Օրերս վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի խորհրդական նշանակված գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը, որը նախկինում ՀՀ ԶՈՒ ԳՇ հետախուզության վարչության պետն էր, ցուցմունք է տվել Ռոբերտ Քոչարյանի դեմ: Այս մասին այսօր «Հայելի» մամուլի ակումբում լրագրողներին հայտնեց Մարտի մեկի գործով ՀՀ սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի շահերի պաշտպան, փաստաբան Հայկ Ալումյանը: Հիշեցնենք, որ Արշակ Կարապետյանի անունը կապված է նաեւ 0038 հայտնի հրամանի հետ:
«Քոչարյանը պնդում է, որ իր դեմ դրված ցուցմունքը սուտ է, դրա համար առերեսման փորձ է եղել, որը ձախողվել է: Նա 2008թ. 0038 հրամանի հիման վրա եղել է Յուրի Խաչատուրովի տեղակալներից մեկը»,-տեղեկացրեց Հայկ Ալումյանը:
Ապա հավելեց. «Կարող եմ միայն ենթադրել, որ երբեմն նման նշանակումներով խրախուսվում է որոշակի վարքագիծը որոշ քրեական գործերի շրջանակում: Ես նման գործեր տեսել եմ, դրանք քաղաքական ենթատեքստ են ունեցել»: Թե ինչ ցուցմունք է տվել Կարապետյանը եւ կոնկրետ ինչ առնչություն է ունեցել 0038 հրամանի հետ, փաստաբանը չմանրամասնեց, քանի որ նախաքննության փուլում են:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ