Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը դեկտեմբերի 10-ին գրավոր նամակ-հարցում էր ուղարկել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանին, որում ասվում էր.
«Արդեն տևական ժամանակ է, որ Քննչական կոմիտեն չի վերադարձնում Yerevan․Today լրատվական կայքից առգրավված տեխնիկան՝ դրանով իսկ խոչընդոտելով լրատվամիջոցի բնականոն աշխատանքին։
Մտադրություն չունենալով միջամտել իրավապահ մարմինների աշխատանքին՝ չենք անդրադառնում ձեր գործողությունների իրավաչափությանը։
Արդեն իսկ ստեղծվել է շատ տարօրինակ, 21-րդ դարին ու քիչ թե շատ գործող քաղհասարակություն ունեցող երկրի պահանջներին հակասող նախադեպ, երբ իրավապահները կարող են, փաստորեն, ոչ այնքան հիմնավոր կասկածով մտնել լրատվամիջոց, խուզարկություններ կատարել ու առգրավել գույքը։ Պարզապես անթույլատրելի է լրատվամիջոցին տեխնիկական նեղություն տալ՝ առանց լրջագույն հիմնավորումներ ունենալու։
Ամենևին չենք ցանկանում մտածել, որ առգրավումից շուրջ 3 ամիս անց կայքի տեխնիկան չի վերադարձվում՝ միտում ունենալով հնարավորինս երկար խափանել լրատվամիջոցի բնականոն գործունեությունը կամ ճնշել, լռեցնել, բարոյալքել նրան, սակայն անորոշ ու չպարզաբանված այս իրավիճակը կարող է տարբեր մեկնաբանությունների պատճառ հանդիսանալ։
ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը շուրջ 2 ամիս առաջ՝ հոկտեմբերի 16-ին, հայտարարել էր․ «Պարզվել է շրջանակը՝ ովքեր են գաղտնալսել, ովքեր են պատվիրել…»:
Եթե պարզվել է, ուրեմն գոնե իրենց համար բացահայտվել է, որ Yerevan.Today-ը կապ չունի այդ գործի հետ. այդ դեպքում ուրեմն ինչո՞ւ չի վերադարձվում լրատվամիջոցի տեխնիկան։
Մասնագետները նշում են, որ նմանատիպ փորձաքննությունները կատարվում են երկու-երեք ժամում, իսկ Yerevan.Today-ի տեխնիկան փորձաքննում են երեք ամիս շարունակ։
Բացի այդ, Քննչական կոմիտեն հոկտեմբերի 26-ին հայտարարել էր, որ ձեռք է բերել համակարգչային տարբեր կրիչների վրա պահվող տեղեկատվության առգրավման և հետազոտման համար անհրաժեշտ սարքավորումներ: Դրանցով կկարողանան պատճենավորել առգրավվող օբյեկտներում առկա տեղեկատվությունը, և տեխնիկան առգրավելու կարիքը վերանում է։ Ինչպես նաև հայտարարվեց, որ առգրավված տեխնիկան հնարավոր է վերադարձնել ոչ թե ամիսների ընթացքում, այլ մի քանի օրում առավելագույնը։
Ինչպես տեսնում ենք, հայտարարությունից անցել է 45 օր, բայց տեխնիկան դեռ չի վերադարձվել։ Լրատվամիջոցի համար այդ տեխնիկան չափազանց մեծ կարևորություն ունի, առավել ևս, որ ըստ Yerevan.Today-ի ներկայացուցիչների՝ խմբագրության գործունեության համար խիստ կարևոր նյութեր են պահվել դրանցում։
Հայաստանի ժուռնալիստների միությունն ակնկալում է այս հարցերի ու մտահոգությունների հանգամանալից մեկնաբանությունը և խնդրում վերադարձնել Yerevan.Today-ի տեխնիկան. լրատվամիջոցի գործունեությունը, առանց այն էլ, տևական ժամանակ խաթարված է»։նամակ-միություն
Այսօր՝ դեկտեմբերի 22-ին, ՀՀ քննչական կոմիտեի պետի տեղակալ, արդարադատության առաջին դասի խորհրդական Վ. Մեսրոպյանի կողմից ստացվել է պատասխան, որում ասվում է.
«Հարգելի տիկին Սեյրանյան
ՀՀ քննչական կոմիտեի նախագահին հասցեագրված՝ 10.12.2018թ. դիմումի կապակցությամբ հայտնում եմ, որ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող թիվ 61209718 քրեական գործի շրջանակներում կատարված խուզարկությունների ընթացքում «Երևան Թըդեյ» լրատվական միջոցի գրասենյակից առգրավված տեխնիկական միջոցներում քննությանը հետաքրքրող տվյալների առկայության հանգամանքը պարզելու նպատակով նշանակվել է համակարգչատեխնիկական փորձաքննություն, որի եզրակացությունը դեռևս չի ստացվել։
Համաձայն ՀՀ ԳԱԱ կից «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ից ստացված տեղեկատվության, փորձաքննությունը կավարտվի 2018թ. դեկտեմբերի 27-ին, որից հետո միայն հնարավոր կլինի առգրավված տեխնիկական միջոցները վերադարձնել սեփականատիրոջը։
Հարգանքով՝ պետի տեղակալ, արդարադատության առաջին դասի խորհրդական Վ. Մեսրոպյան»։