Դեկտեմբերի 15-ին մի երիտասարդ ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում տվեց, որ իրեն օրեր առաջ առևանգել են ու սպառնացել սպանել:
Պարզվեց, որ դեկտեմբերի 12-ին 4 անձինք առևանգել էին մի քաղաքացու և զենքով ու դանակով սպառնացել էին, որ վերջինս հետ վերցնի ինչ-որ քրեական գործով իր տված ցուցմունքը:
Ըստ տեղեկությունների` երիտասարդին նստեցրել էին “Մերսեդես” մակնիշի մի մեքենա և տարել Քանաքեռ ՀԷԿ-ի հարակից տարածքում գտնվող ինչ-որ առանձնատուն: Այնտեղ են եղել նաև 8 հոգի, որոնք քաղաքացուն ծեծել են ու կոտրել բջջային հեռախոսը:
Հարուցվեց քրեական գործ` քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի հատկանիշներով, այն է՝ մարդուն առևանգելը:
Ոստիկաններն անմիջապես ճշտեցին կասկածյալների ինքնությունը ու գտնվելու վայրը:
Դեկտեմբերի 16-ին 4 կասկածյալներին հայտնաբերվեցին և անձին առևանգելու կասկածանքով բերման ենթարկվեցին ոստիկանության Արաբկիրի բաժին, ինչից հետո էլ ներկայացվեցին նախաքննական մարմնին:
Բերման ենթարկվածներն են՝ երևանցիներ 1979 թվականին ծնված Սարգիս Մկրտչյանը, 1980 թվականին ծնված Կարեն Ջումայանը, 1983 թվականին ծնված Գոռ Հովհաննիսյանը և 1990 թվականին ծնված Արմեն Մկրտչյանը:
Նրանք ձերբակալված են:
Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Հարուցված քրեական գործի քննությունը շարունակվում է:
ՀՀ ոստիկանություն