Լրահոս
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

Մանվել Գրիգորյանի բազմադրվագ և բազմածավալ քրեական գործի նախաքննությունը չի կարող շուտ ավարտվել. դատախազի խոսնակը պատասխանում է իրավապաշտպաններին

Դեկտեմբեր 22,2018 17:43

Փաստաբան Նորայր Նորիկյանը Մանվել Գրիգորյանի՝ ազատ արձակման մասին այսպիսի գրառում է կատարել. «Գեներալ Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել վեց ամիս առաջ՝ ս.թ. հունիսի 19-ին:

Նա հունիսի 16-ից եղել է արգելանքի տակ:

Արդյո՞ք նշված ժամանակահատվածը բավարար չէր, որ նրան առաջադրված մեղադրանքի շրջանակներում իրականացվող նախաքննությունն ավարտվեր, և գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվեր դատարան՝ ըստ էության քննելու:

Ցավոք պետք է արձանագրել, որ ողջամիտ ժամկետում գործերի քննության տխուր ու ողբերգական ավանդույթը շարունակվում է:

Նորայր Նորիկյան

Ինձ մոտ այնպիսի զգացողություն է, որ իրավապահ համակարգի որոշ շրջանակների կողմից միտումնավոր կերպով իրականացվում է սաբոտաժ՝ անվստահություն սերմանելով իրականացվող գործընթացների նկատմամբ:

Դատախազության կողմից կա՞, արդյոք, որևէ հոդաբաշխ բացատրություն կամ հիմնավորված պատճառաբանություն, թե ո՞րն է պատճառը, որ քրեական գործերի վարույթն իրականացվում է ամիսներով ու տարիներով:

Ձեր սրբազան իրավունքն է. մի՛ երկարացրեք նախաքննության ժամկետները անհիմն կերպով երկարացնելու վերաբերյալ քննիչների կողմից բերված միջնորդությունները, դատավարական ճիշտ ու հստակ ցուցումներ տվե՛ք վարույթն իրականացնող մարմիններին, Ձեր իրավասության սահմաններում հետևե՛ք գործերի քննության ընթացքին, տեսնեմ ժողովուրդը դուրս կգա՞ փողոց՝ փորձելով Ձեր ու դատարանի փոխարեն որոշումներ կայացնել:

Դուք չե՞ք հասկանում, որ Ձեր անգործության հետևանքով ստեղծում եք անարխիայի մթնոլորտ:

Դուք գոնե պատկերացում ունե՞ք, որ Ձեր փոխարեն ժողովուրդը սկսի որոշել, թե ո՞վ է մեղավոր, ո՞վ է անմեղ, ո՞վ պետք է դատվի և ո՞վ դուրս գա բանտից…

Իսկ ու՞ր կորավ Սահմանադրությունը՛, օրենքը՛, դատարանը՛, վերջապես՝ պետությունը՛….

Երիցս պնդում եմ, որ ամբողջ իրավապահ համակարգը ենթակա արմատական փոփոխությունների՝ վերից վար…»:

Վարդան Հարությունյան

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը նույն փաստի կապակցությամբ ֆեյսբուքյան այսպիսի գրառմամբ է հանդես եկել. «Դատարանը փոխել է Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը։ Վեց ամսից ավել նա գտնվում էր կալանքի տակ։ Այս ժամկետը բավարար էր նրան ներկայացված մեղադրանքը քննելու ու գործը դատարան ուղարկելու համար։ Հիվանդ մարդու գործը այսքան ձգձգելն անհասկանալի է։

Հովիկ Աբրահամյանի եղբոր տարածքից զենքի մի ամբողջ պահեստ են հայտնաբերում։ Ընդունվում է կալանավորման հետ կապ չունեցող խափանման միջոց ու ոչ մի բողոք։ Մարդու վրա կրակած ու վիրավորած մեղադրյալի խափանման միջոց է ընտրվում ստորագրություն չհեռանալու մասին ու ոչ մի բողոք։ Ու հանկարծ՝ բազմաթիվ հիվանդություններ ունեցող մարդը վեց ամիս կալանավայրում գտնվելուց հետո գրավով դուրս է գալիս՝ բողոքավոր մարդիկ փողոց են փակում, թույլ չտալով, որ նա իր տուն հասին։ Ի՞նչ են ուզում բողոքավորները։ Եւ որքանո՞վ է սա մարդկային»:

Գոռ Աբրահամյան

Ի պատասխան ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը գրել է. «Փաստաբան Նորայր Նորիկյանն իր ֆեյսբուքյան էջում մի գրառում է կատարել՝ Մանվել Գրիգորյանի վերաբերյալ քրեական գործի շրջանակներում վարույթն իրականացնող մարմիններին մեղադրելով նախաքննության անհարկի ձգձգման, իսկ դատախազությանը՝ անգործություն ցուցաբերելու մեջ: Քանի որ նմանատիպ մեկնաբանության հանդիպեցի նաև իրավապաշտպան Վարդան Հարությունյանի ֆեյսբուքյան պատին, իմ էջում տեղադրում են Նորայր Նորիկյանի գրառման ներքո արված իմ պատասխան-մեկնաբանությունը:

Պարոն Նորիկյան, հասկանում եմ, որ ֆեյսբուքը լավ տարածք է՝ զգացմունքային ելույթներով հանրային կարծիք գեներացնելու համար: Այս իմաստով զարմացած չեմ, որ անգամ լինելով պրոֆեսիոնալ իրավաբան, կարող եք քրեական գործի նյութերին, նախաքննության ընթացքին, իրականացվող քննչական, դատավարական ու օպերատիվ-հետախուզական միջոցառումների ծավալին տեղյակ չլինելով՝ ձեզ իրավունք վերապահել վարույթն իրականացնող մարմիններին մեղադրել անգործության մեջ:

Մինչդեռ փաստաբան լինելով՝ չեք կարող չիմանալ, որ նման բազմադրվագ և բազմածավալ քրեական գործի նախաքննությունը չի կարող շուտ ավարտվել: Ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ Արցախի Հանրապետության տարածքում իրականացվում են բազմաթիվ գործողություններ, գործով նշանակված են մի քանի փորձաքննություններ, որոնց եզրակացությունները դեռևս ստացված չեն:

Ավելորդ է, թերևս, նշել, որ նման պայմաններում հիմնավորված չեն Մանվել Գրիգորյանին առնչվող քրեական գործով նախաքննության ողջամիտ ժամկետը չպահպանելու, առավել ևս դատախազությանն անգործության մեջ մեղադրելու մասին օդից վերցված ձեր պնդումները:

Երիցս պնդում եմ, որ անընդունելի է սոցիալական ցանցերի տարածքը խիստ սուբյեկտիվ, չհիմնավորված մեկնաբանություններով որևէ մեկի, այդ թվում նաև դատախազության դեմ հանրային տրամադրություններ գեներացնելու գործելակերպը»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վախթանգ Սիրադեղյան says:

    Ընդհանրապես ընդունված է՝ կա՛մ գործ
    անել և կա՛մ գտնել արդարացումներ չարվածի համար:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31