Լրահոս
Դասն ավարտվել է
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

Մեզ պետք չեն «կոճակ սեղմող» պատգամավորներ

Դեկտեմբեր 22,2018 13:30

Ավարտվեցին ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունները, բայց մեր սպասումներն օրենսդրից ձեւավորվում` եւ դեռեւս չեն ավարտվել: Չեմ ուզում տեսնել նորից մի Ազգային ժողով, ուր մեծաթիվ էր հրահանգավորված «կոճակ սեղմողների» հանրությունը, ուր օրենսդրական նախաձեռնությունների 70%-ից ավելին դրսից էր, եւ ոչ թե պառլամենտական խմբակցություններից, ուր որոշումներ կայացնելիս պատգամավորներն իրենց դեմքերը հառում են «վերեւ»` միահեծան իշխանությանը, այլ ոչ թե «ներքեւ»` ժողովրդին, մոռանալով, թե ում քվեով էին հասել պառլամենտական աթոռներին: Այս ամենին ականատես եղանք տասնամյակներ, եւ այդպես էլ չկարողացանք ըմբռնել օրենսդրի լրջագույն դերակատարումը մեր կյանքում: Տարիների փորձը ցույց տվեց, թե ով էր հանրության համար առավել ընդունելի պատգամավորը. մարդ, որն իր հմուտ ճարտասանությամբ դերասանություն էր անում տեսախցիկների առաջ, կամ «ընդդիմություն խաղում», եւ կամ էլ, պարզապես իր ելույթներով ու ռեպլիկներով «զվարճացնում» հանրությանը: Հիմա նման պատգամավորների ժամանակն արդեն անցել է, քանի որ ժողովուրդն է քաղաքականապես ակտիվացել եւ չի հանդուրժելու խորհրդարանում «գրպանային ընդդիմություն» կամ «կեղծ իշխանամետություն»: Հիմա արդեն բոլորս առավել սպասումներ ունենք խորհրդարանից, քան առաջ էր:

Հենց պառլամենտական հանրապետության պահանջն է ստիպում մեր նորընտիր պատգամավորներին դեմքով շրջվելու դեպի ժողովուրդը, իսկ թավշյա հեղափոխությունը էլ ավելի է ընդգծում այդ պահանջը: Բացի այդ, ժողովրդի կողմից ընտրյալները պետք է քաջ գիտակցեն, որ գործունեություն են ծավալելու հարկատուների հաշվին եւ չեն ձգտելու պատգամավորական աթոռների` հանուն անձեռնմխելիության, անձնական բիզնես շահերի, Ազգային ժողովից ակնկալվող բարձր աշխատավարձի կամ ստրասբուրգյան թանկարժեք, բայց անարդյունավետ գործուղումների: ՀՀ Ազգային ժողովը, իր ուռճացված ապարատով, արդեն իսկ ֆինանսական ծանր բեռ է մեր հասարակության համար, ուստի եւ պետք է իր արդյունավետ աշխատանքով ապացուցի, թե որքանով են արդարանում հարկատուների սպասումները, մանավանդ, երբ մեր կառավարությունը սկսել է հաշվել հանրային ֆինանսների ամեն մի լուման:

Խորհրդարանական «փափուկ աթոռը» չպետք է հինգ տարվա երաշխիքով տրվի պատգամավորին: Շատ կուզենայի նորընտիր ՀՀ Ազգային ժողովում տեսնել կանոնակարգված մի իրավիճակ, երբ չափելի կդառնան եւ կգնահատվեն յուրաքանչյուր պատգամավորի կամ խմբակցության աշխատաքնի արդյունքները, որոնք, ինչու չէ, կարող են նաեւ հիմք հանդիսանալ գործող պատգամավորի հետկանչի: Այս դեպքում, նստաշրջանի ընթացքում հաստատ չենք ունենա կիսադատարկ դահլիճներ եւ պատգամավորներ, որոնք իրենց «անգործության» ադյունքում մանդատներ վայր դնելու ռիսկեր կունենան:

Չէ՞ որ մեր նպատակն է անկախ եւ ժողովրդամետ օրենսդիր ունենալը, երբ այնտեղ իշխելու է մտքի ստեղծարարությունը, հայրենիքին նիրվածությունը, երբ այնտեղ աշխատելու են ոչ թե ձեւականորեն, այլ իրոք երկրի հոգսերով մտահոգ պատգամավորներ, որոնք իրենց օրենսդիր գործունեությամբ պիտի նպաստեն Հայաստանի Հանրապետության առաջընթացին եւ տեղավորվեն թավշյա հեղափոխության տրամաբանության մեջ: Թող բոլորը պարզապես հասկանան, որ արդեն անցել են միայն «կոճակ սեղմող» պատգամավորների ժամանակները:

ԱՐՄԵՆ ՃՈՒՂՈՒՐՅԱՆ

տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր

«Առավոտ» օրաթերթ

21.12.2018    

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31