Լրահոս
Օրվա լրահոսը

«Սոնա Հովհաննիսյանն իմ կնքամայրն է»

Դեկտեմբեր 22,2018 14:00

Հավաստիացնում է բարիտոն Կիմ Սարգսյանը

Համաշխարհային մշակույթում բազմաթիվ օրինակներ կան, երբ կատարողական արվեստի մի ոլորտի երաժիշտները մի ժանրից անցնում են մյուսին կամ համատեղում դրանք, շատ անգամ ավելի հայտնի դառնալով նոր կարգավիճակում: Մեր երաժշտարվեստում էլ կան նման դեպքեր, օրինակ՝ ասում են, թե օպերային դիվա Հասմիկ Պապյանը եթե շարունակեր կարիերան իբրեւ ջութակահար, միեւնույն է, ձեռք կբերեր այն համբավը, ինչն ունի այսօր որպես երգչուհի: Կամ՝ ժամանակին Սվյատոսլավ Ռիխտերն արտահայտվել է, թե իրենց՝ դաշնակահարների բախտը բերել է, որ Առնո Բաբաջանյանը դաշնամուրային արվեստից անցել է կոմպոզիտորականին եւ այլն:

Վերջին շրջանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեկը մյուսին հաջորդող պրեմիերաներին գլխավոր դերերգերով հանդիպում ենք բարիտոն Կիմ Սարգսյանին: Մինչդեռ երաժիշտը հանդիսանում է նաեւ «Հովեր» պետական կամերային երգչախմբի եւ Ազգային օպերային թատրոնի նվագախմբի արտիստ:

«Առավոտի» հետ զրույցում Կիմ Սարգսյանը փաստեց, որ օպերային թատրոնի նվագախմբում որպես ջութակահար աշխատում է արդեն 15 տարի, նաեւ հանդիսացել է Արցախի պետական կամերային նվագախմբի երաժիշտ:

Հետաքրքրվեցինք՝ ինչպես «ներխուժեց» վոկալ արվեստ: Մեր զրուցակիցը նախ հայտնեց, որ ժամանակին հանդես է եկել նաեւ դաշնակահար, հանդիսատեսին ներկայացնելով Բեթհովենի 3-րդ, Խաչատրյանի, Հարությունյանի դաշնամուրային կոնցերտները: Հետո էլ մանրամասնեց. «Հովերի» առաջին ելույթներից (1990-ականների սկիզբ) ոչ միայն ինձ, այլ երաժշտարվեստի մարդկանց ու հանդիսատեսին հասկանալի էր, որ ասպարեզ է եկել բարձրարվեստ երգչախումբ: Մոտս երազանքի նման մի բան առաջացավ՝ դառնալ այդ կոլեկտիվի արտիստ: Անկեղծ ասած՝ այս միտքը տարիներ շարունակ թաքուն էի պահում, վախենում էի նույնիսկ բարձրաձայնել, բայց զգում էի, որ մի օր այն կիրականանա: Այդ օրը եկավ 2008-ին. խնդրեցի երգչախմբի ղեկավար Սոնա Հովհաննիսյանին լսել ինձ: Կարելի է պատկերացնել հուզմունքս, երբ նրա դրական կարծիքին հաջորդեց հրավերը երգչախումբ: Միանգամից վստահվեց հանդես գալ Պենդերեցկու Ecloga VIII ստեղծագործության հայաստանյան պրեմիերայով, որը գրված է 6 երգիչների համար: Իսկ հետոն արդեն, կարծում եմ՝ պարզ է. երգչախմբի կազմում հանդես եկա ԱՄՆ-ի, Չինաստանի, Ռուսաստանի քաղաքներում եւ ողջ Եվրոպայում»:

Պապագենոյի կերպարում:

Ռեպլիկին՝ փաստորեն Սոնա Հովհաննիսյանը ձեր կնքամայրն է, բարիտոնը հակիրճ պատասխանեց՝ այո: Դիտարկմանը՝ օպերային ներկայացումներում իբրեւ մեներգիչ հանդես գալու համար պարտադիր են վոկալի դասերը, այն էլ տարիներով, մեր զրուցակիցը պատասխանեց. «Վոկալ արվեստում խորանալու համար երկրորդ անգամ 2010թ. ընդունվեցի կոնսերվատորիա, ճանաչված երգչուհի Աննա Մայիլյանի դասարան: (Իբրեւ ջութակահար ուսանել է Բագրատ Վարդանյանի դասարանում- Ս. Դ.): Կարճ ժամանակ անց՝ 2012-ին Աննա Մայիլյանի ուղեկցությամբ մասնակցել եմ Ռումինիայում կայացած միջազգային մրցույթին, հաջորդ տարի՝ հեղինակավոր Բելվեդերի մրցույթին, որին հաջորդեց մասնակցությունս 2014թ. Գոհար Գասպարյանի մրցույթին: Իսկ արդեն 2016-ին օպերային թատրոնում կատարեցի Լուսարարապետի դերերգը Պուչինիի «Տոսկա» օպերայում (բեմադրող դիրիժոր՝ Ջանլուկա Մարչանո, ռեժիսոր՝ Նաիրե Ստեփանյան): Հետո մասնակցեցի Զավեն Վարդանյանի ղեկավարությամբ ու ռեժիսուրայով Ռոսինիի «Մոխրոտը» օպերայի բեմականացմանը»:

Ընթացիկ տարում «Առավոտը» անդրադարձել է Մասնեի «Մանոն» (դիրիժոր՝ Ք. Օկասեկ, ռեժիսոր՝ Ա. Ժագարս) եւ Մոցարտի «Կախարդական սրինգ» (դիրիժոր՝ Հ. Արզումանյան, ռեժիսոր՝ Պաոլո Միչիկե) երեւանյան պրեմիերաներին եւ Դուբայում ու Քուվեյթում կայացած հյուրախաղերին, որին գլխավոր դերերգերով հանդես է եկել Կիմ Սարգսյանը, առաջինում՝ Լեսկոյի, երկրորդում՝ Պապագենոյի դերերգերով: Բարիտոնին հանդիպել ենք նաեւ Տ. Չուխաջյանի «Կարինե» օպերայում (դիրիժոր՝ Հ. Արզումանյան, ռեժիսոր՝ Ժիրայր Փափազյան) Հոր-հոր աղայի դերերգով: Մեր զրուցակցին փոխանցեցինք մասնագետների ու հանդիսատեսի կարծիքը, որ ինքը անփոխարինելի Պապագենո է: «Լիովին համամիտ եմ, քանի որ ես էլ, ինչպես Պապագենոն, ահավոր սիրում եմ կյանքը, մարդկանց, անընդհատ շարժման ու փնտրտուքի մեջ եմ…»,- ասաց բարիտոնը:

Առաջիկա ծրագրերի մասին էլ հայտնեց. «Դեկտեմբերի 29-ին Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ճեմասրահում կկայանա «Հովերի» տոնական համերգը «…Եվ մի տարեվերջի անլուրջ համերգ» խորագրով:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

21.12.2018    

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31