Էկոնոմիկայի նախարարի պաշտոնում կշարունակի պաշտոնավարել գործող նախարար Տիգրան Խաչատրյանը։
Վերջինս մեզ հետ զրույցում հորդորեց սպասել եւ տեսնել՝ ինքը կմնա՞, թե՞ ոչ։ Ինչ վերաբերում է կառուցվածքային փոփոխությանը, Խաչատրյանն այս հարցում եւս հստակ որեւէ բան չասաց՝ նշելով, որ նախագիծը կգա՝ կիմանանք։ Հարցին՝ իրենց նախարարությունը որեւէ այլ նախարարության հետ կմիավորվի՞, թե՞ ոչ, Խաչատրյանն ասաց՝ չի բացառվում։ Իսկ հնարավո՞ր է գյուղնախարարությունը միանա իրենց։ «Կան քննարկումներ, եկեք սպասենք, կտեսնենք, որովհետեւ դրանք բոլորը հակառակ դեպքում կանխատեսումներ են, որոնք կարող են ընթացքում փոփոխվել»,- ասաց նախարարը։
Նկատեցինք, որ նախորդ կառավարությունն օպտիմալացման փոխարեն մի բան էլ նախարարություններ էր ավելացնում, օրինակ՝ նախկինում միավորված ԱԻՆ-ն ու տարածքային կառավարման նախարարությունն առանձնացրին եւ ստացան երկու առանձին նախարարություն։ «Բոլոր կառավարություններն ունեն իրենց գերակայությունները եւ իրենց տեսլականը։ Այս կառավարությունը որոշել է, որ ավելի քիչ թվով նախարարություններով հնարավոր է ավելի արդյունավետ լինել եւ ավելի լավ արդյունքներ ունենալ»,- ասաց պարոն Խաչատրյանը։
– Բայց այդ միավորումների արդյունքում սուպերնախարարություններ են ձեւավորվում, դա արդյոք լա՞վ ճանապարհ է։ Ժամանակին քննադատում էին Գագիկ Խաչատրյանին, որ մի քանի բլոկ էր ղեկավարում, դարձել էր սուպերնախարար։
– Տեսեք՝ սուպերնախարարություն անվանելը ճիշտ է այն դեպքում, երբ որ տեղեկատվական հոսքերը, որոնք անհրաժեշտ են որոշումներ կայացնելու տեսանկյունից, շատ են կենտրոնացվում։ Ես կարծում եմ, որ այդ հարցը պետք է անուշադրության չմատնվի, վստահաբար՝ դա պետք է լինի այն կարեւոր հարցերից մեկը, որի պատասխանը հուշում է, թե որոնք են լինելու ամենաօպտիմալ միավորումները։ Բայց մյուս տեսակետն էլ նա է, որ Հայաստանն ունենա 17 նախարարություն, չափազանց մեծ բեռ է հանրային ֆինանսների վրա, եւ պետք է ունենալ ավելի սեղմ կազմով, ավելի քիչ թվով, բայց արդյունավետ մարդկանցով կառավարվող համակարգ։
– Դրա արդյունքում նաեւ բազմաթիվ աշխատատեղեր են կրճատվելու, մարդիկ դուրս են մնալու։ Այդ խնդիրն ինչպե՞ս է լուծելու կառավարությունը։
– Ես կարծում եմ՝ իրականում, եթե մի քիչ ուշադիր լինեք, բոլոր նախարարություններում էլ կան չօգտագործվող հաստիքային միավորներ, այսինքն՝ անգամ իրավիճակն է էնպիսին, որ հաստիքը կա, բայց էդտեղ ցածր վճարաչափերի պատճառով բավարար հետաքրքրություն չկա՝ լավ մասնագետների կողմից այդ տեղերը զբաղեցնելու։ Այս օպտիմալացման արդյունքներից մեկը պետք է լինի նաեւ այն, որ հնարավորություն ստեղծվի ներգրավել ավելի բարձր որակավորում ունեցող մասնագետների, այսինքն՝ քիչ թվով աշխատատեղերը համալրել բարձր մասնագիտական կարողություններ ունեցող մարդկանցով։
– Իսկ աշխատավարձերի բարձրացում կլինի՞ դրա արդյունքում։
– Կարծում եմ՝ այո։
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում