Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն այսօր հանդես եկավ տարեվերջյան ամփոփիչ ասուլիսով՝ մանրամասնելով բոլոր ներդրումային ծրագրերը, քաղաքում տարբեր միջոցներով ընթացող փողոցաշինությունը։
Aravot.am-ը քաղաքապետից հետաքրքվեց, թե ի վերջո ե՞րբ է գյումրեցու անվտանգությունն ապահովվելու իր քաղաքում, որպես Գյումրու քաղաքապետ՝ 57-ամյա հավաքարարի դաժան սպանությունից հետո ի՞նչ խոսակցություն է ունեցել ռազմաբազայի ղեկավարության հետ, չի՞ ասել՝ ինչքա՞ն կարելի է անմեղ մարդկանց սպանել, պահանջ չի ներկայացրե՞լ Ռուսաստանի Դաշնությունից նորմալ վարքագծով զինծառայողների ուղարկել մեր քաղաք։
Սամվել Բալասանյանը, լսելով մեր հարցը, բավական վրդովված պատասխանեց․ «Շատ խիստ եմ դատապարտում և պետք է իրենք իրենց պայմանագրայիններին և ժամկետային ծառայողներին պահեն իրենց սահմաններից ներս, առանց իրենց չպիտի գնան սամավոլկեք և այլ, և այլն, տարբեր գիշերային ակումբներ, որ դուրս գան, չգիտեմ, դաժան դեպքեր ստեղծեն։ Սա դաժան դեպք էր, դատապարտում ենք, խոսում ենք, ճիշտն ասած, իրենք էլ են մեղադրում, միայն ասում են չքաղաքականացնեք, բայց արդեն ձանձրացել ենք էս դեպքերից։ Ավետիսյանների սպանությունից հետո սա երկրորդ դեպքն է, որ դաժանաբար փողոցի սանմաքրման աշխատակցին էդպիսի ծեծով սպանում են։ Միշտ իրենցից, այդ թվում և ռուս սահմանապահներից հանդիպումների ժամանակ միշտ պահանջում ենք՝ կարգի բերեք, այնպիսի կարգապահություն սահմանեք, որպեսզի նման խնդիրներ չառաջանան»։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ