Արդեն հասկանալի է, որ հաջորդ տարի Արցախի հարցում կարեւոր զարգացումներ են սպասվում: Կրկին արձանագրենք, որ ոչ մի հայ ղեկավար միտումնավոր չի գնացել եւ չի գնա որեւէ քայլի, որը վտանգի կենթարկի Հայաստանն ու Արցախը: Հետեւաբար, չմտնելով «ծախում է-չի ծախում», «հանձնում է-չի հանձնում» անհետաքրքիր եւ, թող ներվի ասել, տափակ բանավեճի, ինչպես նաեւ «հայրենասիրական» զեղումների մեջ, մենք՝ քաղաքացիներս, պետք է փորձենք ստանալ մի շարք կարեւոր հարցերի պատասխանը: Արդյոք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, ինչպես նաեւ Մակրոնը, Պուտինը, կամ, ասենք, Բոլթոնը եւ ցանկացած այլ միջազգային խաղացող Հայաստանի նոր ղեկավարության հետ քննարկո՞ւմ է որեւէ տարբերակ, որը չի նախատեսում 5 շրջանների հանձնում, եւ հակառակը՝ քննարկո՞ւմ է արդյոք այնպիսի մի լուծում, որը ենթադրում է տարածքների առումով ներկայիս կարգավիճակի պահպանում։ Արդյոք նման՝ մեզ համար չափազանց ձեռնտու լուծման հետ համաձա՞յն է Ադրբեջանը։ Եթե այդ երկու հարցերին տրվում է դրական պատասխան, ապա վերջ՝ մենք կարող ենք ասել, որ այս առումով մեր խնդիրները լուծված են, ու անհանգստանալու կարիք չկա։
Եթե, այնուամենայնիվ, քննարկվում է տարբերակ, որը նախատեսում է փոխզիջում, որի մասն է կազմում տարածքների հանձնումը, ապա ցանկալի է իմանալ, թե ի՞նչ է դրա փոխարեն մեզ առաջարկվում: Եթե խոսքը միայն ապաշրջափակման եւ ինչ-որ անհասկանալի հանրաքվեի անորոշ խոստումների մասին է, ապա դա ակնհայտորեն բավարար չէ: Եթե վերոհիշյալ խաղացողների առաջարկները մեզ ձեռնտու չեն, ապա արդյոք մենք կարո՞ղ ենք մերժել դրանք, եւ եթե կարող ենք, ապա որքա՞ն ժամանակ: Դարձյալ՝ եթե հնարավոր է տարիներով կամ տասնամյակներով պահպանել status quo-ն, ապա դա թեեւ ամենալավ տարբերակը չէ, սակայն ընդհանուր առմամբ ընդունելի է: Եվ այդ ամենի հետ կապված առաջանում է մի «հարակից» հարց՝ արդյոք մենք տարբեր աղբյուրներից շարունակո՞ւմ ենք ստանալ զենքի նույն քանակությունը, որը ստանում էինք մինչեւ այս տարվա ապրիլը: Սրանք հստակ հարցեր են, որոնք, ի տարբերություն իշխանության՝ «ժողովուրդն է որոշելու» խոստումից եւ ընդդիմության՝ «ոչ մի թիզ հող» բացականչությունից, հնարավորություն են տալիս առերեսվելու իրականությանը:
Եկեք անկեղծ լինենք՝ ժողովուրդը ոչինչ չի որոշելու, որոշելու է ժողովրդի հսկայական վստահությունը վայելող իշխանությունը: Եվ շատ ցանկալի է, որ այդ իշխանությունը չսխալվի: Խնդիրը հետեւյալն է. երբ դու միջազգային ասպարեզում սխալ ես գործում, ոչ ոք, այդ թվում՝ գործընկերներդ ու դաշնակիցներդ չեն ասում՝ «այ, տես, դու սխալ գործեցիր»։ Նրանք գրանցում են այդ սխալը համապատասխան «դավթարում» եւ հետո պատեհ առիթի դեպքում քեզնից հաշիվ պահանջում դրա համար։ Այնպես որ, օրինակ, Պուտինի պարագայում բարեկամության ընդհանուր հավաստիացումները վճռորոշ չեն։ Ավելի կարևոր է այն գինը, որը հետագայում սխալի դեպքում կվճարես։ Առայժմ, իհարկե, ոչ մի սարսափելի բան չի պատահել։ Պարզապես այդ օրինաչափությունը պետք է մտքներումս պահենք։
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
. Մինչեւ որ Արցախի խնդիրը լիովին չլուծուի, մինչեւ որ այդ պատերազմը իսկապէս ու բացարձակապէս չվերջանայ, Հայաստանը շանս մը իսկ չունի՝ տարրական չափով նորմալ երկիր մը դառնալու:
. Ռազմական գետնի վրայ, առանց Ռուսաստանի օժանդակութեան (= նուազագոյնը՝ Ադրբեջանը զսպել, Թուրքիան ալ հեռու պահել), ամբողջական եւ երկարատեւ պատերազմի պարագային, նոյնիսկ եթէ լիովին չպարտուինք, մեր հողային եւ մանաւանդ մարդկային կորուստները… անասելի կը լինեն: Մեր զինուորների արտակարգ քաջութիւնը ինքնին պատճառ է որ անոնց մէջ զոհերու քանակը հասնի զարհուրելի չափերու:
. Հայաստանի – եւ Արցախի – բնակչութիւնը յոգնած է, մաշած է, հետզհետէ աւելի դժուարութիւն ունի դիմանալու, կացութիւնը հանդուրժելու: Ամէն պարագայի, այդտեղ չապրող ոեւէ անձ իրաւունքը չունի քննադատելու այդ հոգեվիճակը, ուրեմն ի զուր եւ անիմաստ է վերացական/գաղափարական որեւէ բանավէճ այդ մասին: Սակայն փաստօրէն, այս է հիմնական պատճառը, որ կարելի չէ տակաւին status quo-ն պահպանել, եւ այս պատճառով է որ այսուհետեւ հարկադրուած ենք դիմագրաւելու թէական փոխզիջումներ:
. Պարոն Փաշինյանը, ինք, ամէնայն ուղղամտութեամբ եւ անվիճելի հայրենասիրութեամբ, դուխով, մուխով եւ դեռ վրան ալ՝ ծուխով, ամէն ճիգ ի գործ պիտի դնէ վստահաբար, ջանալ լուծելու համար Արցախի հիմնախնդիրը:
. Այնուհանդերձ, բարձր հաւանականութիւնը այն է, որ մեր կողմէ առաւելագոյն զիջումը անգամ բաւարար պիտի չլինի հակառակորդին համար, եւ նա անոր դիմաց մեզի պիտի չզիջի նուազագոյնը անգամ: Գիտէք որ այդպէս է:
. Ցարդ, մի հատիկ, «մի սարսափելի բան չի պատահել», ճիշդ է: Սակայն բազմաթիւ սխալներ կատարուեցան, եւ մինչ անոնցմէ իւրաքանչիւրը, մինակը եւ ինքնին, սարսափելի չէ, անոնց գումարումն ու կուտակումը սկսած է մօտենալ սարսափազդու աստիճանի, եւ եթէ այդ ընթացքը շարունակուի, աղետալի հետեւանքները անխուսափելի կը դառնան:
Իսրայելը կարծեմ շանս մը ունեցավ։
մտքիս մէջ յստակօրէն ունէի այդ օրինակը, սակայն չուզեցի արտայայտել, որպէսզի չվիրաւորեմ…
իրողութիւնը այն է որ Հայաստանը Իսրայել չէ… իսկ ընդհանրապէս հայերը, այսինքն՝ ներառեալ Սփիւռքը, կարելի չէ բաղդատել Հրեաներուն, դժբախտաբար
ցաւալին այն է թէ խելքն ալ ունինք, կարողութիւնն ալ ունինք իրենց պէս ըլլալու… բայց ոչ՝ մղումը, տրամադրութիւնը, կորովը, կազմակերպութիւնը, մտածելակերպը, բնաւորութիւնը…
«յարատեւ պատերազմի» յղացքը անկարելի է որ ըմբռնեն եւ ընդունին Հայաստանի եւ Արցախի բնակիչներու մէկ կարեւոր մասը
դասական, աւանդական Սփիւռքի պարագային, որոշ սերունդ մը լաւապէս ըմբռնած էր «յարատեւ պայքար»ի գաղափարաբանութիւնը, եւ զայն ի գործ ալ դրաւ… հիմա բայց, այդ սերունդէն ալ շատ մարդ չմնաց… կամ մեռան, կամ ալ խորապէս փոխուեցան… մի քանի մնացածներուն ալ վրան կը խնդայ մնացեալ հայութիւնը… (խօսքս Հայաստանի մէջ այդ շատախօս եւ ինքնահաւան ծայրայեղականներուն մասին չէ…)
Արցախի ազատագրումը Հայոց Պատմութեան ամենափառաւոր, ամենապանծալի պարբերութիւնն է
սակայն զայն պահելը ուրիշ հարց է, եւ տեսնենք դեռ թէ այս խնդիրը ինչպէս պիտի վերջանայ… յուսալով որ յանգումը չի դառնար սոյն պատմութեան մէկ ամօթալի էջը, եւս…
Զարմանալի է, որ Փաշինյանը չգիտի, թե ինչ է կատարվում մի փոքրիկ հանրային տարածքի վրա՝ չնայած այն հանգամանքին, որ որ նա Սերժ Սարգսյանի իրավահաջորդն է:
Պրոֆեսիոնալ հետախու՞յզն է (Վ. Պուտինը) ավելի խելացի, թե՞ հանրահավաքային
օգտագործվող «դիլետանտ գորլոպանը»:
Երեսուն տարվա քաղաքական եւ տնտեսական անկախության հաստատման ցանկության բացակայությունը դարձել է օրինաչափութուն:
Իմ պատկերացմամբ, պետական պաշտոնյայի կատարած ասենք գողությունը պետք է դատվի ավելի խիստ քան ասենք նույն գողության համար ոչ պաշտոնյան, մյուս կողմից, ազգանվեր գործեր անելու համար պետական պաշոնյան ավելի շռայլորեն պետք է պարգեւատրվի, քան ոչ պաշտոնյան: Կարճ ասած, քաղաքացիական բուրգի վերեւում պետական պաշտոնյան է բարձր գործակցով, իսկ ներքեւում’ երեխաներն ու տարիքավորներն են, հետո կանայք’ ցածր գործակցով, պարզապես պետք է հասկանալ, որ ինչքան բարձր պաշտոն է, այնքան այն ոչ միայն պատվաբեր է, այլեւ նույնքան վտանգավոր ու մասնագիտական ու հոգեւոր բարձր հմտություններ է նախատեսում: