«Չեմ կարող ասել՝ նրա մեղադրանքը Ռոբերտ Քոչարյանի հետ է կապվա՞ծ, թե ոչ: Չգիտեմ նաեւ ինչ դրվագներ կան նրա մեղադրանքի առնչությամբ, բայց իմ տվյալներով՝ 0038 հրամանի հետ Արմեն Գեւորգյանը կապ չի ունեցել առհասարակ»,-«Հայելի» մամուլի ակումբում այսօր անդրադառնալով նախկինում բարձր պաշտոններ զբաղեցրած Արմեն Գեւորգյանի գործին, ասաց Ռոբերտ Քոչարյանի շահերի պաշտպան, փաստաբան Հայկ Ալումյանը:
Հիշեցնենք, որ 2008թ. Մարտի մեկի իրադարձությունների ժամանակ Արմեն Գեւորգյանը եղել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար: Նա մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելուն աջակցելու, իսկ Ռոբերտ Քոչարյանը՝ սահմանադրական կարգը տապալելու համար:
«Չգիտեմ՝ Մարտի մեկի իրադարձությունների հետ Արմեն Գեւորգյանն ի՞նչ առնչություն ունի: Իսկ Ռոբերտ Քոչարյանը Մարտի մեկի հետ կապված Արմեն Գեւորգյանին հրահանգներ տալու մասին ոչինչ չի ասել ինձ»,-տեղեկացրեց Հայկ Ալումյանը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ