Ողջ խնդիրը հանգում է մշակութային քաղաքականությանը, որով էլ, ի վերջո, պայմանավորված է հարցը՝ պե՞տք է ունենալ մշակույթի նախարարություն որպես գերատեսչություն, թե՞ ԿԳՆ կազմում մի բաժին կամ քաղաքաշինության կոմիտեում մի վարչություն ունենալն էլ է բավական:
Եթե Հայաստանն իր անկախության վերականգնման տարիքին լիներ իր պատմությամբ, միգուցե մեզ ոչ միայն մշակույթի նախարարություն պետք չլիներ, այլեւ շատ ուրիշ բաների:
Բայց ահռելի մշակութային ժառանգություն, ընդգծենք՝ բազմաշե՛րտ ժառանգություն ունեցող, ավելին՝ աշխարհին գերազանցապես իր այդ ժառանգությամբ ներկայացող ու ճանաչվող երկրին ոչ թե պետք է, այլ անհրաժե՛շտ է ունենալ հենց նախարարության կարգավիճակով հազարավոր ճյուղային խնդիրներով զբաղվող պետական կառույց:
Սկսած պատմամշակութային հուշարձանների պահպանումից, վերջացրած պատկերասրահների, թանգարանների պահպանման, շահագործման, արդիականացման հարցերով, չհաշված արդեն թատրոնները, պարախմբերը, նվագախմբերը, մշակութային ժառանգության հանրայնացումը, չհաշված կինոն, երգարվեստը, գորգագործությունը, գիր-գրականությունը, գրադարանները, քանդակագործությունը, մշակույթի տները, օպերան, բալետը, դե՝ կրկեսն էլ ձեզ փեշքեշ, ու այդ ամենին աղերսվող անթիվ-անհամար խնդիրները, որոնք կոնկրետ մոտեցում ու լուծում են պահանջում:
Զարմացնում է նորիշխանավորների աշխարհընկալումն ու մտահորիզոնը: Նրանք իսկապե՞ս կարծում են, որ բոլոր այդ խնդիրներն ինքնըստինքյան լուծվող են, այսպես ասած՝ «շուկան կորոշի» տարբերակով: Անտերը հո միայն թմբուկ զարկելո՞վ չէ:
Ո՞րն է, ի վերջո Փաշինյանի կառավարության մոտեցումն ու քաղաքականությունը մշակույթի ասպարեզում: Երեկ այս խնդրի շուրջ հնչած բազմաթիվ կարծիքների շարքում, կարծում ենք, առանձնանում է Սպարտակ Սեյրանյանի գրառում-դիտարկումը. «Կրկին ձեւն ու բովանդակությունը խառնվել են, կրկին ձեւի մասին խոսվում է, իսկ բովանդակության մասին` ոչ: Մշակույթի նախարարության կարգավիճակի մասին խոսվում է, իսկ մշակութային քաղաքականության մասին` լռություն է: Իսկ ի՞նչ տարբերություն. քաղաքականություն չունեցող եւ քաղաքականություն չվարող մարմինը նախարարությո՞ւն է, թե՞ վարչություն կամ բաժին: Եվ` հակառակը:
Չեմ արդարացնում կառավարության որոշումը. այն սխալ է, շատ սխալ: Բայց քանի դեռ նյութը ձեւը` կարգավիճակն է, ոչ թե բովանդակությունը` քաղաքականությունը, համաձայնեք. սա ոչ թե քննարկում է, այլ ընդամենը խոսակցություն: Ու հանգուցալուծումն էլ ցանկացած տարբերակում լինելու է ձեւական»:
Ի դեպ, սփյուռքի նախարարության մասին: Այստեղ էլ երկար-բարակ կարելի է ե՛ւ խոսակցություն ծավալել, ե՛ւ քննարկում: Բայց էական է ահա թե ի՛նչ հարց: Եթե հիշում եք, ոգեւորված «հանցավոր ռեժիմի» տապալումից, հարյուր հազարավոր, եթե ոչ՝ միլիոնավոր հայեր, վերջապես հնարավորություն էին ստանալու վերադառնալ հեռվից այնքա՜ն բաղձալի ու սիրելի հայրենիք: Վերադառնալու էին ու շենացնեին, ծաղկանոցի ու բուրաստանի վերածեին մեր սիրելի հայրենիքը: Դե, նրանք երեւի 8 ամիս է ճամպրուկներն են պատրաստում, իրերն են դասավորում, որ եկող տարի էսպես միահամուռ, ֆեյսբուքյան «թիփի-բորան» գրառումներին համահունչ, խոշոր խմբերով վերջապես վերադառնան: Համենայն դեպս մինչեւ հիմա չեն եկել: Եկողներն էլ տասնյակ հազարավոր զանազան ասիացիներ են, որոնց կարիքն ու գործազուրկ Հայաստանում աշխատատեղ զբաղեցնելու կարիքը ոնց որ թե չունեինք: Բայց դա՝ իր հերթին:
Հիմա, բա որ հանկարծ այդ բոլոր՝ հարյուր հազարավոր հայերը հանկարծ հիշեն, որ հայրենիքը միայն սոցցանցերում սրտաճմլիկ կամ սեփական հողուջրին ոչ մի դեպքում չդավաճանածներիս հեռվից խելք սովորեցնելով չեն շենացնում, ու եկող տարվա հունվարի 1-ից սկսեն վերադառնա՞լ: Արտգործնախարարությո՞ւնն է, ինչ է, նրանցով զբաղվելու, ԱԱԾ-ն չհաշված: Ի դեպ, ինչ վերաբերում է երեկ բողոքի ցույց անող ապագա գործազուրկներին, ապա նրանք թերեւս մի 5-6 ամիս ուշացել են: Սկզբունքորեն նրանցից շատերը ժամանակին համակրանքով են վերաբերվել Նիկոլ Փաշինյանի քայլափոխությանը: Ուստի միանգամայն արդարացի է, որ ստանում են իրենց բաժին «պայծառ ապագան»: Ավելին, եթե այդ բոլոր անձինք ժամանակին չլռեին՝ տեսնելով թե ինչ կարգի անհամապատասխան անձանց են իրենց վրա նախարար կարգել, ապա այսօր միգուցե իրենց մարդատեղ չդնելով նախարարությամբ հանդերձ ասպարեզից հեռացնելու դաժան իրականության առջեւ չէին հայտնվի:
Առհասարակ հարգում են ինքնահարգանք ունեցողին: Իսկ Մակունցի ու նմանների առաջ խոնարհվողները գուցե ավելի վատ վերաբերմունքի են արժանի:
ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում