր մեքենաները, ասենք լավ, ես ասֆալտապատեցի ՎԶԲ-ով, մի երեք տարի հետո քանդվեց, ո՞վ է պատասխան տալիս»։

Սամվել Բալասանյանը նաև հիշեց, թե ինչպես է այս հարցը երեք տարի առաջ բարձրաձայնվել իր կողմից։ «Կիսիլյովը՝ էն լրագրողը Չիլինգարովի հետ եկավ իմ մոտ, ասաց՝ ինչ պահանջ ունես դու ,ասի՝ դրեք ճանապարհ սարքեք, վերջը դուք էլ ռուսական ռազմաբազա եք, սարքեք։ Ես իմ պահանջը դնելու եմ մինչև վերջ, ով ուզում է թող նեղանա, դեսպանն է նեղանում, մյուսն է նեղանում, ասում են՝ գալիս ենք, քաղաքապետը միանգամից ճանապարհից է խոսում,  ինչի՞ց խոսեմ»,-ասաց Սամվել Բալասանյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31