Լրահոս
Դասն ավարտվել է
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

Մի՞թե պարզ չէ, որ ՀԱՊԿ-ի ու ԵԱՏՄ-ի շրջանակներում Հայաստանի նորընծա իշխանությանը, Նիկոլ Փաշինյանին պարզապես չեն վստահում կամ վստահելի գործընկեր չեն համարում. «Հայոց աշխարհ»

Դեկտեմբեր 22,2018 11:40

Լավ, մի՞թե պարզ չէ, որ ՀԱՊԿ-ի ու ԵԱՏՄ-ի շրջանակներում, այդ կազմակերպությունների մյուս անդամ-երկրների մեծ մասը Հայաստանի նորընծա իշխանությանը, Նիկոլ Փաշինյանին պարզապես չեն վստահում կամ վստահելի գործընկեր չեն համարում:

Թե ի՞նչ բարեկամներ է Հայաստանը ձեռք բերել անցած 6-7 ամսում, այնքան էլ պարզ չէ, բայց որ եղած քիչ թե շատ բարեկամական տրամադրված արտաքին գործընկերներին էլ կարող է կորցնել կամ առնվազն վանել է՝ մինչեւ «պաղ քաղաքավարական» չոր «բարեւ-բարլուսի» հեռավորության վրա, թերեւս տեսանելի է:

Ըստ որում՝ այս շիլան հենց Փաշինյանն է եփել: Կարելի էր, իհարկե, շատ ավելի մտածված ու հեռատեսորեն գործել՝ նախ հետ կանչել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից Յուրի Խաչատուրովին, ներկայացնել Հայաստանի կողմից մեկ այլ թեկնածու նրա փոխարեն: Հետո նոր միայն սկսել Յուրի Խաչատուրովի նկատմամբ քրեական հետապնդումը:

Բայց եթե Նիկոլ Փաշինյանի ամբողջ մտավախությունն այն էր, թե հանկարծ Խաչատուրովը չփախչի (գաղտնալսված տխրահռչակ հեռախոսազրույցը ԱԱԾ տնօրենի հետ), պարզ է, որ ՀԱՊԿ-ը, տվյալ կազմակերպության հեղինակության հարցը, տվյալ կազմակերպության անդամ գործընկեր-պետությունների հետ հետագա հարաբերությունների հարցը նրան չի էլ հետաքրքրել կամ հիսուներորդական նշանակություն է ունեցել:

Պարզ է նաեւ, որ առնվազն ՀԱՊԿ անդամ պետությունները՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, տեսնում են մեկին, որին կարող են հանգիստ «ֆռռացնել», սեղանի ծայրին ու առանձին նստեցնել եւ այլն: Վատն այն է, որ դա մեր պետության հանդեպ վերաբերմունքի վրա է անդրադառնում: Ամենից վատն այն է, որ ՀԱՊԿ-ում Հայաստանի դիրքերը էապես թուլանում են: Ի դեպ, «Ռազմինֆո» մասնագիտացած կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը երեկ մի գրառում էր արել՝ բավական դիպուկ ամփոփելով Փաշինյանի քարոզչության մուտացիան՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցում: Սկզբում Նիկոլ Փաշինյանի քարոզիչները համոզում էին, որ Խաչատուրովի քրեական հետապնդումը չպիտի որեւէ ազդեցություն ունենա ՀԱՊԿ-ում Հայաստանի մեր դիրքերի վրա: Որոշ ժամանակ անց պնդում էին, որ ամեն դեպքում Հայաստանի ներկայացուցիչ կնշանակվի։

Հետո արդեն խոսակցություններ սկսվեցին, որ առանց մեր հաստատման գլխավոր քարտուղար չի նշանակվի: Հետո սկսեցին պատմել, որ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը՝ հեչ, «50-երորդական կարեւորության հարց է»: «Իսկ հիմա, փաստորեն, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանն ու Ղրղըզստանը պայմանավորվել են, որ Բելառուսի ներկայացուցիչն է լինելու կազմակերպության գլխավոր քարտուղարը, Հայաստանի կարծիքն էլ ոչ մեկին չի հետաքրքրում: Ահա այն ամենը, ինչ պետք է իմանալ Նիկոլ Փաշինյանի փայլուն արտաքին քաղաքականության, հայ-ռուսական՝ «որեւէ խնդիր չունեցող» հարաբերությունների մասին»,- նկատել է Կարեն Վրթանեսյանը: Ինչ վերաբերում է պաշտոնական դիրքորոշման ու տեսակետի՝ 6 ամսվա մեջ 6-7 անգամ փոփոխվելուն, ապա դա էլ է շատ բան վկայում: Պարզապես արդեն անտանելի է դառնում այս պուդրայած «սիրո եւ համերաշխության» տակ վատ քողարկված ատելությունը, չարությունը, անձեռնահասությունն ու կեղծավորությունը: Վատն այն է, որ այդ ամենը փառաբանելու հետեւանքների շիլան ոչ այնքան փառաբանող «դհոլչիներն» են համտեսելու, այլ բոլորս:

Դա էլ, երեւի հանուն այն բանի, որ 100 տարվա մեջ մի երկրորդ ու վերջին անգամ համոզվենք, որ ոչ միայն անգլիական, այլեւ ամերիկյան նավերը Հայոց լեռները չեն բարձրանում: Իզուր չէ ասված՝ եթե Աստված ուզում է պատժել մեկին, նախ՝ խելքն է «տանում»: Դա միայն անհատներին չէ, որ վերաբերում է:

Տ. ՄԻՐԶՈՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31