Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխող ուժն այդպես էլ տնտեսական ծրագիր չներկայացրեց

Դեկտեմբեր 22,2018 16:00

Ամեն դեպքում «Ազգային ժողովը ձեւավորվել է քաղաքացու քվեով»

«ԱԺ անցած քաղաքական երեք ուժերից երկուսն այսօր պայքար են մղում ապացուցելու, թե որն է իրական ընդդիմությունը: Չկա այդպիսի տարանջատում. դա կեղծ օրակարգ է եւ արհեստական բախում, որը չի հետապնդում հանրային որեւիցե շահ»,- «Առավոտի» հետ զրույցում կարծիք հայտնեց «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության նախագահ Արման Ղուկասյանը՝ գնահատելով դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունները եւ անդրադառնալով դրանց արդյունքներին: Իր համոզմամբ՝ ընդդիմությունը Հայաստանում այսօր ժողովուրդն է, որը գարնանը ապացուցեց պահանջատեր լինելու իր ունակությունը: «Հանուն սոցիալական արդարության» նորաստեղծ ուժն էլ, ըստ մեր զրուցակցի, իբրեւ արտախորհրդարանական ուժ՝ ակտիվ է լինելու, սատարելու են իշխանության եւ Նիկոլ Փաշինյանի պետականամետ՝ «ժողովրդի օգտին ու շահին համապատասխանող որոշումներին», ընդդիմանալու են իշխանության եւ Նիկոլ Փաշինայի «ոչ հայանպաստ կամ հանրային շահին հակառակ գործունեության ծավալմանը»:

Հայաստանում տեղի ունեցան իշխանափոխություն եւ նոր որակի խորհրդարանական ընտրություններ: Իբրեւ այդ ընտրությունների դրական արձանագրում՝ Արման Ղուկասյանն առանձնացնում է այն, որ նախընտրական շրջանում մասնակից ուժերի միջեւ առկա էր երկխոսություն: Նկատում է` անգամ ականատես եղանք աննախադեպ բանավեճի՝ ուժերի առաջին դեմքերի մասնակցությամբ: Սա մշակույթ, է, որը, ըստ մեր զրուցակցի, պետք է զարգանա: Արման Ղուկասյանը կարեւոր է համարում նաեւ քաղաքական ուժերի եւ ընտրողների ուղիղ երկխոսությունը անհատական շփումների, սոցիալական ցանցերի միջոցով եւ այլն: «Ամենակարեւորն այն է, որ այս ընտրությունների նախաշեմին բոլոր քաղաքական ուժերը շեշտում էին` հենց քաղաքացին է լինելու ապագա Ազգային ժողովն ընտրողը, յուրաքանչյուր քաղաքացու ձայն լինելու է որոշիչ: Եվ կարող ենք արձանագրել, որ այս Ազգային ժողովը ձեւավորվել է քաղաքացու քվեով»,- ասաց նա:

Քարոզարշավի հիմնական բացթողումը մեր զրուցակիցը համարում է այն, որ քաղաքական ուժերը քիչ էին շեշտադրում իրենց ծրագրային դրույթներն ու գաղափարները, քարոզարշավի ժամանակ գրեթե չներկայացվեցին հստակ տնտեսական ծրագրեր, ուժերը շատ քիչ էին կենտրոնանում այն խնդրի վրա, թե ինչպե՞ս են իրենք պատկերացնում տնտեսական Հայաստանի զարգացումը: «Մինչդեռ տնտեսական բաղադրիչը չափազանց կարեւոր է, որովհետեւ թավշյա հեղափոխության շարժիչ ուժերից մեկը այն էր, որ մարդիկ փողոց դուրս եկան նաեւ հիմքային սոցիալ-տնտեսական փոփոխությունների պահանջով, որոնք կբերեն յուրաքանչյուրիս կյանքի որակի փոփոխության: Բայց տնտեսական բաղադրիչը մի փոքր կաղում էր, այն ամբողջությամբ փոխարինվեց նախկին իշխանությունների հասցեին ուղղված քննադատությամբ: Իհարկե, քննադատությունը տեղին է ու օբյեկտիվ, բայց մենք պետք է անցյալը թողնենք անցյալին ու կենտրոնանանք ապագայի վրա, առավել եւս, որ ընտրությունները որոշում էին ապագա հինգ տարիների ճակատագիրը»,- ասում է Արման Ղուկասյանը: Այս համատեքստում իր ղեկավարած ՀՍԱԿ-ը այժմ սեփական տնտեսական տեսլականների մշակման փուլում է: Իրենք պատրաստ են համագործակցել ԱԺ անցած եւ արտախորհրդարանական այլ ուժերի հետ: Արման Ղուկասյանը եւս մեկ արձանագրում է անում` Հայաստանի արտաքին քաղաքականությունում կտրուկ ռեւերսների օգտին հանդես եկող ուժերը տեղ չգտան խորհրդարանում: Այժմ խորհրդարանում են ՀՀ արտաքին հավասարակշռված քաղաքական կուրսի օգտին հանդես եկող ուժերը: Նրա դիտարկմամբ՝ անգամ արեւմտամետ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն է այսօր այդ դիրքերից հանդես գալիս եւ քարոզարշավի ժամանակ հրաժարվել էր Հայաստանի արտաքին քաղաքական ուղղության փոփոխության մասին կտրուկ հայտարարություններից:

«Այսօր գնդակը Նիկոլ Փաշինյանի կառավարության դաշտում է, եւ մոտ ապագայում մենք պետք է տեսնենք իրական փոփոխությունները, քանի որ դրա պատասխանատուն հենց իրենք են: Սոցիալ-տնտեսական բազային փոփոխություններն այսօր գլխավոր հարցն է»,- կարծում է Արման Ղուկասյանը:

«Հանուն սոցիալական արդարության» կուսակցության անդամ, քաղաքագետ Գրիգոր Բալասանյանը համամիտ է կուսակցապետի գնահատականների հետ: Միայն հավելում է` ցավոք, ականատես չեղանք գաղափարական ծրագրերի բախման, եւ ընտրողը ոչ թե ընտրություն կատարեց ծրագրերի միջեւ, այլ ընտրություն կատարեց անձանց եւ կուսակցությունների միջեւ, ինչը թույլ է տալիս ասել, որ սա ավելի շատ անձնավորված ընտրություն էր, քան երբեւէ եղել էր Հայաստանի պատմության մեջ:

«Ի վերջո, իշխող կուսակցությունը, որը ձեւավորելու է կառավարություն, փաստացի, տնտեսական տեսլական այդպես էլ չներկայացրեց երկրի զարգացման ապագայի հետ կապված: Սա նշանակում է, որ ընտրությունների արդյունքներով մենք այսօր չենք կարող փաստել, թե ինչպիսի՞ ապագա ենք ունենալու, եւ ի՞նչ ծրագրեր է իրականացնելու Նիկոլ Փաշինյանի կառավարությունը»,- ասաց նա` հավելելով, որ «Իմ քայլը» դաշինքը կենտրոնացած էր կոնկրետ մեկ քաղաքական ուժի օգտին չքվեարկելու հրամայականի վրա, ինչը մտահոգիչ է եւ պատիվ չի բերում ցանկացած իշխող կուսակցության: Քաղաքագետին դուր չի եկել նաեւ Նիկոլ Փաշինյանի` «ասֆալտին փռելու», «պատերին ծեփելու» հռետորաբանությամբ քարոզարշավը: Կարծում է, որ երկրի առաջին դեմքին հարիր պահվածք չէ:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

21.12.2018    

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31