Լրահոս
Օրվա լրահոսը

Լրագրողները՝ «Տարվա 10 լավագույն մարզիկներ 2018» մրցույթի անցկացման կարգի մասին

Դեկտեմբեր 22,2018 17:28

Երեկ լրագրողները, ազգային հավաքականների գլխավոր մարզիչները եւ հանրությունը քվեարկությամբ որոշեցին «Տարվա 10 լավագույն մարզիկներ 2018» մրցույթի հաղթողներին:

Քվեարկության ընթացքում Aravot.am-ը հավատարմագրված լրագրողներից հետաքրքրվեց, թե ինչ են մտածում հանրության sms քվեարկության մասին:

Շուշանիկ Հակոբյան: Հանրային Հեռուստաընկերություն. «Դեմ եմ sms քվեարկություններին, քանի որ ձեւավորվում է ավելի շատ հանդիսատեսի համակրանք: Առաջարկում եմ այդպիսի առանձին անվանակարգ էլ ունենալ եւ ձեւավորված այդ տասնյակին հանձնել մրցանակներ եւ նվերներ: Քիչ առաջ գործընկերներով խոսում էինք, որ շատ մարդիկ չգիտեն, որ հրաձգության վազող թիրախ մրցաձեւը օլիմպիական չէ:

Անցած տասնյակից դուրս մնաց մարմնամարզիկ Հարություն Մերդինյանը, որը Եվրոպայի բրոնզե մեդալակիր էր: Փոխարենը սամբիստներ մտան տասնյակ sms-ների պատճառով: Ես չեմ թերագնահատում սամբոն, սամբիստների տանջանքը: Բայց եթե կա օլիմպիական մարզաձեւ, որը պետք է տեղ գտնի տասնյակում, նույն այդ sms-ների պատճառով դուրս է մնում:

Ճիշտ եմ գտնում մարզիչների քվեարկության նորամուծությունը, քանի որ դա ինչ-որ աստիճանի պրոֆեսիոնալ մոտեցում է: Լրագրողների քվեարկությունն էլ իմ կարծիքով կատարյալ չէ: Իմ կարծիքով, եթե մարզական լրագրողը տասնյակում տեղ չի տալիս օլիմպիական մարզաձեւում մեդալ նվաճած մարզիկին, հաշվի չի առնում մարզաձեւի առանձնահատկությունը, նրբությունները, տեղ չի տալիս հեծանվորդ Էդուարդ Ստեփանյանին եւ սամբո է ընդգրկում, սա նշանակում է, որ դա բացարձակ սուբյեկտիվ մոտեցում է: Կրկնում եմ՝ չեմ թերագնահատում ոչ մի լրագրողի, ոչ մի մարզաձեւ, որոնք բոլորն էլ բարդ են»:

Հասմիկ Բաբայան: Sport-Mediamax. «Ինձ համար զարմանալի էր, որ անցած տարի կար sms քվեարկություն:  Երբ արդյունքներն ամփոփվեցին, մտածեցի՝ գուցե ճիշտ է, որ նաեւ հանրությունը ընտրելու հնարավորություն ունի: Բայց ձայների հաշվարկի հարաբերակցությունը պետք է մի փոքր այլ կերպ բաշխվի: Մասնագետների կարծիքը պետք է ավելի շատ հաշվի առնվի, քան sms-ներինը, ինչը հիմա արվում է»:

 

Գրիգոր Ավետիսյան: Armenia TV. «Կարծում եմ՝ sms քվեարկությունը բավական հնացած տարբերակ է արդեն, բայց հաշվի առնենք, որ չկա հանրության ձայնը հաշվի առնելու այլ տարբերակ: Եթե սպորտի նախարարությունը կամ այն մարդիկ, որոնք կազմակերպում ու անցկացնում են այս մրցույթը, առաջարկեն այլ տարբերակ, որը կարող է անցնցում փոխարինել sms քվեարկությանը, ապա դա կլինի լավագույն լուծումը:

Մենք ապրում ենք հանրաճանաչության ժամանակներում: Քեզ կհիշեն, եթե դու ճանաչված ես: Եթե հանրությունը 21 թեկնածուներից կեսին հիշի, դա արդեն ձեռքբերում է: Մյուսները, որոնք այնքան էլ չեն երեւում հեռուստաէկրաններին, ճանաչելի են եղել մեկ շաբաթ, երբ դարձել են չեմպիոն եւ նրանց մասին խոսել է մամուլը: Կարծում եմ՝ ոչ միայն նախարարությունը, այլեւ մենք՝ լրագրողներս, պետք է աշխատանք տանենք, որպեսզի լավագույն բոլոր մարզիկները հանրությանը պատշաճ ներկայացվեն ամբողջ տարվա ընթացքում: Այս ձեւաչափով բոլորս աշխատելու շատ տեղ ունենք, որպեսզի տարվա վերջին հանրությունը նույնպես կարողանա ավելի ճիշտ քվեարկել»:

Հռիփսիմե Ղազարյան: Sport.Panorama.am. «Ինձ թվում է՝ 10-յակ ընտրելիս հանրությունն այնքան էլ օբյեկտիվ չի լինի: Ժողովրդի մեծ մասը տեղյակ չէ բոլոր մարզաձեւերին: Գրեթե վստահ եմ, որ ֆուտբոլը, որտեղ ունենք Հենրիխ Մխիթարյան եւ Մարկոս, կգերազանցի, որովհետեւ ֆուտբոլն ամենասիրված մարզաձեւն է: Ու անկախ նրանից՝ մենք այդ մարզաձեւում տվյալ տարում հաջողություններ կունենանք թե ոչ, միեւնույն է, մեծ մասը քվեարկելու է նրանց օգտին: Իսկ այս դեպքում օբյեկտիվությունը կորչում է»:

Խաչիկ Չախոյան: Sputnik-Armenia. « Միանշանակ չէ, որ sms քվեարկության արդյունքը լավագույնը կլինի մարզիկների ճիշտ ընտրության հարցում: Բայց մյուս կողմից էլ հանրությանը իր կարծին արտահայտելու հնարավորություն է տրվում: Ամեն դեպքում, ավելի ճիշտ կլիներ, որ ոլորտի արդյունքների ամփոփումը տրվեր հենց ոլորտի ներկայացուցիչներին՝ մարզական լրագրողներին, մարզիչներին, թեկուզ, նախկինում լեգենդար մարզիկներին: Ընտրությունը պետք է կատարեն նրանք, ովքեր տեղյակ են մարզաշխարհին, նրա անցուդարձին: Մարզաձեւեր կան, որտեղ Եվրոպայի մրցանակակիր դառնալն ավելի դժվար է, քան մեկ այլ մարզաձեւում աշխարհի չեմպիոն դառնալը: Այստեղ է, որ մասնագիտական լուրջ գիտելիքներ են անհրաժեշտ: Մարմնամարզությունում աշխարհի 4-րդ տեղ գրավելը, հեծանվասպորտում թեկուզ 23 տարեկանների մեջ, որտեղ գերազանցապես ազգային հավաքականների անդամներն են, Եվրոպայի չեմպիոն դառնալը, ջրացատկում առանց շատ թե քիչ նորմալ աշտարակ ունենալու Եվրոպայի բրոնզե մեդալ նվաճելը անչափ դժվար է ու թվում է անհավանական: Հանրությունն այս ամենից տեղյակ չէ: Բայց մենք հո ձեր հետ միասին գիտենք, թե նրանք ինչպիսի սուղ ու անմխիթար պայմաններում են մարզվում:

SMS քվեարկողները կարող են ձայն տալ ոչ թե այս մարզիկներին, այլ մեկ ուրիշ մարզաձեւի; Մենք՝ մարզական լրագրողներս, լավատեղյակ ենք գրեթե բոլոր մարզաձեւերին, քանի որ ամբողջ տարի հետեւում ենք: Գիտենք, որ բոլոր մարզաձեւերն էլ բարդ են ու դժվար: Մենք դրանք չենք տարանջատում: Բայց աշխատում ենք քվեարկելիս անաչառ լինել: Իսկ հանրության ձայնը լսելի դարձնելու համար կարելի է այլ անվանակարգեր սահմանել: Թող դա էլ լինի, ու բոլորն էլ կշնորհավորեն այդպիսի նախաձեռնությունը»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31