«0038 հայտնի հրամանն իրենից չի ներկայացնում որեւէ խնդիր եւ չի առաջացրել հակասահմանադրական եւ հակաօրինական իրավիճակներ, ինչպես այսօր ներկայացնում է Հատուկ քննչական ծառայությունը: Հակառակը. դրա արդյունքում կանխվել է բանակի ներքաշումը ցույցերին, որովհետեւ հստակ տվյալներ կային՝ բանակում աշխատանքներ էին տարվում, որպեսզի զինվորականներին բերեն Ազատության հրապարակ»,-«Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ զրույցում այսօր հայտարարեց Մարտի մեկի քրեական գործով ՀՀ սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի շահերի պաշտպան, փաստաբան Հայկ Ալումյանը՝ անդրադառնալով մեղադրանքներին, թե 0038 հայտնի հրամանով Ռոբերտ Քոչարյանը բանակին ներքաշել է ներքաղաքական գործընթացում:
Հայկ Ալումյանի խոսքով՝ երբ այդ հրամանն ամբողջությամբ հրապարակվի, բոլորը կհամոզվեն, որ այն հետեւանքներ չի ունեցել. «Մարտի մեկի իրադարձությունները եւ այդ հրամանը փոխկապակցված չեն: Մասնավորապես, 2008թ. փետրվարի 21-ին ընտրությունների նախնական արդյունքներն են ներկայացվել, որից հետո պարտված թեկնածուն՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը, իր համախոհների եւ շատ մարդկանց հետ դուրս եկան Ազատության հրապարակ: Նա հայտարարեց, որ ինքն է հաղթել, եւ պետք է կազմաքանդեն ռեժիմը: Ընդ որում, նա այդ ամենն արել է՝ զուգահեռ դիմելով ՍԴ՝ ընտրությունների արդյունքները վիճարկելու համար: Օրեր շարունակ տեւած ցույցերի իրականացմանը որեւէ մեկը չի խոչընդոտել մինչեւ Մարտի մեկը: Հետո մտահոգիչ տեղեկություններ են ստացվել, որ որոշները փորձում են բանակը ներքաշել քաղաքական գործընթացներում, որպեսզի զինվորականները գան հրապարակ եւ զենքը շրջեն իշխանության դեմ»:
Հայկ Ալումյանի խոսքով՝ եղել են տվյալներ այն մասին, որ ՊՆ երկու փոխնախարարները բացահայտ հայտարարել են ցուցարարներին միանալու մտադրության մասին. «ԵԿՄ-ում, օրինակ, քննարկվում էր ցուցարարներին միանալը: Իսկ որոշ զորամասերում անձնակազմի հետ աշխատանք էր տարվում, որպեսզի զինվորականները միանան ցուցարարներին: 0038 հրամանի միակ նպատակն այն էր, որ նման զարգացումները թույլ չտրվեին՝ մինչեւ մարտի մեկը: Իսկ մարտի մեկի իրադարձություններն այդ հրամանի հետ կապ չունեն: Եթե զինվորականները զինված գային Երեւան, պատկերացնո՞ւմ եք, թե ինչ կարող էր տեղի ունենալ: Այդ ամենը պետք էր կանխել: Ժամանակը կգա՝ բոլորը շնորհակալ կլինեն նրանց, ովքեր կանխել են»: Հիշեցնենք, որ պաշտպանական կողմի պնդմամբ՝ Ռոբերտ Քոչարյանը ոչ թե բանակը ներքաշել է քաղաքական գործընթացների մեջ, այլ նպատակ է ունեցել կանխել դա:
https://www.facebook.com/aravot.am/videos/2311496325758546/
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ