Լրահոս
Դասն ավարտվել է
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

«Մեր դեմ խաղ չկա» տրամաբանությունը՝ գործողության մեջ

Դեկտեմբեր 22,2018 15:30

Հայկ Մարությանը Երեւանի քաղաքապետարանը վերափոխում է կադրերի վերապատրաստման կենտրոնի, իսկ «հուսահատության գազելներից» եւ «մահվան վերելակներից», փաստորեն, ելք չկա՞

Երեւանի 2019 թվականի բյուջեի նախագծի հրապարակումից հետո աղմուկ է բարձրացել։ «Իմ քայլը» դաշինքի՝ հեղափոխականների մեծամասնությամբ ավագանին առաջարկում է 2019 թվականին ավելացնել վարչական ծախսերն ու նվազեցնել կանաչապատման, վերելակների սպասարկման եւ այլ ծախսեր։ Նախագծով առաջարկվում է ավելի քան մեկ միլիարդ դրամ ծախսել քաղաքապետարանի աշխատակիցներին օտար լեզու սովորեցնելու վրա։

«Իմ քայլը» դաշինքի անդամ, ավագանու ֆինանսական հանձնաժողովի փոխնախագահ Լեւոն Հովհաննիսյանը հանրային քննարկումներից մեկի ժամանակ այսպես է հիմնավորել քաղաքապետարանի աշխատակիցների վրա ծախսվելիք գումարները ավելացնելու իրենց առաջարկը. քաղաքապետի ու քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը ցածր են, նման աշխատավարձով որակյալ մասնագետը չի աշխատի, ու քաղաքապետարանի աշխատակիցների որակները բարձրացնելու կարիք կա՝ օտար լեզու չգիտեն եւ այլն։

Ոչ ոք հեղափոխականներին չի պարտադրել դառնալ Երեւանի ավագանու անդամ, քաղաքապետ, քաղաքապետարանի այլ պաշտոնյա։ Իրենք են կամավոր մասնակցել ընտրությանը։ Թող նախ պարզեին՝ ո՞ւր են գնում, որքա՞ն աշխատավարձ են ստանալու։ Կամ եթե չեն հասցրել դա անել, ընտրվելուց հետո են տեղեկացել եւ դժգոհ են, թող կամավոր հրաժարական տան, հեռանան։

«Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի համաձայն՝ ավագանին Երեւանում տեղական ինքնակառավարման բարձրագույն մարմին է, որը վերահսկողություն է իրականացնում քաղաքապետի գործունեության նկատմամբ, գործում է միայն ի շահ Երեւանի եւ նրա անունից: Երեւանը մոռացած՝ բացառապես սեփական թիմի բարեկեցության մասին հոգ տանելը պաշտոնեական դիրքի չարաշահում է, կոռուպցիա ու էլի լիքը քրեորեն պատժելի արարքներ։

«Մեր դեմ խաղ չկա» հրապարակային հայտարարությամբ եւ տրամաբանությամբ քաղաքապետ դարձած հեղափոխական Հայկ Մարությանն ասում էր, որ Երեւանում շատ հարցեր լուծելու է տեղական հանրաքվեների միջոցով։ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքով քաղաքապետը Երեւանի բնակիչների իրավունքները եւ ազատություններն ապահովելու համար է։ Հայկ Մարությանը, սակայն, վախենում եւ խուսափում է որոշում կայացնել եւ ամենը թողնում է երեւանցուն։ Սա դեռ ողջ ողբերգությունը չէ։ Հայկ Մարությանը դրժում է իր իսկ խոստումը։ Կիսահղի չեն լինում։ Հայկ Մարությանը գիտի՞, երեւանցին ապահով վերելակ, կանաչապատ քաղաք, նորմալ տրանսպո՞րտ է ուզում, թե՞ քաղաքի հաշվին օտար լեզու սովորելու ուղարկվող քաղաքային չինովնիկներ։ Երեւանցի եմ։ Ես առաջիններն եմ ուզում, եթե այս հարցով տեղական հանրաքվե լինի, կքվեարկեմ ապահով վերելակի, կանաչապատ քաղաքի, նորմալ տրանսպորտի օգտին։ Բայց նման հարցով հանրաքվե չի նախատեսվում։ Հայկ Մարությանը աշխատում է այնպես, ինչպես աշխատում էին նախորդները. խոսել երեւանցիների անունից, բայց աշխատել սեփական նեղ շահերի համար, «գրողի ծոցը» Երեւանն էլ, երեւանցիներն էլ, «Մեր դեմ խաղ չկա»։

Երեւանի քաղաքապետարանի շատ աշխատակիցներ սիրում էին Տարոն Մարգարյանին, որովհետեւ նրա օրոք 13-րդ աշխատավարձ էին ստանում, տարբեր տոների առիթներով՝ նվերներ, ծառայողական ավտոբուսով գնում գործի, վերադառնում տուն։ Հայկ Մարությանը այս ամենը չի վերացրել ու դեռ ավելի «քաղցր աչքով է մտիկ անում» քաղաքապետարանի աշխատակիցներին՝ նրանց օտար լեզուներ սովորելու եւ այլ որակները երեւանցիների հաշվին զարգացնելու հնարավորություն է տալիս։ Ու ստացվում է, որ որակներով չփայլող մեկը կարող է աշխատանքի անցնել Երեւանի քաղաքապետարանում, երեւանցիների հաշվին դառնալ որակյալ մասնագետ ու տեղափոխվել այլ աշխատանքի։ Քաղաքապետարանը պահանջ չի դնում. Երեւանի հաշվին վերապատրաստված մասնագետը պարտավոր է 5 կամ 7 տարի աշխատել քաղաքապետարանում, կամ եթե վերապատրաստման արդյունքը 75 տոկոսից ցածր լինի, պիտի փոխհատուցի իր վրա արած ծախսերն ու ազատվի աշխատանքից։ Նման պահանջը տրամաբանական կլիներ, նման պահանջ դնում են շատ երկրների շատ կառույցներ՝ թե՛ մասնավոր, թե՛ պետական, թե՛ համայնքային։ Երեւանի քաղաքապետարանում չեն դնում, ու հենց այս պատճառով, եթե անգամ քաղաքապետարանի աշխատակիցների որակները բարձրանան, Երեւանը կմնա խնդիրների տակ կքած. Հայկ Մարությանի ղեկավարած քաղաքապետարանը կդառնա կադրերի վերապատրաստման կենտրոն, իսկ Հայկ Մարությանին եւ նրա կադրերին աշխատավարձ տվող երեւանցին չի ունենա ապահով վերելակ, կանաչապատ քաղաք, նորմալ տրանսպորտ։ Մինչդեռ որ «հուսահատության գազելներից» եւ «մահվան վերելակներից» ելք կա՝ հավաստիացնում էր հենց Հայկ Մարությանի քաղաքական կնքահայրը:

Ն. ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

21.12.2018    

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31