ՕԵԿ Քաղաքական խորհրդի 22.12.2018 հայտարարությունը
Պետական կառավարման համակարգի կառուցվածքային փոփոխությունները և դրանց հնարավոր հետևանքները չեն կարող վրիպել մեր քաղաքական ուժի ուշադրությունից։ «Օրինաց Երկիրը» հավատարիմ լինելով համակարգված և կշռադատված լուծումներով, այլ ոչ թե իրավիճակային մոտեցումներով երկիրը կառավարելու իր որդեգրած սկզբունքին, արձանագրում է, որ պետական որոշ մարմինների չհիմնավորված և հապճեպ վերակազմավորման կամ լուծարման սպասվող գործընթացը հղի է անխուսափելի վտանգներով։
«Օրինաց Երկիրը» դիտարկելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը իր մտահոգությունն է հայտնում հատկապես Սփյուռքի և Մշակույթի նախարարությունների լուծարման և դրանք գերատեսչական մարմիններ դարձնելու վերաբերյալ։ Եթե դրանք ժամանակին անփույթ կառավարման պատճառով չեն կարողացել իրենց առջև դրված առաքելությունը իրականացնել, դեռևս չի արդարացնում այն միտքը, որ այդ կառույցները անպայման պետք է լուծարվեն։ Վերջինիս այլընտրանքը մենք համարում ենք կառավարման արդյունավետության բարձրացումը, աշխատանքի ճիշտ գնահատման ուղիների սահմանումը՝ յուրաքանչյուրի ունակություններին և կարողություններին համապատասխան։
Կառավարման ոլորտում այս տրամաբանությունը պետք է ելակետ դառնա, այլ ոչ թե խնդրից կամայականորեն հրաժարվելու, դրա լուծումը անտեսելու և սոցիալական մարտահրավերներին, արտագաղթին ու գործազրկությանը ընդառաջ նոր աշխատատեղեր կրճատելու գործելաոճը։
Կարծում ենք, որ խիստ հիմնավորված փաստարկներով, առանց ավելորդ շտապողականության և հանրության լայն շրջանակների հետ քննարկման պայմաններում է միայն կարելի այս հույժ կարևոր որոշումները կայացնել։