Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյան. «Ամեն ընտրությունից  հետո ով ում համար, այսպես ասած, 4-5 ձայն է բերել, տարել են մի տեղ, մի հատ պաշտոնի են դրել»

Դեկտեմբեր 22,2018 18:00

Այսօր Վանաձորում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, անդրադառնալով մշակույթի եւ սփյուռքի նախարարությունների վերակազմակերպմանն ու գործընթացի հետ կապված նախարարությունների աշխատակիցների ցույցերին, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ նախընտրական քարոզչության ժամանակ նախարարությունների կրճատման մասին իր հայտարարությանը ժողովուրդը դրական է արձագանքել. «Ըստ էության ես ժողովրդից ստացել եմ մանդատ, այդ պրոցեսն իրականացնելու համար: Ինձ ուրիշ բան անհանգստացրեց, մշակույթի նախարարության աշխատակիցների հայտարարությունը, երբ որ նրանք ահազանգում էին, ասում էին մի կրճատեք, որովհետեւ մշակույթը միշտ եղել է հայ ժողովրդի այցեքարտը:  Դա արդեն շատ վատ ազդակ է: Այսինքն, մշակույթի նախարարությունն ինքն իրեն հայ մշակույթի հետ նույնացնու՞մ է: Ուզո՞ւմ եք էքսպերիմենտ անենք՝ երեք ամիս, հինգ ամիս կամ վեց ամիս գործադուլ անենք, տեսնենք մշակույթի կյանքում ինչ-որ բան տեղի կունենա՞»:

Փաշինյանը տեղեկացրեց, որ մեկ տարվա ընթացքում կառավարությունը մշակույթի ֆինանսավորումն ավելացրել է 400 միլիոն դրամով, իսկ մշակութային օջախների այցելուների թիվն ավելացրել են 350 հազարով. «Բա մշակութային քաղաքականությունը ո՞նց է լինում, բա ինչի՞ մինչեւ հիմա դա չէր ավելացվում: Եվ երկրորդ՝ մշակույթի նախարարությունը չի լուծարվում, այլ կաշխատի կազմակերպական այլ կառուցվածքով: Ընդհանրապես մեր կառավարման համակարգում կա մի այսպիսի պրոբլեմ: Սովորաբար աշխարհում ամեն 9-11 աշխատողի ընկնում է 1 ղեկավար: Մեր կառավարման համակարգում՝ ամեն 3,5 աշխատողին է ընկնում 1 ղեկավար։ Այսինքն, մեր մոտ, մեր կառավարման համակարգում՝ պետեր են, փոխնախարարներ են, վարչության պետեր են, բաժնի պետեր են, պետերի տեղակալներ են, բայց աշխատող ավելի քիչ կա, քան թե ղեկավարություն… Մեզ մոտ չկա այնպիսի նախարարություն, որ սփյուռքի հետ կապված հարցերով չի զբաղվում: Եվ շատ դեպքերում նախարարությունները մեկը մյուսից տեղյակ չեն թե ով ինչ է անում»:

Փաշինյանը տեղեկացրեց, որ որեւէ նախարարություն չի կրճատվի, դրանք ուղղակի կվերակազմակերպվեն. «Կներեք, բայց  պետական կառավարման համակարգի համար վճարում են հարկատուները: Եվ հարկ վճարողները կարող են հույս ունենալ, որ իրենց գումարները ծախսվում են առավել արդյունավետ: Որովհետեւ այսօր ամեն ընտրությունից  հետո ով ում համար, այսպես ասած, 4-5 ձայն է բերել, տարել են մի տեղ, մի հատ պաշտոնի են դրել, եւ պետական կառավարման համակարգը ուռճացել, դարձել է եսիմ ինչ: Հայաստանում աշխատանք ասելով սովորաբար հասկացել են մի հատ պետական գործ լինի գնան աշխատեն: Ո՛չ, մենք հնարավորություն ենք ստեղծում, որ ամեն մարդ ինքն իր համար աշխատանք ստեղծի, եթե այլ առաջարկ իրեն չկա»:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31