ՄԱԿ-ի կողմից 1948 թվականի դեկտեմբերի 9-ին Փարիզում ընդունվեց «Ցեղասպանություն հանցագործության կանխարգելումն ու պատիժը» կոնվենցիան, որտեղ այդ սարսափելի երևույթին տրվեց իրավաբանական բնորոշում՝ միջազգային իրավական կարգավիճակով, որպես մարդկության դեմ ուղղված ծանրագույն հանցանք: Այդ օրվանից անցել է 70 տարի, սակայն այսօր էլ դեռ արդիական է հանցագործություններից այդ ծանրագույնի մասին խոսելը, քանզի այն ոչ միայն լիարժեք չի կանխարգելվել, այլ նաև շարունակվում է ժխտվել որոշ պետությունների կողմից, որոնք շրջանցում են պատասխանատվությունը իրենց գործած հանցանքի նկատմամբ և հետևաբար խուսափում են պատժամիջոցներից: Այս թեմայի շրջանակներում էր կազմակերպված «Լորիս Մելիքով» բանավեճի ֆորումի հերթական կլոր սեղանը, որը անցկացվեց ՄԱԿ-ի մոսկովյան ինֆորմացիոն կենտրոնի և «Դիալոգ» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ:
Կլոր սեղանի շուրջ հավաքված գիտնականները, հասարակական ու քաղաքական գործիչները պատմական փաստերը վերլուծելուց զատ, անդրադարձ կատարեցին նաև այսօրվա քաղաքակիրթ աշխարհում տեղի ունեցող իրադարձություններն, որտեղ դեռ փորձում են գործի դնել նույն սցենարը քրդերի ու եզդիների նկատմամբ, այնպես ինչպես ոչ վաղ անցյալում հայերի ու հրեաների դեմ իրականացրեցին: Ներկաների կարծիքով մարդկությունը ավելի զգոն կդառնա այդ խնդրի նկատմամբ, եթե լուրջ կրթական նախագծեր ներդրվեն դպրոցներում և ԲՈՒՀ-երում, ինչը այսօր բացակայում է:
Ռուսաստանի Պետական Հումանիտար Համալսարանի Հոլոքոստի հետազոտության կենտրոնը այս առումով լուրջ աշխատանք է ծավալում՝ հարցի լուսաբանման և տարածման գործում բացի հայ և հրեա գիտնականներից՝ ներգրավելով տարբեր ազգերի ուսումնասիրողների, ովքեր հենվելով միմիայն արխիվային նյութերի ճշգրտության վրա, փորձում են պայքարել գիտակցված, հաճախ էլ անգիտակից կերպով տարածվող պատմական խեղաթյուրումների դեմ, որոնց հետևանքը անխուսափելիորեն կարող է բերել այդ սարսափելի հանցագործության կրկնությունը:
«Լորիս Մելիքով» բանավեճի ֆորումը, որը հիմնադրվել է «Դիալոգ» հասարակական կազմակերպության կողմից, նպատակ է հետապնդում կայացնել մի յուրօրինակ երկխոսության հարթակ, որտեղ հայկական և ռուսական գիտական-քաղաքական վերլուծական կենտրոնների մասնագետները մտքերի փոխանակման ակտիվ հնարավորություն կունենան՝ տարածաշրջանում տեղի ունեցող հասարակա-քաղաքական իրադարձությունների վերաբերյալ: Ֆորումի առաջին գիտական սեմինարը տեղի է ունեցել այս տարվա նոյեմբերի 8-ին:
Նաիրա ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ