Եվ ուրեմն առաջանում են հարցեր, թե այդ դեպքում ինչո՞ւ չի եղել բավարար պատրաստվածություն: Իսկ որ այդ պատրաստվածությունը չի եղել բավարար՝ կասկած չկա: Եվ այստեղ էլ առաջանում է մյուս հարցը՝ իսկ արդյո՞ք կարող են իրականության մոտ լինել խոսակցության մակարդակի այն կասկածները, որ Ապրիլյան քառօրյան եղել է Հայաստանի քաղաքական ղեկավարության համաձայնությամբ պլանավորված, այսպես ասած, մեծ սցենար կամ խաղ, որը կանխվել է Հայաստանի բանակի և հասարակության համատեղ ջանքով, այլ ելք չթողնելով ղեկավարությանը, քան համակերպվել դրա հետ: Սրան, իհարկե, դժվար է հավատալ, սակայն մյուս կողմից պետք է ուրեմն լինի պատասխան այն հարցին, թե ինչո՞ւ չի եղել համարժեք պատրաստվածություն, այն դեպքում, երբ եղել է բավարար հետախուզական ինֆորմացիա: Երբ չկան այդ պարզ հարցերին պատասխաններ, բնականաբար առաջանում են ամենատարբեր վարկածների մասին խոսակցություններ: Իսկ բուն խնդիրն այն է, որ տեղի ունեցածը առավելագույնս հասկանալը պետական ու հանրային անվտանգության հարց է, որպեսզի Հայաստանն ու Արցախը հետագայում ապահովագրվեն այդօրինակ իրավիճակներից:
Վերջին հաշվով, իհարկե, որևէ այդօրինակ իրադարձություն տեղի չի ունենում մեկ գործոնի բերումով: Գործոնները, որոնք փոխազդում են միմյանց և հանգեցնում այդօրինակ զարգացումների, լինում են բազմաթիվ և բազմաշերտ, երբ խոսքը աշխարհաքաղաքական կարևոր նշանակություն ունեցող ռեգիոնների և կետերի մասին է: Եվ ուրեմն, այստեղ առավել կարևոր է հասկանալ իրավիճակը, հասկանալու համար նաև այն, թե ո՞ր գործոններն են աշխատել Հայաստանից անկախ և ինչպես, ու ինչպես էր հնարավոր փոխել, ազդել դրանց վրա: Խոշոր հաշվով, հարկ է արձանագրել, որ այստեղ առանցքային, խորքային հարցը լոկ մեղավորներ գտնելն ու պատժելը չէ, ինչպես կփորձեն ներկայացնել շատերը: Խնդիրը, բուն, խորքային հարցն այստեղ այն է, որ ապագայում խուսափենք իրավիճակներից, երբ իր սխալների համար կարող է պատժվել Հայաստանը:
Որովհետև, վերջին հաշվով, սխալները միայն չար դիտավորության, դավադիր դիտավորության արդյունք չեն, այլ, երբեմն, նույնիսկ անկեղծ և լավագույն մղումների, որոնք սակայն հակառակն են դառնում իրավիճակը սխալ գնահատման հետևանքով:
Արամ ԱՄԱՏՈՒՆԻ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում