Լրահոս
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

Գրավի կիրառումը հիշեցնում է Անգլիայի ֆուտբոլային ակումբների տրանսֆերային պատուհանների գները

Դեկտեմբեր 22,2018 14:30

Ներկայացված տեսանյութում որեւէ մեկը ոչ քարեր է նետել, ոչ էլ հավաքել

Նախաքննական մարմինը պաշտպանական կողմին ներկայացրել էր Parkink.siti-ի կողմից դեպքի վայրի տեսաձայնագրությունը, որտեղ երեւում է, որ ենթադրյալ տուժողը մեքենայով կանգնում է որոշակի հատվածում, որոշ ժամանակ անց դուրս է գալիս մեքենայի մեջից եւ հարձակվում է անձի եւ մյուսների վրա` բռնություն գործադրելով: Ըստ նախնական վարկածի, կալանավորվածը քար է նետում տուժողի ավտոմեքենայի վրա, ինչը ներկայացված տեսանյութում չի եղել:

Անձին, որը սեռական փոքրամասնություն է, մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով` խուլիգանության համար, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ: Անցյալ տարվա փետրվարի 4-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը որոշում էր կայացրել անձի նկատմամբ խափանման միջոց կալանավորումը կիրառելու մասին: Ենթադրյալ խուլիգանն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել, եւ հրաժարվել է ցուցմունք տալուց: Նա նախկինում չի դատապարտվել, բնութագրվում է դրական, ուներ մշտական բնակության վայր, ուներ մշտական աշխատանք եւ կարող է ազատության մեջ գտնվելու ընթացքում աշխատել: Նա շուրջ մեկ տարի վեց ամիս գտնվում էր ապօրինի կալանքի տակ:

Պաշտպանական կողմի վկայակոչմամբ, «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Ձերբակալված կամ կալանավորված յուրաքանչյուր ոք անհապաղ տարվում է դատավորի կամ այլ պաշտոնատար անձի մոտ, որն օրենքով լիազորված է իրականացնելու դատական իշխանություն, եւ ունի ողջամիտ ժամկետում դատաքննության իրավունք կամ մինչեւ դատաքննությունն ազատ արձակվելու իրավունք: Ազատ արձակումը կարող է պայմանավորվել դատաքննության ներկայանալու երաշխիքներով»:

Իսկ «Վեմհոֆն ընդդեմ Գերմանիայի գործով» Եվրոպական դատարանն էլ արձանագրել է. «Եթե վտանգի փախուստը միակ փաստարկն է որեւիցե մեկի նկատմամբ գրավը մերժելու համար, ապա մինչդատական փուլում մեղադրյալի ազատ արձակումը պետք է թույլատրվի այն դեպքում, երբ հնարավոր է նրանից ստանալ երաշխիքներ, որոնք կապահովեն նրա ներկայանալը դատարան»:

Իրավապաշտպան Արա Ղարագյոզյանը «Առավոտի» հետ զրույցում ասում է, որ նույն այդ վճռով Եվրոպական դատարանը նույնիսկ բավարար երաշխիք է համարել անձնագիրը վարույթն իրականացնող մարմնի մոտ լինելու հանգամանքը:

ՀՀ օրենսդրությամբ այդպիսի երաշխիք է համարվում գրավը:

Վերջին ամիսների դատական գործընթացները հիշեցնում են Անգլիայի ֆուտբոլի առաջնության տրանսֆերային դեդլայնը` պատուհանների քաղաքականությունը: Անհավանական գումարներ են շրջանառվում գրավի միջնորդությունը բավարարելու կամ կիրառելու ժամանակ: Կարծես ռեկորդը 50 միլիոն դրամն է, եւ սա հայկական դատական իրականության մեջ:

Այս 50 միլիոն դրամ գրավն առաջին անգամ փորձարկվեց այս տարվա հուլիսին, ԲՀԿ առաջնորդի թիկնազորի պետի` ԱԺ պատգամավոր դարձած Էդուարդ Բաբայանի համար, վերաքննիչ դատարանում առաջարկվեց 50 միլիոն դրամի գրավ եւ դատարանը մերժեց:

Տարիներ առաջ մենք ցնցվել էինք, երբ դատարանում տասը միլիոն դրամ առաջարկվեց, որպես գրավի չափ. դա «Խաչիկյան եւ մյուսներ» գործով էր, դատարանն անգամ դա մերժեց:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 137-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված է. «Հետագայում դատարանը կարող է պաշտպանության կողմի միջնորդությամբ վերանայել գրավի անթույլատրելիության կամ գրավի գումարի մասին որոշումը»:

Ըստ Արա Ղարագյոզյանի, այսինքն, ՀՀ իրավասու դատարանները լիազորված են քննարկել դատաքննությունը մեղադրյալի ներկայանալը երաշխավորող այլընտրանքային միջոցների կիրառման հնարավորությունը՝ անկախ վերագրվող արարքի ծանրությունից:

Նախաքննության մարմինը, ապա դատարանն իր որոշման մեջ հաստատված է համարել, որ անձը հայտնի է, եւ քրեական գործով էլ տեղեկություններ չկային այն մասին, որ նա փախուստի փորձ է կատարել:

Պաշտպանական կողմի տեղեկացմամբ, չկա որեւէ ապացույց, որ անձը կատարել է խուլիագանություն, որ նա կատարել է խուլիգանական գործողություն:

Նկատենք, որ դեպքից 17 օրվա ընթացքում, լինելով ազատության մեջ, նա քաղաքից չի հեռացել, չի փորձել հանդիպել առերեւույթ տուժողի հետ կամ ազդել նրա վրա:

Ըստ պաշտպանի, եթե իր պաշտպանյալը ցանկանար փախուստի դիմել կամ անօրինական ազդեցություն ունենալ քրեական գործով անցնող մասնակիցների վրա, ուներ բավարար ժամանակ այդ գործողությունները կատարելու, որը չի կատարել եւ չի էլ կատարելու: Մի կարեւոր հանգամանք էլ. վարույթն իրականացնող մարմինը պաշտպանական կողմին տեղեկացրել է, որ վկան եւ տուժողները Հայաստանից մեկնել են: Այս դեպքում դրսում գտնվելով՝ անձը ինչպես կարող էր ազդել տուժողների վրա:

Ա. Ղարագյոզյանն ասում է, որ եթե անձին կալանավորում են, փախուստի դիմելու պատճառաբանությամբ, ՄԻԵԴ-ն արձանագրել է` խոչընդոտելու փաստով պետք է դատարանը ոչ թե ենթադրություն կատարի, այլ որոշակի ապացույց ներկայացնի, որ անձը կդիմի փախուստի եւ կխոչընդոտի քննությանը:

Իրավապաշտպանի գնահատմամբ, կալանքի տակ գտնվելը հավասարազոր էր ազատազրկման ձեւով պատժի տեսակին:

Դատարանն օրեր առաջ բավարարել է պաշտպանի կողմից ներկայացրած միջնորդությունը՝ կիրառելով գրավ։ Գրավի համար հինգ միլիոն դրամ է որոշվել:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

21.12.2018    

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31