Լրահոս
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

Գազի գնի բարձրացումը կարող է լինել քաղաքական ճնշում

Դեկտեմբեր 22,2018 15:00

Եթե գազի գինը բարձրանա, արտահանվող ապրանքները մրցակցությանը չեն դիմանա

Գազի գնի շուրջ ռուսական եւ հայկական կողմերի բանակցությունները դեռ ընթանում են, եւ այս պահի դրությամբ որեւէ պաշտոնական նորություն չկա՝ Ռուսաստանը կբարձրացնի՞, թե՞ կիջեցնի գազի սակագինը Հայաստանի համար: Չնայած սրան, երկու օր է՝ լրատվամիջոցներով տեղեկություններ են շրջանառվում, թե Ռուսաստանը ոչ միայն գազի գինը չի նվազեցնելու, այլեւ մի բան էլ թանկացնելու է՝ 150 դոլարից դարձնելով 215 դոլար: Հիշեցնենք, որ գազի գնի վերաբերյալ խոսակցությունները տեղի ունեցան Ռուսաստանի նախագահի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման ժամանակ: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը զարմանք էր հայտնել, որ գազը Հայաստանին մատակարարվում է այդ գնով: Երկու ղեկավարների հանդիպման ժամանակ էլ հենց պայմանավորվածություն էր ձեռք բերվել հարցը քննարկել:

Երեկ, շրջանառվող լուրերին ի պատասխան, ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի մամուլի խոսնակ Վահան Հունանյանը հերքում հրապարակեց: Ըստ նրա՝ մամուլում տարածված լուրերը, թե Հայաստանի կառավարությունը ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Կոզակից նամակ է ստացել, որի համաձայն՝ հունվարի 1-ից Հայաստանին մատակարարվող գազի սակագինը 150 դոլարից դառնալու է 215 դոլար, իրականությանը չի համապատասխանում:

Վահան Հունանյանի խոսքով՝ այս պահին գազի գնի առնչությամբ որոշում չկա, եւ չկա որեւէ ամրագրված սակագին. «ՀՀ կառավարությունը ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Կոզակի կողմից նամակ չի ստացել, նման նամակ գոյություն չունի: ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Կոզակը եւ ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանն ունեցել են հեռախոսազրույց, որի ժամանակ քննարկվել են բանակցությունների ընթացքի ձեւաչափը եւ հետագա փուլերը: Այս հարցի վերաբերյալ մեր ռուս գործընկերների հետ ընթանում են բանակցություններ փոխվստահության եւ փոխըմբռնման միջավայրում, որտեղ վերջնագրեր չեն եղել եւ չեն կարող լինել»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Վահան Հունանյանը:

Եթե գազի գինը թանկանա այն չափով, ինչի մասին խոսվում է, ապա մեր տնտեսության համար աղետալի հետեւանքներ կունենա՝ «Առավոտի» հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց «Գործատուների հանրապետական միության» նախագահ Գագիկ Մակարյանը՝ չբացառելով, որ այս ամենի հիմքում Ռուսաստանի ոչ այնքան տնտեսական, որքան քաղաքական շահն է: Սակայն եթե հարցը տնտեսության հարթությունում է, ապա Գագիկ Մակարյանը կարծում է, որ նախեւառաջ պետք է դիտարկել ԵԱՏՄ-ի պայմանագիրը, որով նախատեսվում է, որ վառելիքի եւ որոշ ապրանքների ակցիզային հարկերը պետք է բարձրանան եւ մոտենան ԵԱՏՄ-ի միջին գնին. «Ամենաճիշտ փաստարկը կլինի այդ պայմանագրով նայել՝ քանի տոկոս պիտի թանկանա ակցիզային հարկը, եւ այդ թանկացումը կարո՞ղ է բերել այդչափ գումարի՝ 65 դոլարի թանկացման, կարծում եմ, որ ոչ, ակցիզային հարկով չի կարող դա պայմանավորված լինել: Բայց չի բացառվում, որ նաեւ ակցիզային հարկի պահը լինի, եթե մենք դա ստորագրել ենք՝ դառնալով ԵԱՏՄ-ի անդամ, համաձայնել ենք, ուրեմն դա պետք է տեղի ունենար: Արդարացնող փաստարկը կարող է դա լինել»:

Գագիկ Մակարյանն առաջարկում է ուսումնասիրել ԵԱՏՄ-ում Ռուսաստանի հետ մինչեւ 2049 թվականը Հայաստանի ստորագրած համաձայնագիրը. «Այդ պայմանագրում պետք է նայել, թե ինչ է գրված, ու մեր պետական մարմիններն արդյոք չե՞ն պաշտպանվում այդ պայմանագրով: Այսինքն՝ այդ պայմանագրով նախատեսված եղե՞լ են թանկացումներ, թե՞ ոչ: Եթե ոչ, հայկական կողմը կարող է այդ պայմանագրի լեզվով պայքարել»:

Ինչ վերաբերում է քաղաքական պատճառներով Ռուսաստանի կողմից նման քայլի գնալուն, ապա Գագիկ Մակարյանը սա համարում է քաղաքական ճնշում. «Եթե այսօր գնում են լուրջ ճնշումներ Ադրբեջանի, տարածքների հետ կապված, որի մասին արդեն ակնհայտորեն խոսում են Բելառուսի նախագահը, Ռուսաստանը, ապա շատ հնարավոր է, որ սա կարող է լինել քաղաքական ճնշում, վախեցնել, որպեսզի մենք ենթարկվենք որոշակի հարաբերությունների, որոշակի համաձայնագրերի: Այսինքն՝ Ռուսաստանի տրյուկն է, որ ինքն իր քաղաքական շահը պետք է լուծի, ինքը տնտեսական հարված է մեզ հասցնում: Առաջարկում է մի գին, որը կատաստրոֆիկ կարող է լինել մեր տնտեսության, բնակչության համար, վատ ազդեցություն ունենալ, ինչից դրդված էլ մենք գնանք խեղճացած բանակցենք: Ինքն էլ բանակցելուց իր ուզածը դեմ անի»:

Եթե Ռուսաստանն իսկապես որոշի գազի գինը բարձրացնել, ապա, Գագիկ Մակարյանի համոզմամբ, դա շատ մեծ վնասներ կպատճառի Հայաստանի տնտեսությանը՝ հաշվի առնելով աղքատության ցուցանիշը, տնտեսության ներկայիս իներցիոն վիճակը: Ըստ նրա՝ 65 տոկոս թանկացումը, որի մասին, խոսվում է, էականորեն կթանկացնի նաեւ այն ապրանքների ինքնարժեքը, որոնց արտադրությունը էներգակիրներով է. «Եթե նայենք Հայաստանի տնտեսական այն ճյուղերը, որոնք այսօր զարգանում են, ունեն նաեւ արտահանման պոտենցիալ: Պահածոների, մետաղամշակման եւ այլ արտադրություններ էներգատար պրոցեսներ են, եւ շատ թանկանալու պարագայում այդ ապրանքների ինքնարժեքը կբարձրանա, եւ նրանք կհայտնվեն ցածր մրցակցության վիճակում: Մենք ի վիճակի չենք լինի այդ պայմաններով արտահանել: Այսինքն՝ այդ բիզնեսը կկորցնի իր եկամտաբերությունը»:

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

21.12.2018    

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31